«Ղազախստանի եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված էին բարեկամության և փոխըմբռնման ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ հայ-ղազախական բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»,- այս մասին այսօր «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում» կլոր սեղանի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը։
Ըստ ղազախ դիվանագետի, Ղազախստան-Հայաստան հարաբերությունները հսկայական ներուժ ունեն հետագա զարգացման համար, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն տարածքում: Դեսպանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն իր գոյության կարճ ժամանակահատվածում գրանցել է միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի զգալի աճ։ Մասնավորապես, Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ այդ ցուցանիշն աճել է ավելի քան 30%-ով, իսկ Ղազախստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ում հասել է 28 տոկոսի։
Դեսպանը վստահեցնում է, որ կառուցողական երկխոսության պահպանման հաստատակամությունն ամուր հիմք է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկարաժամկետ համագործակցության համար՝ նոր մարտահրավերների պայմաններում: «Ներկայիս իրավիճակն իր ինտենսիվությամբ, պատժամիջոցների կոշտ առճակատմամբ եւ անկանխատեսելի հետևանքներով ամբողջ աշխարհի համար աննախադեպ է»,- կարծում է ղազախ դիվանագետը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ