Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եթե Նիկոլի ոտքը ջարդվեր

Ապրիլ 06,2022 22:00

Հրաշալի Թոյնբին, ով մեծ ազդեցություն է ունեցել Առաջին եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակաշրջանի քաղաքականության վրա, ինչպես նաեւ հանդիսանում է Երկրորդ Համաշխարհայինից հետո ստեղծված աշխարհի ճարտարապետներից մեկը, բացի քաղաքակրթությունների մասին ֆունդամենտալ հետազոտություններից, մի քանի էսսե ունի ալտերնատիվ պատմության մասին։ Դրան կոչվում են «Եթե Ալեքսանդրն այն ժամանակ չմահանար», «Եթե Փիլիպոսը եւ Արտաքսերքսեսը կենդանի մնային», որտեղ մեծ քաղաքագետը ներկայացնում է աշխարհի հնարավոր զարգացումները, եթե տեղի չունենային այն պատահականությունները, հիվանդությունները եւ դավադրությունները, որոնք կանխորոշեցին աշխարհի ներկա քարտեզը։

Եթե Ալեքսանդրը լսեր քաղդեացի մոգերին ու չմտներ Բաբելոն, եթե չհիվանդանար տիֆով ու կենդանի կմնար, ապա կկառուցեր Արեւելյան միասնական հզոր կայսրություն։ Եթե Պավսանիոնը վրիպեր ու Ֆիլիպ թագավորը կենդանի կմնար, նա կստեղծեր այն միասնական Եվրոպան, որ հետո ստեղծեց Հռոմը եւ շատ ավելի ուշ՝ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Եթե ներքինի Բագրասին չհաջողվեր թունավորել Աքեմենյան հզոր կայսր Արտաքսերքսեսին, ապա նա կիրականացներ Բաբելոնի երազանքը՝ կնվաճեր Եգիպտոսը, այնտեղից էլ՝ Եվրոպան։

Կարելի է նաեւ հանդիպել քննարկումների, թե ինչ կլիներ, եթե Ջորջ Վաշինգթոնը չհրաժարվեր իրեն առաջարկված ԱՄՆ արքայի տիտղոսից, կամ Կլաուս ֆոն Շտաֆենբերգի դավադրությունը հաջողվեր եւ Հիտլերը սպանվեր դեռ 1944թ.-ին։

Ասում են, թե պատմությունը չի ընդունում թեական մոտեցումներ։ Երեւի նման սկզբունքը ճիշտ չէ։ Իհարկե, պատմության անիվը չի կարելի ետ գլորել եւ այն նորից գրել, բայց մյուս կողմից թեական մոտեցումներն են, որ հնարավորություն են տալիս հասկանալ անցյալի սխալները եւ հետագայում դրանք չկրկնել։

Բնական գիտություններում՝ ֆիզիկայում, եւ մանավանդ, մետեորոլոգիայում աշխատում է մի սկզբունք, համաձայն որի դետերմինացված-քաոտիկ համակարգերը խիստ զգայուն են փոքր ազդեցությունների նկատմամբ եւ փոքր խոտորումը կարող է հսկայական փոփոխություններ առաջացնել, ինչ հետագայում ֆանտաստ գրողների եւ կինոբեմադրիչների ջանքերով ստացավ «Թիթեռնիկի էֆեկտ» անունը։ Ի դեպ, հենց այդ պատճառով է, որ 5 օրից ավելի երկար ժամանակահատվածների համար եղանակի կանխորոշումները վստահելի չեն համարվում։

Այնպես որ թեական մոտեցումները ոչ թե սուրճի բաժակ նայել է, այլ զուտ գիտական մոտեցում՝ ինչպես տեսական, այնպես էլ կիրառական նշանակությամբ։ Ի դեպ, տեսաբան ֆիզիկոսները ընդունում են, որ հրապարակված գիտական հոդվածների 90%-ը ֆանտաստիկայի ժանրից են, դրանցով երբեք էքսպերիմենտներ չեն դրվի եւ նրանք չեն դառնա նոր տեսությունների հիմք, սակայն ամենեւին չի նշանակում, թե նման հետազոտություններն անիմաստ են։

Իմ հարեւան Վարդուշ տոտան առաջարկում էր Հայաստանի ալտերնատիվ պատմության իր տարբերակը. «Վայ Նիկոլ, Գյումրիից գալուց ոտքդ ջարդվեր Դիլիջանում, չհասնեիր Երեւան»։

Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե Նիկոլը չհասներ իշխանության։ Մեծ հաշվով՝ ոչինչ էլ չէր փոխվի, միայն կարող էին իրավիճակային տարբերություններ լինել մի քանի քանի շաբաթվա կամ մի քանի հանձնված գյուղի հաշվարկով։ Նիկոլի փոխարեն իշխանության կգար ինչ-որ Կիկոլ, ով կկրկներ այն ամենը ինչ արեց Նիկոլը։

Վերջին տարիների Հայաստանի պատմությունը ալտերնատիվ չունի, քանի որ Նիկոլի ֆենոմենը պայմանավորված էր արտաքին եւ ներքին գործոնների ներդաշնակ համադրությամբ։

Արտաքին ամենապարզ հրամայականն այն էր, որ կայսրությունը վերականգնելու ընթացքում, “Drang Nach Westen” մեծ ճեղքման՝ ուկրաինական պատերազմից առաջ, հարավային թեւի ամրացման համար Ռուսաստանին անհրաժեշտ էր իր զորքերը մտցնել Ադրբեջան։ Դրա ամենապարզ ճանապարհը Արցախից հսկայական կտորները Բաքվին հանձնել էր «զորք հողի դիմաց բանաձեւով»։ Իսկ Արցախը հանձնելու համար անհրաժեշտ էր Հայաստանում իշխանության բերել ինչ-որ Նիկոլ-Կիկոլի, ով պատրաստ կլիներ փլուզել հայկական բանակը, քանդել բանակցային պրոցեսը, ոչնչացնել Հայաստանի փխրուն պետական ինստիտուտները եւ ամենակարեւորը՝ խորացնել ժողովրդի գլխում եղած քաոսը։

Մյուս կարեւոր գործոնը հենց ժողովրդի գլխում եղած այդ քաոսն է, երբ լգբտ իրավունքները եւ քյառթուությունը հանգիստ հարեւանում են իրար հետ մարդկանց սոցիալական պատկերացումներում։ Սրա պատճառը անցած տարիների խառնակ կրթական, մշակութային եւ կրոնական քաղաքականությունն է, ավելի ճիշտ այդ քաղաքականության բացակայությունը, որը զուգադրվում է մեդիայի հախուռն զարգացման հետ։ Իսկ սրա ապացույցը այն է, որ Նիկոլը մենակ չեն, նա շրջապատված բազմաթիվ մարդկանցով, որոնցից ամեն մեկը կարող է փոխարինել մյուսին ու անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Նիկոլին։ Սրա ապացույցն է նաեւ երկրով մեկ հայ ժողովրդի ամենամեծ թշնամու՝ ժեխի տարածումը։

Այնպես, որ ստիպված ենք հիասթափեցնել Վարդուշ տոտային՝ եթե Նիկոլի ոտքը ջարդվեր, անմիջապես ու շատ հեշտ մեկ այլ Կիկոլ կստեղծվեր։

Թոռնիկս, երբ նոր էր շախմատ խաղալ սովորում, ինձ հաճախ էր խնդրում. «Պապիկ, արի այս քայլը ետ տանք»։ Հայաստանի պարագայում խճճվում ես, չես կարողանում հաշվել, թե քանի քայլ պետք է ետ տայինք, որպեսզի կարողանայինք երկիրը կործանումից փրկել։

Միակ տարբերակը մնում է շուռ տալ շախմատի տախտակը եւ նոր պարտիա սկսել։

 

Աղասի Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930