«Լավ հասկանալով, որ ընտրությունների լեգիտիմացման գործը դրված է Արեւմուտքի վրա, ընտրություններից ամիսներ առաջ Նիկոլը հագավ արեւմտամետ շորեր, սովետական կեպին փոխեց արեւմտյան շլյապայով։ Կարծում եմ, շուտով Արեւմուտքն այլեւս Նիկոլին պետք չի լինի, եւ նա շուռ կգա դեպի Ռուսաստան»․ «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
-Տպավորություն է, որ այս ընտրություններում տապալվել են եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը. առաջինը չունի իր բաղձալի սահմանադրական մեծամասնությունը, երկրորդի հաղթելու ակնկալիքներն էլ կիսատ մնացին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։
– Նիկոլի դարաշրջանում այդքան թմբկահարված եւ չարչրկված «ինքնիշխանությունը» տվեց ուղիղ հակառակ արդյունքը՝ Հայաստանն այժմ այնքան է կախված արտաքին ուժերից, որ պարզապես դարձել է նրանց միջեւ հարաբերություններ պարզելու մանրադրամ։ Հայաստանյան ընտրություններն էլ ես կմեկնաբանեմ որպես արտաքին ուժերի հաղթանակ։ Մենք ստացել ենք ծայրահեղ ոչ լեգիտիմ իշխանություն, որն անընդհատ պետք է ապացուցի իր թե իրավականությունը, թե օրինականությունը։
Սա լայն դաշտ է բացում արտաքին ուժերի միջամտության համար, որպեսզի նրանք ինչպես աշխարհաքաղաքական որոշումների, այնպես էլ մանր ծառայությունների դիմաց հաստատեն կամ մերժեն Նիկոլի լեգիտիմությունը։ Ակնհայտ է, որ Նիկոլի համար ընտրություններում հաղթանակը էքզիստենցիալ խնդիր է, եւ նա դրա համար պատրաստ էր գնալ լայն կեղծիքների՝ սկսած բյուջետային ընտրակաշառքներից ու պետական միջոցներով հրապարակային քեֆ-ուրախություններից մինչեւ մարդկային ու թվաբանական օրենքների խախտումներ։
Կարդացեք նաև
Հիմա այս ամենը պետք է լեգիտիմացնել։ Դրա համար էլ, շատ լավ հասկանալով, որ ընտրությունների լեգիտիմացման գործը դրված է Արեւմուտքի վրա, ընտրություններից ամիսներ առաջ Նիկոլը հագավ արեւմտամետ շորեր, սովետական կեպին փոխեց արեւմտյան շլյապայով։ Ու դա շատ լավ աշխատեց․ Արեւմուտքը ոչ միայն աչք է փակում լայնածավալ ընտրակեղծիքների վրա, այլեւ սիմվոլիկ չափով ֆինանսավորում է դրանք։ Որ Նիկոլին խորթ են արեւմտյան արժեքները, դրա վերաբերյալ շատ ծավալվելու կարիք չկա, թեկուզ հենց այն, որ կեղծված ընտրություններով երկիր չեն ղեկավարում, կամ խոսքի համար մարդ չեն ձերբակալում, արդեն իսկ դրա պարզ ապացույցն են։ Բայց այս դեպքում, որքան էլ պարադոքսալ հնչի, Արեւմուտքը եւս չի ղեկավարվում արեւմտյան արժեքներով, այլ մարդու իրավունքները ստորադասում է պարզ աշխարհաքաղաքական հաշվարկներին։ Նրաց համար հայերի անվտանգությունից ու բարեկեցությունից շատ ավելի կարեւոր է Ռուսաստանին տարածաշրջանից հանելը եւ TRIPP-ով Իրանին մեկուսացնելը։
Կարծում եմ, շուտով Արեւմուտքն այլեւս Նիկոլին պետք չի լինի, եւ նա շուռ կգա դեպի Ռուսաստան։ Այն, որ հիմա Նիկոլին դեռ չեն թողնում մտնի Մոսկվա, ես մեկնաբանում եմ որպես նրա հետ նախապայմանների քննարկում։ Կասկած չկա, որ Նիկոլը կհամաձայնվի Մոսկվայի պահանջներին եւ Պուտինը նրան կշնորհավորի։
-Նախընտրական միավորումը ընդդիմադիրները ձախողեցին կամ չցանկացան` սեփական ամբիցիաների պատճառով, բայց հետընտրական միավորում էլ չի ստացվում կարծես։ Համենայնդեպս, Սամվել Կարապետյանի առաջարկը լայն արձագանք դեռ չի ստացել։ Նիկոլ Փաշինյանն էլ կարծես աղերսում է, որ հեղափոխություն անեն, ռեպրեսիաներն էլ ավելի լայն շրջանակ են ներառում։ Մեր իրավիճակում հայտնված երկրի համար սա նորմա՞լ վիճակ է։
-Կարծում եմ, ընդդիմադիրները եւս գտնվում են արտաքին ուժերի հզոր ազդեցության տակ, եւ նրանք ոչ թե ձախողեցին ինչ-որ ձեռնարկումներ, այլ սպասում են ազդանշանի։ Ամեն դեպքում, երբ ակնհայտ կեղծված ընտրություններին հաջորդում է ոչ թե փողոցային պայքարը, այլ ինչ-որ իրավական դիմումներ, դատական պրոցեսներ, միավորման մասին երկարատեւ քննարկումներ, ԿԸՀ, ՍԴ, եւ այլն, սա նշանակում է, որ գոնե այս փուլում փողոցային պայքար չի լինի։
Նիկոլն էլ, իր հերթին, դիմում է այն պարզունակ միջոցառումներին, ինչից, կարծում է, թե իր խելքը հասնում է՝ ձերբակալություններ, կուլակաթափություն, հայհոյանքներ։ Սակայն, պետք է նկատենք, որ այս դեպքում չկա նախկին էնտուզիազմը, եթե Արցախի ղեկավարությանը Բաքվում մեկուսացնելով հաջողվեց հասնել արցախցիների բողոքի կասեցմանը, ապա այժմ Հայաստանում փողոցային պայքարը գլխավորելու այնքան թեկնածուներ կան, որ մեր բանտերը չեն հերիքի բոլորին տեղավորելու, խնդիրն այն է, թե երբ Նիկոլը կկատարի Ռուսաստանի պահանջները, որից հետո կթույլատրվի նրա դեմ փողոցային պայքար։ Հիմա ստեղծվել է բավականին զգայուն վիճակ, երբ ընդդիմադիր առաջնորդները կուտակված գոլորշին բաց թողնելու համար փոքր փողոցային գործողություն ձեռնարկելուց հետո հնարավոր է եւ չկարողանան առաջվա նման տուն ուղարկել, եւ փողոցին կարող են տիրել նոր լիդերներ։
Ընդդիմադիրների գործն այժմ որեւէ իմիտացիոն փողոցի դեմն առնելն է, որի համար պետք է ապահովել այլ իմիտացիա՝ թե դեռ չեն համակերպվել ընտրությունների արդյունքների հետ։ Դրա համար էլ պետք են հարցազրույցներ, հայտարարություններ ու դատարաններ։
Զանգվածներին «թասիբի գցելու» նիկոլական թոթովախոսությունը ոչ թե իրավիճակին անադեկվատ գնահատական տալու արդյունք է, այլ այն վիժեցնելու մանկամիտ փորձ․ երբ սկսվի փողոցը, Նիկոլին չեն օգնելու ոչ ոստիկաններին տված միլիոնավոր պարգեւավճարները, ոչ էլ ֆեյքերի հայհոյանքները։
-Արտահերթ ընտրությունների նախադրյալներ տեսնո՞ւմ եք, թե՞ մինչեւ 2031 թվականը դատապարտված ենք ՔՊ- ի հետ անցկացնելու։
-Համոզված եմ, որ ոչ, ու դրա համար կան բազմաթիվ գործոններ։ Ամենահիմնական գործոնը մեր ռեգիոնում կտրուկ աճած աշխարհաքաղաքական դինամիկան է, երբ Նիկոլն իր շուստրիությամբ խճճվելու է այդ ամենի մեջ։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել երկու նոր կարեւոր գործոն։ Առաջինը Իրանի անվտանգային դերի կտրուկ աճն է պատերազմում տարած փայլուն դիվանագիտական հաղթանակից հետո։ Այս պատերազմում Իսրայելի պարտությունը, կամ առնվազն մեկուսացումը փոխում է նաեւ Ադրբեջանի նշանակությունը, եւ պատահական չէ, Հայաստանի ընտրություններում պարտությունից հետո Ալիեւը կտրուկ ավելացրել է թշնամական հռետորաբանությունը եւ Նիկոլին մղում է արագ քայլերի՝ քանի դեռ չի բացահայտվել Բաքվի մերկությունը։ Սրան գումարենք նաեւ Եվրոպայի պարզունակությունը, ով իր խնդիրների համար դավաճանեց իր արժեքներին։ Երբ գա այս ամենի հստակ գիտակցումը, չաղ ու երջանիկ Եվրոպայի միֆն այլեւս այդքան գրավիչ չի լինի հայերի համար։
Բազմաթիվ են նաեւ ներքին գործոնները։ Նախեւառաջ, ռուսական պատժամիջոցները արդեն բացահայտել են մեր տնտեսության ծայրահեղ խոցելիությունը։ Հոլանդիա ուղարկած մի փունջ հոլանդական վարդը, կամ Մարթա Կոսի կերած մի արկղ ծիրանը չեն փոխում իրավիճակը։ Արդեն իսկ սկսել են գյուղացիների սնանկացումները, ինչին պետք է գումարել հայտարարված թանկացումները, եւ թոշակը 10000 դրամով ավելացնելու էյֆորիան ի չիք կդառնա։
Կարեւոր գործոն է նաեւ այն, որ շատ արագ են նոր լիդերներ ի հայտ գալիս եւ վստահության քվե ստանում։ Սա ինչպես հնարավորություն է, այնպես էլ սպառնալիք, քանի որ քաղաքական փորձ չունեցող եւ քաղաքական ապրոբացիա չանցած առաջնորդները կարող են դիմել արկածախնդրությունների։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2026


















































