Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը լուսավորեց աղետի գոտու խնդիրներից անտեղյակ հանձնաժողովականներին

Ապրիլ 06,2022 23:30

Ինչպես տեղեկացրել ենք,այսօր Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել էին Գյումրի՝ արտագնա նիստ անցկացնելու։ Մինչ նիստի գումարումը նրանք հյուրընկալվեցին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ։

Մարզպետը, կարելի է ասել, լուսավորեց հանձնաժողովականներին․ նրանք թեև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են, սակայն զգալի էր, որ առանձնապես չէին խորացել Գյումրիի ու Շիրակի մարզի խնդիրների մեջ, հատկապես անտեղյակ էին անօթևանության խնդրից։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հանգամանալից ներկայացրեց աղետի գոտու խնդիրները։

Նա նշեց, որ թեև պետությունը իր պարտավորությունները կատարել և կատարում է, սակայն շատ քաղաքացիներ կան, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում։

«Ցավով պիտի արձանագրեմ, որ իրենցից շատերը չունեն երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ, որոշ դեպքերում ընտանիքների համալրում է եղել, որոշ դեպքերում սոցիալական պայմաններից ելնելով՝ մեր քաղաքացիները իրենց բնակարանները վաճառել են, կրկին վերադարձել են տնակային բնակավայրեր։

Ցավոք սրտի, պիտի ասեմ, որ Գյումրիում այս պահին մենք խոշոր երկու տնակային թաղամաս ունենք, որտեղ խնդիրները բազմաթիվ են և կնճռոտ են։ Լիահույս ենք, որ կառավարության մոտեցումներում կամ սոցիալական բնակարանների տեսքով, կամ ինչ-որ նոր ծրագրի ձևաչափով հնարավոր կլինի այս մարդկանց հարցերին լուծում տալ»,-ասաց մարզպետը։

Նա մանրամասնեց, որ Ավտոկայանն ու Ֆանտաններ կոչվող տարածքը երկու խոշոր տնակային հատվածներ են, որտեղ սոցիալապես խոցելի մարդիկ են բնակվում։ Ըստ մարզպետի, պիտի ուսումնասիրել, թե ինչու նրանցից շատերը չունեն անօթևանության կարգավիճակ, գուցե դուրս են մնացել ցուցակներից և դա եղել է այն ժամանակվա պաշտոնյաների թերացումը։

Նազելի Բաղդասարյանը նաև հարկ համարեց պարզաբանել, որ տնակների առկայությունը պայմանավորված է ընտանիքների բազմացմամբ․ ըստ նրա, տարիների ընթացքում ընտանիքը ընդլայնվել է, մի մասը մնացել է տնակում, մյուս մասը տեղափոխվել պետության հատկացրած բնակարան։

«Չեմ կարծում, որ մարզպետարանը կամ համայնքապետարանի իրավասու են այս պարագայում տնակները քանդել ու այս մարդկանց թողնել փողոցում»,-ասաց մարզպետը։

Շիրակի մարզպետը խոսեց նաև վթարային շենքերի մասին, կոնկրետ օրինակներ մեջբերեց։ Նա հյուրերին հետաքրքրող խնդիրները ներկայացնում էր համակողմանի՝ ցույց տալով խնդրի ծագման հնարավոր բոլոր պատճառները։

Մարզպետն անդրադարձավ նաև գյուղատնտեսական խնդիրներին։

Նա նշեց, որ թեև պետությունը սուբսիդավորել է պարարտանյութի ձեռք բերումը, սակայն ֆերմերների մոտ որոշակի անհանգստություն կա։

Նազելի Բաղդասարյանը նաև ասաց, որ անցած տարի առաջացած խնդիրն հաշվի առնելով՝ այս տարի ոռոգման գործընթացն ավելի շուտ են սկսել։

«Եվ եթե անցած տարի մենք խնդիր ունեինք, սակավաջրությունն ազդել էր բերքի վրա, ցանքատարածություններում լուրջ խնդիր ունեցանք, այս տարի դիմել ենք և՛ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, և՛ բնապահպանության նախարարություն՝ արդյունքում ունենալով թույլտվություն, որպեսզի ոռոգման գործընթացն ավելի շուտ մեկնարկեն»։

Փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն իր հերթին մանրամասնեց, թե ինչու են մի ամիս շուտ սկսել Կառնուտի ջրամբարի աշխատանքները։

«Անցած տարի մենք մեր տարածաշրջանում ունեցել ենք լուրջ բացթողումներ, լուրջ կորուստներ և բավականին հողատարածքներ մնացին չոռոգած։ Ելնելով անցած տարվա սխալից՝մենք այս տարի բոլոր աշխատանքները կատարել ենք։ Անում ենք ամեն ինչ՝ աշխատանքները հնարավորինս շուտ սկսենք և մինչև ոռոգման սեզոնի սկսվելը Կառնուտում ունենանք համապատասխան քանակությամբ ջուր, որը հնարավորություն կտա անցյալ տարվա սխալները վերականգնել, ուղղել»-ասաց փոխմարզպետը։

Նազելի Բաղդասարյանը էլ նշեց, որ մասնակի բեռնաթափում կլինի, եթե լուծվի Կապսի ջրամբարի հարցը։

Պարարտանյութի հետ կապված էլ փոխմարզպետը նշեց, որ հիմնականում ՌԴ-ից ներկրվող պարարտանյութն են էժան գնով առաջարկում բնակիչներին, հիմա այդ երկրից ներկրում չկա, իսկ բնակիչները սպասում են ներկրմանը, այդ պատճառվ գործընթացը դանդաղում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930