Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքերը բարձրացնում ենք վերև, հանձնվում ենք, ինչ ուզում եք, անում ենք»․ Մենուա Սողոմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ Թուրքիայի հետ վարած քաղաքականության մասին

Ապրիլ 28,2022 23:35

«Սա ոչ այլ ինչ է, քան շանտաժ, և լուրջ չպետք է վերաբերվել այս ամենին»,- Ազատության հրապարակում 5165 շարժման հանրահավաքի ընթացքում, անդրադառնալով իշխող քաղաքական ուժի կողմից հնչող այն հավաստիացումներին, որ եթե Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը հեռացնի ժողովուրդը, պատերազմ է սկսվելու, հայտարարեց 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը և թե իրենք ինչպես են պատկերացնում այդ հարաբերությունները, նա ասաց․ «Բնականաբար, Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է համաձայն լինի երկխոսությանը, բայց ոչ այնպես, ինչպես այսօր։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի քաղաքականությունը մոտավորապես հետևյալն է․ ձեռքերը բարձրացնում ենք վերև, հանձնվում ենք, ինչ ուզում եք, անում ենք։ Սա չի կարող երկար շարունակվել։ Նրանք նորանոր պահանջներ են դնելու, չկատարելու դեպքում սպառնալու են ուժի գործադրմամբ։ Մենք ասում ենք՝ այո, մենք համաձայն ենք կոնտակտին, բայց ՀՀ-ն չի փակել սահմանը, այլ Թուրքիան, ՀՀ-ն չի դրել նախապայման հարաբերությունների կարգավորման համար, այլ Թուրքիան։ Ասում ենք՝ պետք է կոնտակտի գնալ, բայց առաջին հերթին հիմքում ունենալով այն մոտեցումը, որ ՀՀ-ն ձգտելու է իր համար ապահովել անվտանգության պաշտպանության ոլորտում զսպման հնարավորություններ»։

Արցախի հարցով ՀՀ հաջորդ իշխանության քաղաքական ռազմավարության վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացրեց «5165» շարժման հիմնադիր անդամ, «Հայրենիքի վերականգնման և զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Ղազարյանը։ Նա նշեց․ «Մենք գոնե մեր առջև պետք է դնենք մի առաքելություն՝ ազնվությունը, ողջամտությունը վերադարձնել քաղաքականություն, չտալ խոստումներ, որոնք իրականանալի չեն։ Սա ազգային բարդագույն խնդիր է։  Նույնիսկ խորհրդային ժամանակներում տարբեր տարիների հայ ժողովուրդը դիմել է Խորհրդային իշխանություններին, որ վերանայեն այն որոշումը, որը եղել է Ստալինի անձնական խմբագրմամբ։ Այս բարդ խնդիր է։ Մարդիկ կան, որ առանց պատկերացնելու, ինչպես Փաշինյանն է, մտնում են դրա մեջ ու նոր թեզեր առաջ քաշում։ Սա խոսում է իր սնանկության մասին։ Բաներ կան, որ չի կարելի անձնավորել»։

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ցավով նշեց՝ մենք հաճախ մոռանում ենք, որ պարտականություններ ունենք մեր պետության և ազգի հանդեպ ու շարունակեց․ «Հաճախ մարդիկ ասում են՝ հայրենիքը մեզ ի՞նչ է տվել, որ մենք ինչ անենք։ Սիրելի′ ժողովուրդ, արթնանալ է պետք։ Մենք պետք է մտածենք՝ ինչ անել, որ մեր հայրենիքը հզոր ու անսասան լինի։ Սա մեր բոլորի պարտքն է։ Միայն մենք կարող ենք տեր կանգնել մեր թասիբին, ուրիշ մարդ չի անելու։ Ամեն մեկն իր փոխարեն է անելու»։

Նա հորդորեց ու պահանջեց բոլորին՝ գալ, միանալ և վստահեցրեց՝ սա քաղաքական պայքար չէ։

Ելույթների ավարտից հետո Մենուա Սողոմոնյանը տեղեկացրեց՝ ապրիլի 30-ին՝ ժամը 11․00-ին Եռաբլուր պանթեոնից մեկնարկելու է Արցախի մեծ դրոշով երթ-ուխտագնացությունը դեպի Էջմիածին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930