Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ իմ անձի նկատմամբ որոշակի կենտրոնացում կա․ 23:00-ին զանգել, ներկայացել են ԱԱԾ»․ Անժելա Թովմասյան

Ապրիլ 30,2022 13:23

Երեկ երեկոյան 23:00-ին ինչ-որ անձինք զանգահարել են «Հայելի» ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարանի «դոմոֆոնը» եւ ներկայացել որպես ԱԱԾ աշխատակիցներ։

Այս մասին այսօր «Հայլելի» ակումբում պատմեց Անժելա Թովմասյանը։ Նա նախ զարմացել է, թե այդ ուշ ժամին ով կարող է զանգ տալ, ապա հետաքրքրվել է, թե ովքեր են, զանգ տվողները պատասխանել են՝ Ազգային անվտանգությունից, բացե՛ք ձեր դուռը։ «Ես ասացի, որ այս ժամին չեմ պատրաստվում բացել։ Մտածում էի արագ զանգահարել իրավաբաններին, եղբորս։ Անմիջապես արագ արձագանք եղավ եւ ԱԺ պատգամավորներից Արամ Վարդեւանյանն ու Անդրանիկ Թեւանյանը եկան մեր տուն։ Զգուշացրեցի, որ շենք մտնելիս հենց իրենց հետ կարող էին մտնել շենք, բայց որեւէ մեկին չէին նկատել։ Հաջորդիվ զանգ չեղավ։  Ինձ ասացին, որ գուցե առավոտյան շուտ այցելեն»,-պատմեց Թովմասյանը։

Նրա ներկայացմամբ՝ իրավաբաններն ասում են՝ երկու պարագայում է ԱԱԾ-ն այցելում՝ երբ ունի դատարանի որոշում՝ խուզարկություն անցկացնելու․«Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանն ասաց, որ իրենք պետք է առնվազն  հեռախոսով որոշումն ուղարկեին, որ դուռը բացեք, նաեւ կարող են դուռը կոտրել։ Երկրորդը՝ եթե ԱԱԾ -ն է, ապա կարող են գալ ուղղակի զրուցելու։ Սովորաբար ԱԱԾ-ն ընտրում է այդպիսի ժամեր,  որ վախի մթնոլորտ լինի կամ մարդը թուլացած է լինում, հնարավոր է ինչ-ինչ տեղեկություն կորզել։ Առավոտյան փորձեցինք հասկանալ՝ իսկապե՞ս ԱԱԾ-ն, է թե՞ ոչ։  Դիմում եմ իրավապահներին, որպեսզի ընդունեն հաղորդում հանցագործության մասին։ Տեսախցիկներ կան, թող հնարավորինս շուտ արձագանքեն, որպեսզի ինչ -ինչ բաներ չլինեն»։

Թովմասյանի խոսքով՝ եթե իշխանության կազմակերպածը չէ, ապա թող  հայտարարեն, որ ԱԱԾ-ն չի եղել․ «Եթե ԱԱԾ-ն չի եղել, ապա իրավապահները թող պարզաբանեն, թե ովքեր են, խուլիգաններ են, ինչ-որ մարդիկ փորձել են ահաբեկել, զվարճանալ։ Ես դրա հիմքը ունեմ, քանի որ բազմիցս սոցցանցերում իմ հասցեին  նման սպառնալիքներ եղել են։ Մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունում նյութեր են  հավաքում իմ հետ կապված, վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված, հրավիրել են ոստիկանություն։  Ակնհայտ է, որ իմ անձի նկատմամբ որոշակի կենտրոնացում կա»։

Նա հիշեցրեց «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբին, հիշեցրեց «Հայելի» ակումբի վրա հարձակումը, երբ ձվեր էին նետել խմբագրության դռան վրա․ «Այդ խունտան  ուղիղ եթերով սպառնում էր, ահաբեկչական հայտարարություն էին անում Բակո Սահակյանի հասցեին»։

ԱԱԾ-ն այսօր այս առնչությամբ հայտարարություն է տարածել․«Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»։

Անժելա Թովմասյանն ասաց՝ եթե ԱԱԾ-ն չէ, ապա շատ ավելի վատ է եւ վտանգավոր է․«Ինչ-որ խմբեր են, խունտա»։ 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930