Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմի դարաշրջանն անցել է. հասկանում ենք ՝ գալու է մարդկանց սպասումներն իրականացնելու օրը, իսկ մենք ի վիճակի չենք լինելու դրա տակից դուրս գալ. Արսեն Քարամյան

Մայիս 04,2022 18:01

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը հերքում է իր առնչությունը այսօր Երեւանի մի շարք կամուրջներ բեռնատարներով փակելու հետ:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե կամուրջներ փակած բեռնատարները պատկանում էին «Էյ Դի Էյ Թեք» ընկերությանը, որի սեփականատերն ինքն է, Արսեն Քարամյանը կրկին հերքեց. «Ես որեւէ առնչություն չունեմ շրջանառվող տեղեկությունների մեջ մատնանշվող ընկերության հետ, չեմ հանդիսանում հիմնադիր, սեփականատեր: Հանդիսանում եմ ընդամենը պատվիրատու: Շինաշխատանքներ կատարելու համար ժամանակին պայմանագրեր եմ կնքել այդ ու ոչ միայն այդ ընկերության հետ. այդքան բան»:

Նախկին փոխնախարարը Aravot.am-ին ասաց, որ քաղաքացիական իրավունքների առաջմղման ջատագովն է, այս օրերին ընտանիքի անդամների հետ մասնակցում է երթերին, հանրահավաքներին. «Մեր քաղաքացիները ազատ են իրենց իրավունքները առաջ մղելուն Սահմանադրությամբ եւ օրենքի չարգելված տարբերակներով: Բռնությանը վատ եմ վերաբերում, ինչպես վատ էի վերաբերում 2018-ին: Ես մասնակցում եմ այս պայքարին որոշակիորեն՝ որպես հանդիսատես, որպես ակտիվ քաղաքացի, որպես կուսակցական: Երթերին, հանրահավաքներին մասնակցում եմ ընկերներիս, ընտանիքիս անդամների հետ»:

Մեր հարցին՝ համամի՞տ եք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը բացի մորուք պահելուց՝ ամեն ինչում կրկնօրինակում են 2018 թվականի իրենց պայքարի ձեւերը, Արսեն Քարամյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա՝ ով, ում է կրկնօրինակում ու ինչի համար է կրկնօրինակում: Համենայն դեպս, չեմ կարծում՝ իրենց օրինակը հաջողված է, որ ինչ-որ մի խելոք մարդ էլ բռնի ու իրենց կրկնօրինակի: Երբ մենք էինք քաղաքական ասպարեզում եւ Հայաստանի ղեկն էինք վարում, այդ ղեկը վարում էինք անվթար, գոնե երկրում խաղաղություն էր, սահմաններում հարաբերական հանգիստ էր: Որեւէ թիզ սանտիմետր հող չէր պակասում: Մեր ձեռագիրը դա է եղել, իսկ եթե ոմանք ինչ որ բան են արել անհաջող ձեւով ու վթարի են ենթարկել, մենք այդ վթարը կրկնօրինակելու ոչ ցանկություն ունենք, ոչ՝ բնատուր կարողություն, ոչ էլ՝ նպատակ»:

Մեր զրուցակցի խոսքով, հանրային գիտակցության մեջ կա մի վատ նստվածք, որի արդյունքում իրենց պայքարը մի փոքր դժվարությամբ է առաջ գնում. «Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ մի ստվար զանգված 2018-ի իրադարձությունների հետեւանքով իրեն զգում խաբված: Խաբված մարդկանց հոծ բազմությունների շերտի հետ գործ ունենք ու մեզ համար շատ դժվար է այդ մարդկանց բացատրել, որ չես խաբվելու այս անգամ, հարգելի քաղաքացի, տարբերությունն ու դժվարությունը դրա մեջ է: Երբ մեկ անգամ հիասթափվում են, երկրորդ անգամ նրան ինչ-որ լուսավոր ապագայի մասին, զարգացման մասին հավատացնելը շատ ավելի բարդանում է: 2018-ին դա շատ ավելի հեշտ էր, մանավանդ, երբ հրապարակ են գալիս պոպուլիստական լոզունգներ, այնպիսի բաներ, որոնք հետո չեն իրականանում. սկսենք բոլորիս հայտնի արագաչափերի, կարմիր գծերի տխուր պատմությունից եւ այլն:

Պոպուլիզմի դարաշրջանն անցել է: Այսօր ժողովրդին ակտիվության կոչ անող բոլոր ուժերը ախտահարված չեն պոպուլիզմով, մենք մարդկանց մոտ չհիմնավորված հավակնություններ ու սպասումներ չենք ձեւավորելու, որովհետեւ ի տարբերություն նախորդների՝ մենք ունենք բարձր պատասխանատվություն, որովհետեւ հասկանում ենք՝ գալու է մի օր պատասխան տալու ժամը: Երբ մարդու ցանկությունները, սպասումները կգեներացվեն, հասկանում ենք, որ գալու է դա իրականացնելու օրը, իսկ մենք ի վիճակի չենք լինելու դրա տակից դուրս գալ: Դրա համար ասում ենք այն, ինչ կա…

Ես նախկին եմ, հասկանո՞ւմ եք, հիմա այդ նախկինը ում աչքն է ծակում, ում է վնասում: Ես նախկին եմ, որ այսօր 1,7 միլիարդ դրամ վարկային ռեսուրսներով Սյունիքի մարզում ներդրում եմ անում, որ սյունեցին տեսնի, որ Սյունիքը անվտանգ է լինելու, ես իշխանություն չեմ, ես նախկին եմ: Չի կարելի ժողովրդին թունավորել, մանիպուլացնել, տանել դեպի հիվանդագին մտածելակերպ: Այդ հիվանդության մեջ թաղել, հետո ասել նախկինների դեմ: Նախկինները վնաս չեն, մի հատ լավ երգ կար, էն որ երգում էր՝ իմ հանճարը քո բանջարին վնաս չէ »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031