Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթը չի կարելի խառնել քաղաքականությանը»

Մայիս 05,2022 13:30

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանի հետ

– Տիկին Ավանյան, վերջին 3-4 տարիներին ցանկալի հյուր եք ռուսաստանյան տարբեր մշակութային օջախներում։ Վերջերս Մոսկվայի «Зарядье» համերգասրահի պաշտոնական կայքից տեղեկացանք ապրիլի 27-ին տեղի ունեցած «Մեր ժամանակների երաժշտությունը» խորագրով համերգի մասին, որին մասնակցել են ռուսաստանյան «Բոլշոյ», «Նովայա օպերա», Պերմի օպերային, «Գելիկոն օպերա» եւ Երեւանի օպերային թատրոնների մեներգիչներ։ Տեղեկացանք նաեւ, որ համերգի ընթացքում գրանցվել են որոշ ստեղծագործությունների ռուսաստանյան եւ համաշխարհային պրեմիերաներ։ Ձեր մեկնաբանմամբ հրեա կոմպոզիտոր Ուրի Բրեների երկու երկերն էլ ռուսաստանյան պրեմիերա էին։ Համերգի խորագիրն արդեն խոսում է իր մասին, բայց հետաքրքիր է ձեր ընտրությունը…

– Այո, համերգի նպատակը երիտասարդ եւ առհասարակ վոկալ ժանրի կոմպոզիտորական արվեստին անդրադարձն էր՝ առայսօր հազվադեպ եւ ընդհանրապես անծանոթ ստեղծագործություններով։ Հրեա կոմպոզիտոր Ուրի Բրեների հետ ծանոթությունս եղել է համացանցի միջոցով, բնականաբար, այդ եղանակով էլ համագործակցել ենք։ Երկու ստեղծագործություններից մեկը՝ «Tocco di vita», իտալացի պոետ Մանրիկո Մուրցի, մյուսը՝ «Մեդիտացիա», Ելենա Ֆուրցիի բառերով է։ Նվագակցում էր ռուսաստանյան ելույթներիս անփոփոխ դաշնակահար, կոնցերտմայստեր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Կարինա Պողոսբեկովան, որը 2020-ից այս նախագծի հիմնադիրն է։

Կարինա Պողոսբեկովայի հետ

– Հավանաբար ձեզ հոգեհարազատ է հրեական երաժշտությունը, քանի որ եւ երեւանյան համերգներին, եւ ռուսաստանյան հյուրախաղերի ժամանակ հնչեցնում եք հրեական երկեր, մասնակցել եք նաեւ Մոսկվայում կայացած հայ-իսրայելական երաժշտական երեկոյի եւս։

– Իսկապես հոգեհարազատ են, 2020-ին հնչեցրել եմ հրեական ստեղծագործություններ եւ մեր թատրոնում («Համերգ ճեմասրահում» ծրագրի շրջանակներում), եւ մոսկովյան Nico պատկերասրահում կայացած մենահամերգներիս ժամանակ։ Ավելին՝ կատարել եմ այլ կոմպոզիտորների երկեր՝ գրված հրեա բանաստեղծների տեքստերով, օրինակ՝ Ռավելի «Կադիշը» (թարգմանաբար՝ աղոթք), Մուսորգսկու, Գնեսինի, Դորգամիժսկու գործերից, որոնց տեքստերը վերցված են Հին կտակարանի «Երգ-երգոցից»։

Մեցցո սոպրանոն «Բոլշոյ» թատրոնի մեներգիչներ Եկատերինա Սեմյոնովայի (սոպրանո) եւ Վալերի Մակարովի (տենոր) հետ։

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ այս անգամ Մոսկվայում չհնչեցրիք հայ հեղինակի ստեղծագործություն։

– Ասեմ, որ «Մեր ժամանակների երաժշտությունը» խորագրով համերգին առաջին անգամ մասնակցել եմ անցյալ տարի, որն անցկացվում էր Մոսկվայի Ծերեթելու անվան պատկերասրահում, ներկայացրել եմ Տիգրան Մանսուրյանի վոկալ շարքը՝ Գարսիա Լորկայի խոսքերով եւ Ալեքսանդր Հարությունյանի «Նվիրումները»։ Պատրաստվում եմ աշնանը՝ սեպտեմբերին, Մոսկվայի կոնսերվատորիայի ռախմանինովյան դահլիճում առաջին անգամ կատարել Վաչե Շարաֆյանի վոկալ շարքը՝ Գագիկ Կարապետյանի տեքստերով։

– Մոսկովյան հյուրախաղին անմիջապես հաջորդեց օրերս Բերդ քաղաքում կայացած ձեր մենահամերգը…

– Դա դասախոսություն-մենահամերգ էր «Ռոմանոս Մելիքյանը եւ ռոմանսի ճանապարհը» խորագրով։ Դա իմ գաղափարն էր, որին աջակցեցին ԿԳՄՍ նախարարությունն ու Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի տնօրինությունը։ Այս նախագիծը առաջիկայում կունենա շարունակություն Գյումրիում եւ Ջերմուկում։ Ի դեպ, մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մոսկվաբնակ երգեհոնահար Տատյանա Կոնինայի ընկերակցությամբ հանդես կգամ «Խաղաղության լուռ աղոթք» խորագրով մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Կոմիտաս, Եկմալյան, Բախ եւ այլն։ Մայիսի 17-ին էլ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում (հիմնադիր՝ Մարիաննա Խաչատրյան), «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգամ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայով (ռեժիսոր՝ Դավիթ Հակոբյան)։

– Ձեզ, վերջապես, տարիների ընդմիջումից հետո կտեսնե՞նք որեւէ դերերգով Երեւանի օպերային թատրոնում։

– Այո, հունիսին Ամներիսի դերերգով՝ Վերդիի «Աիդայում» եւ հույս եմ փայփայում ներկայանալ Կարմենի դերերգով՝ Բիզեի համանուն օպերայում, իհարկե, եթե Արմեն Մելիքսեթյանը վերականգնի իր ռեժիսուրայով այդ օպերան։
(Մելիքսեթյանական «Կարմենում» երգչուհուն վերջին անգամ հանդիպել ենք 2018թ.-ին- Ս.Դ.)։

– Մի հարց էլ՝ մոսկովյան համերգի ժամանակ հավանաբար ձեր եւ ռուս գործընկերների միջեւ խոսք ու զրույց է ընթացել ռուս՝ նույնիսկ համաշխարհային անունների դիմաց արեւմտյան հեղինակավոր թատրոնների դռները փակելու շուրջ։

– Ինչ խոսք, մշակույթը չի կարելի «խառնել» քաղաքականությանը, բայց կարծես կամաց-կամաց հարթվում է այդ խնդիրը։ Օրինակ, վերջերս Աննա Նետրեբկոն մենահամերգ է ունեցել «Լա Սկալայում», ամուսնու հետ էլ հանդես են եկել Մոնտե Կառլոյի օպերայում՝ Պուչինիի «Մանոն Լեսկո» ներկայացման մեջ…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Վարսենիկ Ավանյանը՝ մոսկովյան ելույթի պահին։

«Առավոտ» օրաթերթ
04.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031