Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմմոնոն» կբացվի մոնոօպերայով

Մայիս 16,2022 17:25

Մայիսի 17-ին  ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ արդեն 20-րդ անգամ կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: «Արմմոնոյի» տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ այս տարի հանդիսատեսը կդիտի 28 ներկայացում` 10 երկրից, այդ թվում` Հունաստան, ՌԴ, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Վրաստան, Ալբանիա: «Քանի որ փառատոնը հոբելյանական է, մենք մեր մշտական ընկերներին կպարգեւատրենք նաեւ «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022 թվականին: Սա նույնպես կդառնա ավանդական մեր փառատոնի համար»,-նշեց տիկին Մխիթարյանը:

Նրա խոսքով, «Արմմոնոն» արդեն ողջ տարվա ընթացքում իրականացվող փառատոն է դարձել, իսկ այժմ գարնանային փուլն է, հանդիպում կլինի նաեւ աշնանը` այդ թվում` «Արմմոնո պլյուս» ձեւաչափով:

 Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ փառատոնի բացումից առաջ կներկայացվի 2  նախագիծ, դրանցից մեկը Նարինե Գրիգորյանի «Գոմեշն» է` Հրանտ Մաթեւոսյանի տուն-թանգարանում, մյուսը`  Ելենա Դուդիչի «Ռոմեո եւ Ջուլիետը կամ Մարգարիտա եւ Աբուլֆազը»` Հայաստանի թատերական գործիչների միությունում: Փառատոնի ծրագրում ներառված են մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը նշեց, որ «Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայով՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի», որի առաջնախաղը կայացել էր 2021-ի ամռանը: Սա  ներկայացման 4-րդ կատարումն է: Ներկայացման ռեժիսորը Դավիթ Հակոբյանն է:

Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ Դավիթ Հակոբյանը փառատոնի վաղեմի ընկերն է. «Շատ խորհրդանշական է, որ պարոն Հակոբյանի բեմադրությամբ է բացվում մեր փառատոնը»:

Վարսենիկ Ավանյանն էլ հավելեց, որ մի գուցե առաջիկայում այլ հետաքրքիր նյութեր գտնի եւ իրեն կրկին փորձի այս ժանրում. «Սա ինձ համար առաջին փորձն է, առհասարակ մոնոօպերաներ շատ չեն գրվել»: Ինչ վերաբերվում է «Ձայն մարդկային»-ին, այն  երգչուհին որակում է հանճարեղ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031