Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավորները բանակից խուսափած ցուցարարների անուններ են հնչեցնում՝ Գերասիմ Վարդանյան, Վանեցյանի որդի

Մայիս 05,2022 12:04 Share

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներից Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Զարուհի Բաթոյանը չէին ծափահարում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցին՝ կա՞ անհամաձայնություն Փաշինյանի ասածների հետ կապված, որ չէին ծափահարում՝ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր մամուլի «փոքրիկ պղպջակ» որակեց դա՝ ասելով, որ այդ պղպջակը փորձում են հյուսել ընդդիմադիրները ու գտնվել այդ պղպջակում. «Համաձայն այդ պղպջակի, հիմա Հայաստանում երեւի բաց ճանապարհ չկա, ՔՊ պատգամավորներն ու պաշտոնյաները տոմսեր են գնում, որ երկրից գնան ու այդպես շարունակ: Բայց մեր քաղաքացիներին զերծ պահեք այդ պղպջակի հետ թեկուզ առերեսումից: Ձեր հարցը ինքնին լուրջ չի»:

Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը երեկ գրառում էր կատարել ու վստահություն հայտնել, որ  փողոցում հավաքվածները հենց այն կոնտինգենտն է, որը խուսափել է եռամսյա հավաքներից ու ՊՆ-ին, ԱԱԾ-ին կոչ էր անում զբաղվել այդ հարցով, նրա գնահատականը կիսո՞ւմ եք ու ինչո՞ւ հստակ դեպքերով չեք խոսում, եթե կան այդպիսիք, հակառակ դեպքում ստացվում է, որ սպառնալիք է հավաքների ազատությունից օգտվող քաղաքացիների նկատմամբ՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Մեր գործընկերը նման համոզմունք ունենալու իրավունք որպես այդպիսին առնվազն ունի՝ թեկուզ այն հանգամանքից ելնելով, որ ընդդիմության շարքերում շատ են այնպիսի տղաները, որոնց դեմքերը լավագույնս ֆիքսվել են նոյեմբերի 9-ի օրը, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել, այդ մարդիկ գտնվում էին այս շենքում, ինչ-որ շամպայն էին խմում, սիգար էին ծխում, տարբեր բաներ էին անում»:

Վահագն Ալեքսանյանը անուններ հնչեցրեց, օրինակ, ՀՅԴ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, որը պատերազմի օրը գտնվում էր «Ազատության» գրասենյակում. «Շատ հետաքրքիր է, որ Արթուր Վանեցյանի որդին բանակում չի ծառայել՝ առողջական խնդիրներից ելնելով, շատ հետաքրքիր է, որ ՀՅԴ-ական մի շարք երիտասարդներ՝ բեմից հանդես եկող, նույնպես չեն ծառայել բանակում՝ տարբեր բաներից ելնելով»:

Լրագրողները հորդորեցին անդրադառնալ ՔՊ խմբակցության չծառայածներին, Ալեքսանյանն ասաց. «Մեր խմբակցությունում, եթե տոկոս հաշվենք բանակում ծառայածների ու չծառայածների, կարծում եմ, մի քանի անգամ կգերազանցի ընդդիմադիրներին»:

Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Անդրանիկ Քոչարյանը գրառման մեջ պնդում չէր արել, այլ նշել էր, որ ցույցի դուրս եկած տղաները «ենթադրաբար այդ կոնտինգենտն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031