Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մենք պուպուշ ենք, հարեւանը՝ «քըխ»․ աշխարհը կասի՝ այո, մենք պուպուշ ենք, եւ մեզ կպաշտպանի Ադրբեջանից․ չի լինում նման բան»

Մայիս 09,2022 23:40

«Մեր ձախողումը մասամբ նաեւ նրանից է, որ մտածում էինք՝ ինչ-որ կետում հնարավոր էր պայքարն ավարտել, ինչ-որ կետում լուծում գտնել եւ մտնել «հավերժական խաղաղության» շրջան։ Այդպես չի։ Դեռեւս Նժդեհն  է ասել, որ իրականում պատերազմներն են մարդկության կյանքի բնականոն ընթացը։ Մեր տարածաշրջանում ավելի շատ պատերազմ է լինում, քան խաղաղություն։ Որ պահից եղավ գիտակցումը, որ հայի եւ թուրքի պայքարը հավերժական է, անխուսափելի հետեւություն կլինի, որ մենք պետք է լինենք հաղթողը եւ վերատիրենք պատմական հողերին, այդ թվում՝ Շուշիին»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր «Հայկական նախագիծ» գիտակրթական հ/կ-ի հերթական բացօթյա քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով մայիսի 9-ի խորհրդին՝ Շուշիի ազատագրման օր, ՊԲ ստեղծման օր, հայրենական պատերազմում հաղթանակի օր։

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ 2018-ից հետո եկած աղետները բոլորին հայտնի են, իսկ որո՞նք են սխալները 2018-ից առաջ, որոնք հանգեցրել են այս վիճակին։ Էդգար Էլբակյանը պատասխանեց․ «Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դեռեւս 1991թ․-ից հիմք է դրվել գիտակցման, որ հայկական կողմի շահերի հաշվին կարելի է հասնել նիրվանայի՝ հավերժական խաղաղության վիճակի։ Օբյեկտիվ պատճառներն այն են, որ այդ ժամանակ տիրապետող էին արեւմտյան նեոլիբերալ գաղափարները։ Քանի որ արեւմուտքը կարողացավ սովետին ծնկի բերել, կարծում էր, որ ամենուր կարող է լինել լիբերալ դեմոկրատիա, շուկայական տնտեսություն, եւ բոլորը խելոք, խախանդ լռվելու են․․․այդ ժամանակվա «էլիտան» մեծ չափով այս գաղափարախոսության ազդեցության տակ էր։ Էլիտան պարզապես ղեկավարները չեն կամ նրանք, ովքեր շատ փող ունեն, այլ պետք է իրենք ունենան գաղափարախոսություն։ Ազգային էլիտան իր դիսկուրսը պետք է ունենա։ ՀՀՇ-ական էլիտան դրա հիմքերը չդրեց, այլ մտածեց՝ ինչ-որ բան տանք ու պրծնենք, մինչդեռ «հավերժական խաղաղություն» բնության մեջ անիրատեսական է»։

Էդգար Էլբակյանի խոսքով՝ այդ ժամանակ չի եղել պայքարի մարտավարություն․ «Բայց անգամ այդ էլիտայի օրոք պատերազմ հաղթեցինք՝ չունենալով քանակական գերակայություն։ Փորձը ցույց տվեց, որ քանակը որոշող չի։ Կար ընկալում, որ 1994-ը եղել-պրծել է, այսինչը չի թողնի պատերազմ լինի, այնինչը չի թողնի պատերազմ լինի, գումարած՝ բանակ կա, մի բան կզիջենք, մի բան կվերցնենք, Թուրքիայի հետ սահմանն էլ կբացենք ու խախանդ լռվենք։ Սա կարող էր աշխատել, եթե միջավայրն այդպիսին լիներ։ Եւ պետք չի Եվրոպայի հետ համեմատել՝ հաշվի չառնելով Եվրոպայի երկրների հարյուրամյա պատերազմները։ Մեր միջավայրն այդպիսին չի, մենք ունենք հարեւան, որն ուզում է մեզ վերացնել, որը կարծում է, թե Երեւանն էլ է իրենցը, որ մեզ պետք է կամ վերացնել, կամ ձուլել․․․Նժդեհն անգամ արեւմտյան վերլուծաբաններից ավելի վաղ է մշակել ռեալիզմի տեսությունը։ Ասում էր՝ մի ժողովուրդ, որի զավակները հավասար չեն մահվան օրենքի առաջ, չի կարող ունենալ երջանիկ հայրենիք։ Հիմա ժողովուրդը, երբ տեսնում է, որ հայրենիքը վարի է գնում ու էլի ասում է՝ «նախկիններ», մասամբ այդ անհավասարությունից է նեղվում»։

Էդգար Էլբակյանը կրկնեց խնդրի հիմքը․ «1994-ից եղել է մոտեցում, որ պրծավ, ինչ-որ բան տանք, թեման փակենք ու խախանդ լռվենք։ Այս տարածաշրջանում խախանդ լռվել հնարավոր չի։ Հնարավոր չի ապրել հետսովետական երկրի կրիմինալ թաղամասում, որտեղ մութն ընկնելուց հետո վտանգավոր է, եւ երեխային տանել ջութակի՝ մտածելով, թե նա կլինի երջանիկ, հաջողակ․․․ջութակի հետ նաեւ ըմբշամարտի պետք է տանել։ Մենք ջութակի խմբակն ենք միայն գնացել, օ՜յ՝ մենք շատ պուշուշ ենք, իսկ մեր հարեւանը շատ «քըխ» է, ցույց տանք մեր պուպուշությունն աշխարհին, եւ նա կասի՝ այո, մենք պուպուշ ենք, եւ մեզ կպաշտպանի Ադրբեջանից։ Չի լինում նման բան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031