Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի օրը Գորիսում՝ գինի, մաղթանքներ, նաեւ՝ անվտանգային հարցեր (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 26,2022 22:10

Եվրոպայի օրվան եւ Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Սյունիքում էր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Բացի ԵՄ պատվիրակությունից, տիկին դեսպանի հրավերով՝ Սյունիքում էին նաեւ այլ երկրների դիվանագետներ, միջազգային ու տեղական քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տոնական ընդունելությունը Գորիսում է․ հորդառատ անձրեւը խանգարում է միջոցառումը բացօթյա անցկացնել եւ այն անցկացվում է «Միրհավ» հյուրանոցի նախասրահում։ Բացման խոսքը տրվում է տանտիրոջը՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ «Երեսուն տարվա համագործակցության հիմական արժեքներից են եղել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանումը, իսկ Սյունիքը Հայաստանի այն անկյունն է, որտեղ այդ իրավունքներն ամենաշատն են կարեւորվում այս օրերին։ Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ներկաներին՝ Եվրոպայի օրը Սյունիքում նշելու համար։ Եվրամիության կողմից ու աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Սյունիքում, ու վստահ եմ՝ կլինեն շարունակական, քանի որ մարզն այսօր առավել շատ ունի դրանց կարիքը»,-շնորհավորելով հավաքվածներին՝ ասաց մարզպետը։

«Հանուն Եվրոպական միության եւ Սյունիքի»,-գինով լի բաժակը բարձրացնում է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

 

Եվրոպայի օրվա առիթով  Գորիս այցելած հյուրերը հաջորդ օրերին  ծանոթացան Եվրոպական միության ֆինանսավորմամբ Գորիսում իրականացվող ծրագրերին։ Բացի ընթացքի մեջ գտնվող ծրագրերից՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ մեկնարկեց  «ՁԳՏՈՒՄ․ավելի լավ ապագայի ձգտումով համայնքների եւ քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) տարածաշրջանային ծրագիրը։ Այն, ըստ դեսպանի, Հայաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցելու Եվրոպական միության ամենամեծ ծրագրերից մեկն է, որը  նպատակ ունի բարելավել հայաստանյան հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների դիմակայունությունը, հաշվետվողականությունը եւ նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման գործում։ Երեքուկես տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում կծախսվի 700.000 եվրո։

«Տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ֆինանսական աջակցություն կստանան՝ աշխատելու տարբեր խնդիրների, մասնավորապես՝ մարդու իրավունքների, սոցիալական ներառման, , «կանաչ» անցման,  երիտասարդների մասնակցությունը եւ համայնքային զարգացմանը խոչընդոտող այլ մարտահրավերների ուղղությամբ»,-ասաց դեսպանը։

Անդրեա Վիկտորինի խոսքով՝ Երեւանից դուրս, կարծես  լրիվ ուրիշ իրականություն լինի։ «Ես տեսնում եմ,  որ բավականին մեծ ճեղքվածք կա հայ հասարակության մեջ։ Նկատում եմ՝ ատելության խոսքի առկայություն, ինչը վտանգավոր է մարդկանց համար՝ այս երկրում։ Տեսնում եմ՝ մարդիկ կարգախոսներ են ներկայացնում՝ առանց լուծումներ ունենալու։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ Երեւանում ապրողները ամեն ինչ գիտեն։ Եկեք ուրեմն միանանք, միասին գտնենք տեսլական, միասին որոշենք ռազմավարությունը՝ հիշելով մեր կարգախոսներից մեկը՝ ոչ մեկին չպիտի մոռանալ»,-նշեց դեսպանը։

Ըստ Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանի՝ վերջին իրադարձությունները ազդել են համայնքի վրա, հատկապես զբոսաշրջության ոլորտում։ «ԵՄ դեսպանի հաճախ այցերը Սյունիք, շատերին հավատ են ներշնչում, որ  Սյունիքն անվտանգ է»,-նշում է Ռուզաննա Տոռոզյանը։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը վստահ է, որ ոչ միայն իր, այլ տարբեր երկրների դիվանագետների  այցերը Սյունիք՝ կնպաստեն ապատեղեկատվության դեմ պայքարին ու անվտանգության խնդիրների լուծմանը։ «Բոլորս էլ լավ գիտենք, որ Սյունիքում անվտանգության խնդիր կա, հետեւաբար ինչքան ակտիվ  շահագրգռվածություն ցույց տանք  այստեղ գալու՝  կնպաստենք անվտանգության խնդիրների լուծմանը։ 2021 թվականի մայիսին, երբ ներխուժում  տեղի ունեցավ  Սեւ լճի տարածքում, մենք բոլորս այցելեցինք՝ եւս  մեկ անգամ ցույց տալու, որ մենք այստեղ ենք, տեղում ծանոթանալու  իրավիճակին։ Կարծում եմ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու լավագույն ձեւը՝  փաստերը ցուցադրելն է։ Պարզապես բողոքելը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ համատեղ մշակել գործողությունների օրակարգ»,-ասաց Անդրեա Վիկտորինը ։

Գորիս համայնքի ավագանու անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը հիշեցնում է դեսպանին՝ հակառակորդը դեռ Հայաստանի տարածքում է։  «Թշնամին դեռ մեր սուվերեն տարածքում է։ Մենք այս համատեքստում կարեւորում ենք միջազգային հանրության օբյեկտիվ արձագանքը․որովհետեւ ինչքան էլ մենք խոսենք անվտանգությունից, եթե մեր սուվերեն տարածքում մենք թշնամի ունենք, չենք կարող այսօր լիակատար անվտանգության մասին խոսել»,-հանդիպմանն ասաց Իրինա Յոլյանը:

Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպանն  այցելեց Գորիսի բժշկական կենտրոն, Գորիսի մամուլի ակումբ՝ ծանոթանալով «Մեդիագրագիտության սուրհանդակները՝ մարզերում» ծրագրին, մասնակցեց խոհարարական վարպետության դասին՝ հանդիպելով  «Հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության եւ ինտեգրման ծրագրի» կին շահառուների հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031