Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը՝ սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստից. «Եղել է կառուցողական, նորմալ հանդիպում, օրինակ, ձեզնից ոչ մեկը հիմա իրար չի ծեծում չէ՞ ու եթե դրսում իրար ծեծեն, չեղավ չէ՞, որ այստեղ էր»

Հունիս 01,2022 14:40

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ձեր տեղակալն ընդգրկվել է սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովում, երկրորդ հանդիպումը պետք է լինի այս շաբաթ, տեղյա՞կ եք, ե՞րբ է լինելու, ի՞նչ օրակարգով՝ պատասխանեց. «Առաջին հանդիպումից տեղյակ եմ, լավ, կառուցողական հանդիպում է եղել»: Հարցին՝ ձեր նշած կառուցողական հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին թշնամու դիպուկահարից զոհվեց հայ զինծառայող, ո՞րն է դրա կառուցողականը՝ նախարարը պատասխանեց. «Կոնկրետ տվյալ վայրի քննարկումը եղել է կառուցողական, նորմալ հանդիպում: Ժողովուրդ ջան, օրինակ, ձեզնից ոչ մեկը հիմա իրար չի ծեծում չէ՞ ու եթե դրսում իրար ծեծեն, չեղավ չէ՞, որ այստեղ էր: Հիմա այդ հանդիպումները տեղի են ունեցել, տեղի է ունեցել կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում։ Առաջին հանդիպման համար բավականին կարեւոր հարցեր են բարձրացվել, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել, այդ առումով դրական ենք գնահատում»:

Ճշտեցին՝ այսինքն, որ հայ ու ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպման ընթացքում իրար չեն ծեծել, արդեն կառուցողակա՞ն է, հանրությունը չի ընկալում այդ կառուցողական լինելը, երբ զոհ կա՝ նա պատասխանեց. «Այդ հանդիպումը բավական նորմալ է անցել ու միջադեպերը խանգարում են այդ գործընթացին: Այո, դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ ու մեր անմեղ զինվորները, որոնք հայրենիքն են պաշտպանում, կարող են նման անմտությանը զոհ գնալ»:

Թե ինչ քարտեզներով են առաջնորդվելու հանձնաժողովում՝ նախարարն ասաց, որ ամեն կողմն իր ունեցածը կբերի ու կքննարկեն:

Անկլավների հարց քննարկե՞լ են, թե՞ ոչ՝ Սանոսյանը պատասխանեց, որ ինքն ու իր փոխնախարարը ինչ խոսում են, հո չի՞գալու պատմի. «Տարբեր հարցեր քննարկվել են: Ընդամենը առաջին հանդիպումն է եղել, դեռ ամեն կողմն իր դիրքորոշումը կասի: Այս ամենի մեջ կարեւոր են իրավաբանական հիմքերը: Երկու կողմերն էլ թե՛ անկլավների, թե՛ սահմանների մասով պետք է ունենան իրավական հիմքեր: Ակնհայտ է, որ մենք Արծվաշենի մասով իրավական հիմքեր ունենք»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Տաթեւ-Աղվան ճանապարհը կարճ ժամանակում քանդվել՝ նախարարը պատասխանեց, որ ճանապարհի մի հատվածը, որն ավելի վաղ էր սկսվել, նախատեսված չէր, որ բեռնատարներ անցնեն. «Նախագծային որոշակի խնդիրներ կան, բայց կառուցման ժամանակ էլ տեսնում էինք, որ կարող են այսպիսի խնդիրներ լիներ, այսքան չէինք կանխատեսում: Ամբողջ ձորակում, որտեղ ճանապարհն անցնում է, կան գրունտային խնդիրներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930