Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը դեռ օդանավից չիջած՝ զանգահարել է ոստիկանություն, «փուռը տվել» հայ մարզիկներին. «Հրապարակ»

Հունիս 07,2022 10:09

Հայաստանում գոյություն ունի Համահայկական բռնցքամարտի եւ պրոֆեսիոնալ մարզաձեւերի ֆեդերացիա, որի սաները՝ 11 մարզիկ, մի քանի օր առաջ մեկնել էին Մեքսիկա՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարի, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-մենամարտեր են անցկացվել։ Այնտեղ մեր մարզիկները գրանցել են լուրջ հաջողություններ ու հաղթանակած վերադարձել Հայաստան։ Սակայն Երեւան վերադարձի ճանապարհին նրանք բախվել են ՔՊ-ական պատգամավորներից մեկի նենգությանն ու հայտնվել ոստիկանության բաժանմունքում։

Ահա թե ինչ է տեղի ունեցել Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի օդանավի մեջ, որով Հայաստան են վերադառնալիս եղել հայ մարզիկները։ Օդանավում է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, ով մայիսի 26-31-ը գործուղման էր՝ մեկնել էր Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։ Մարզիկները թեեւ հոգնած են եղել, բայց քանի որ հաղթանակած են վերադառնալիս եղել հայրենիք, բարձր տրամադրություն են ունեցել ու, հավանաբար, օդանավի մեջ մի փոքր ակտիվ եւ աշխույժ են պահել՝ բարձրաձայն զրուցել, ուրախացել իրենց հաջողությամբ։ Դա դուր չի եղել ՔՊ-ական պատգամավորին, որը ինքնաթիռում լռել է, սակայն «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես, դեռ օդանավից չիջած՝ զանգահարել է ոստիկանություն, «փուռը տվել» հայ մարզիկներին։ Մասնավորապես, դժգոհել է նրանց պահվածքից ու ձեռքի հետ էլ, որպեսզի արդարացնի իր զանգը ոստիկանություն, կասկած է հայտնել, թե «հնարավոր է նրանք գողություն կատարած լինեն օդանավում»։ Եվ մարզիկները, որոնց օդանավակայանի սպասասրահում մեծ թվով երկրպագուներ, ընկերներ ու հարազատներ են սպասելիս եղել, սպասասրահ դուրս գալու փոխարեն՝ օդանավից դուրս գալով, բերման են ենթարկվել։ Ոստիկանության «Զվարթնոցի» բաժնի աշխատակիցները նրանց թույլ չեն տվել դուրս գալ սպասասրահ՝ մոտեցել են հայ մարզիկներին ու նրանցից երեքին, Քոչարյան Անդոյի «դանոսով», տարել են ոստիկանություն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին միջադեպի վերաբերյալ մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունիսի 1-ին միջադեպ է եղել օդանավում, եւ քաղաքացու ահազանգի հիման վրա ոստիկանության «Զվարթնոցի» բաժին է բերման ենթարկվել երեք անձ։ Նրանք բացատրություն են տվել ու բաց են թողնվել»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930