Ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցին, փաստորեն, ագրեսիվ նպատակներ է ունեցել և ոչ թե մոլորվել է, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Եթե կինը կարողացավ պաշտպանել իր երեխաներին և իրեն, այսինքն՝ կարողացավ զինաթափել նրան, նշանակում է՝ այդքան էլ պատրաստված անձնակազմի հետ գործ չունենք։ Գործ ունենք Հայաստան թափանցած համազգեստով ադրբեջանական զինված ուժերի ծառայողի հետ»։
Հարցին՝ իր փորձառությունն իրեն ի՞նչ է հուշում՝ դա մոլորվա՞ծ զինծառայող էր, թե՞ այնուամենայնիվ դիվերսանտ էր, ՔՊ-ական պատգամավորը այսպես պատասխանեց. «Իմ փորձառությունը հուշում է, որ ցանկացած վարկած պետք է ամբողջ խորությամբ ուսումնասիրել, ինչպես քննության բոլոր դրսևորումները, որպեսզի բացառենք բոլոր այն վտանգավոր մտադրությունները, որը կարող է հակառակորդը ունեցած լինի… Հարց տվեցիք՝ դա միտումնավո՞ր էր, պլանավորվա՞ծ էր․ բայց երբ փաստերը համադրում ես, տեսնում ես, որ կարծես թե այդպես չի, բայց կարող է այդպիսի քայլերով մեզ մոլորության մեջ գցեին և հետևից այլ դրսևորում լիներ։ Այսինքն՝ մեր բոլոր պետական անվտանգային կառույցները պետք է այս հարցերի պատասխանը գտնեն… Մենք ստեղծել ենք այս տարիների ընթացքում կառույցներ, որոնք պետք է նաև ինֆորմացիա ունենային հակառակորդի տարածքից դեպի մեր տարածք ինչ հնարավոր պլանավորումներ կարող է լինեն, որից պետք է մենք զգուշանանք»։
Լրագրողը հիշեցրեց, որ 2023 թվականին էլ ադրբեջանցի զինծառայողներ մտան և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանեցին, արդյոք այդ դեպքից հետո ավելի զգոն եւ հետևողական լինելու հարկ չկար։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կիսում է մտահոգությունը, նաև հավելեց. «Դա 2023 թիվն էր, հիմա 26 թիվն է։ 2023 թվից հետո մենք բազմաթիվ, մեծ ծավալի աշխատանքներ ենք կատարել։ Այ հիմա պետք է այդ աշխատանքների կատարված լինելու պարագայում նայել, թե ոնց են այդպիսի դեպքերը հնարավոր լինում»։
Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաև զինված ադրբեջանցուն Ադրբեջանին փոխանցելուն: «Քրեական գործ կա հարուցված դատախազության կողմից, պետք է շարժվել քրեական գործի պահանջներին համապատասխան։ Հիմա եթե պետք է հանձնվի, դա նշանակում է այլ խնդիր․ հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում… Ժամանակին, երբ ես եղել եմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, նաև Մեղրիի արտակարգ դրությամբ պարետ, եղել է դեպք, որ գերեվարվել են ադրբեջանցի զինվորներ եւ փոխանակվել Մեղրիի բնակիչների դիակների հետ…»:
Կարդացեք նաև
Ճեպազրույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































