Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին կարմիր գծերն են»․Վահագն Մելիքյանը՝ բանակցային գործընթացի մասին

Հունիս 09,2022 23:50

«Իմ պատկերացմամբ՝ այսօր ունենք իրավիճակ, որ վերջին կարմիր գծերն են»,- «Հայկական օրակարգ. բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ահազանգեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Ըստ նրա՝ մենք որպես բանակցող պետք է գիտակցենք՝ ինչքան է մեր սակարկելի պայուսակը լեցուն, արդյոք մենք կարո՞ղ ենք որոշակի ձևով լցնել այդ պայուսակը։ Ըստ Վահագն Մելիքյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ունի սակարկման բավականին լայն հնարավորություններ։ Այս առիթով մանրամասնեց․«Այդ պորտֆելն, ինչքան էլ իր վերջնական արդյունքում ծառայի իր ազգային, պետական շահերին, միևնույն է, իր սակարկելին մերի հետ համեմատած, մերն ուղղակի հասել է մի այնպիսի կարմիրագույն գծի, որ արդեն սկսում է աշխատել քո պետական և ազգային շահը զիջելու քաղաքականությունը, որն ուղղակի անընդունելի է»։

Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ Վահագն Մելիքյանն արձանագրեց․ «Պետք է հստակ ձևակերպենք, որ ՀՀ անվտանգությունն ուղղակիորեն կախված է Արցախի անվտանգությունից, քանի որ շատերը խոսում են՝ Ղարաբաղը թողնենք, ՀՀ-ի, մեր անվտանգությունը կարևոր է ։ Երիցս՝ ոչ։ ՀՀ անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ։ Այն արհավիրքը, որ կանխատեսելի է Արցախն ինչ-որ ձևով թողնելու մասով, այդտեղ սկսում է ֆիլմի երկրորդ և վերջնական սերիան։ Մենք իսկապես կանգնելու ենք պետականության կորստի առջև»։

Ըստ Վահագն Մելիքյանի՝ մենք կանգնած ենք մի փաստի առաջ, երբ համընդհանուր պառակտման արդյունքում շատ իներտ վիճակում է հայտնվել մեր սփյուռքը։ Նա պարզաբանեց․«Մանավանդ այն կառույցները, որոնք զբաղվում են լոբբիստական և քաղաքական գործունեությամբ, մարդիկ պարզապես չգիտեն՝ ի՞նչ պետք է անել։ Սփյուռքին պետք չէ հիշել միայն այն ժամանակ, երբ քեզ գումար է հարկավոր այս կամ այն խնդիրները լուծելու համար։ Սփյուռքի պատասխանատվության հարցն է։ Այն մշտապես համարվել է այս կամ այն մակարդակով մասնակից։ Սփյուռքում հստակ պիտի հասկանան, պիտի մայրաքաղաքից գան ազդանշանները, որ սփյուռքը ոչ միայն մասնակից է, այլև պատասխանատու է Արցախի և Հայաստանի անվտանգության տարբեր խնդիրների հետ կապված»։

Անդրադառնալով այն զգուշացումներին՝ եթե չգնանք հիմա այս քայլին, այս զիջումներին, պատերազմ կլինի, Վահագն Մելիքյանն ասաց․ «Պատերազմն այդքան հեշտ չէ, և այդ ուժի սպառնալիքն էլ, որ այդքան ասվում է, միանգամից չէ, որ հիմա, եթե այս քայլին չգնանք, հավատացեք՝ պատերազմ է լինելու։ Դա պարզապես մանիպուլյացիա է։ Այն, ինչ տեսնում եք էկրաններին և կատարվում է բանակցությունների սեղանի շուրջ, տրամաբանորեն տարբեր բաներ են։ Այստեղից հնչում է՝  միջանցքային տրամաբանություն երբեք չի լինելու, Ադրբեջանից հնչում է չակերտավոր Զանգեզուրի միջանցք։ Սա շատ հստակ պետք է արձանագրել՝ եթե հաղորդակցությունները, ենթակառուցվածքները պետք է բացվեն, ուրեմն երկուստեք արձանագրվող ուղիները պետք է լինեն երկրի ինքնիշխանության սահմաններում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930