Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը քայլ առ քայլ դառնում է ավելի կարեւոր դերակատար. Արարատ Միրզոյան

Հունիս 10,2022 15:09 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը նույնպես Երևանում կկայանա՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում։ Այս մասին այսօր Երեւանում անցկացվող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթականի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, Երեւանում այսօր սկսվել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Այն նախ նեղ կազմով տեղի ունեցավ, որից հետո նիստի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը քայլ առ քայլ դառնում է ավելի կարեւոր դերակատար թե՛ անդամ երկրների, թե՛ առհասարակ, Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում: Նրա գնահատմամբ, 30 տարի առաջ տարածաշրջանի երկրները ճիշտ են կողմնորոշվել՝ ՀԱՊԿ-ը ստեղծելու մասին որոշում կայացնելով, ինչն էլ հաստատուն քայլերի արդյունքում հանգեցրեց կառույցի՝ 20 տարի առաջ հիմնադրմանը:

«Մեր կազմակերպության առաջ ի սկզբանե բարդ խնդիր է դրված, քանի որ հավաքական անվտանգության յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները, իր տեղական կարիքներն ու պահանջները, իր առաջնահերթությունները», – ասաց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ անելիքներ շատ կան, բայց արդեն հստակ է, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը՝ որպես անվտանգության դոնոր, աստիճանաբար կմեծանա՝ դուրս գալով եվրասիական տարածաշրջանի ի սկզբանե նախանշված սահմաններից:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց նաեւ, որ նեղ կազմով կայացած նիստում քննարկվել են աշխարհաքաղաքական իրողությունները եւ դրանց ՀԱՊԿ-ի հակազդման, արձագանքման հնարավորությունները, ՀԱՊԿ-ի կատարելագործմաննը վերաբերող հարցեր:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էլ տեղեկացրեց, որ նիստի արդյունքում կստորագրվի երեք փաստաթուղթ. արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների միջեւ եւ 2022-2024թթ. խորհրդակցությունների ծրագրի ընդունումը։

Նախատեսված է նաեւ դրոշմանիշի եւ ծրարի մարում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: