Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն այցելել է Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ (Տեսանյութ)

Հուլիս 06,2022 23:23

Սյունիք կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Վերիշեն գյուղական բնակավայրում գտնվող կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ: Կենտրոնում տիկնոջը դիմավորել և տեղում կատարվող աշխատանքներին ծանոթացրել է կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2009թ. հունիսին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և տեղական կանանց նախաձեռնող խմբի կողմից: Ռեսուրս կենտրոնը մեծացնում է կանանց մասնակցությունը տնտեսական և քաղաքական կյանքում։

«Կենտրոնում Գորիսի և հարակից գյուղերի կանայք բրդից թելեր են ստանում, ներկում բնական հումքով և գործում գորգեր։ Վերջերս Հոլանդիայից ձեռք բերված ջուլհակագործության սարքով կանայք կարողանում են զբաղվել նաև ջուլհակագործությամբ, որով էլ զարկ է տրվում տեքստիլի արտադրությանը: Կարում են վարագույր, ծածկոց, բարձ և պայուսակ: Կոստյումներ և կոշիկներ կարելու համար այս պահին ոճաբան-մասնագետի փնտրտուքի մեջ են։ Աննա Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց լինել դրանց առաջին կրողը, երբ ստացվի առաջին արտադրանքը։ Կենտրոնը նպատակ ունի Երևանում բացել խանութ և ապրանքներն արտահանել այլ երկրներ։

Կենտրոնի համար այցեքարտ են դարձել իրենց կարած բարձերը։ Դրանք խորհրդանշական են, քանի որ կարված են բացառապես բնական թելերի գույներով, իսկ զարդանախշերը Գորիսի տների շեղ քարերի տեսքով են։

Արտադրամասի ապրանքների վաճառքն ապահովվում է համայնքի հյուրանոցների հաշվին: Հիմնական սպառողները զբոսաշրջիկներն են: Արտադրամասի շնորհիվ մշտական աշխատանք ունի 14 կին։

Շաբաթական 3 անգամ էլ Գորիսի ու հարակից գյուղերի 10-12 տարեկան աղջիկներին սովորեցնում են կարպետագործություն։ Այցի ավարտին տիկին Հակոբյանը զրուցեց երեխաների հետ, տեսավ նրանց աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031