Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Միշելը կշարունակի շատ ակտիվ ներգրավված լինել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում. Տոյվո Քլաար

Հուլիս 07,2022 13:24 Share

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն անձամբ կշարունակի շատ ակտիվ ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։

«Հույս ունեմ, որ ապագայում մենք կտեսնենք առաջնորդների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) նոր հանդիպումներ, քանի որ այդ ձևաչափն իսկապես մեծ նշանակություն ունի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Շառլ Միշելին հաջողվեց քննարկել և առաջընթացի հասնել մի շարք հարցերի շուրջ: Եվ այդ իմաստով, անկասկած, դա այն ձևաչափերից մեկն է, որի վրա ԵՄ-ն առաջարկում է կենտրոնանալ՝ որպես առանցքային ձևաչափ՝ տարբեր հարցերի լուծման համար: Միաժամանակ մենք շարունակում ենք աշխատել նաև այլ մակարդակներում: Ես անձամբ իմ թիմի, ինչպես նաև նախագահ Միշելի գրասենյակի գործընկերների հետ պարտադիր կերպով կնպաստենք Բաքվի ու Երևանի հետ գործակցությանը՝ քննարկվող կարևոր հարցերի լուծման համար: Խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, հաղորդակցությունների վերաբացմանը և սահմաններին: Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնց լուծման գործում, կարծում եմ, ԵՄ-ը ունեցել է և կունենա ակտիվ մասնակցություն՝ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Քլաարը:

Տոյվո Կլաար

Անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, նա ընդգծել է, որ ԵՄ-ը արդեն օգնության ձեռք է մեկնել այդ հարցի լուծման համար:

«Բայց, անկասկած, մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով: Ես կցանկանայի նշել, որ մայիսի 22-ին առաջնորդների վերջին հանդիպմանը այդ հարցը եղել է քննարկումների կարևոր բաղադրիչը: Եվ առաջնորդները հասան որոշակի կարևոր պայմանավորվածությունների… Դա իհարկե, առանցքային հարց է Հայաստանի և Ադրբեջանի համար, որը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար: ԵՄ-ը կշարունակի մեծ ուշադրություն հատկացնել այդ հարցի լուծմանը»,- ասել է Քլաարը:

Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը, ինչը կնշանակի տրանսպորտային ենթակառուցվածքների և հաղորդակցությունների վերականգնում, անկասկած, տարածաշրջան կգրավի ավելի շատ ներդրողների, որոնք փոփոխվող հանգամանքներում կտեսնեն հարավային Կովկասի աճող նշանակությունը միջազգային առևտրի և փոխադրումների համար:

«Բացի այդ, ապագայում, քանի որ մենք կարող ենք առավել լայն գործակցություն հաստատել Հարավային Կովկասի երեք երկրների միջև տարբեր բնագավառներում… դա մաքուր օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երեք երկրներին: Կարծում եմ, որ այն ճանապարհը, որի վրա մենք այժմ գտնվում ենք, մեծ հեռանկարներ են բացում Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի, իսկ հետո նաև ԵՄ-ի համար, քանի որ բոլոր երեք երկրները մեր կարևոր հարևաններն են: Եվ մենք, անկասկած, մեր հարևանների համար ամենալավն ենք ցանկանում»,- եզրափակել է Քլաարը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031