Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքահայությունն ընդհանրապես հուսահատվելու իրավունք չունի». Նուբար Աֆեյանն առաջարկում է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր մոդել

Հուլիս 08,2022 15:26

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը 44-օրյա պատերազմից հետո մտահոգություն ունի, որ Հայաստան-սփյուռք համագործակցությունը նախկինի նման այդքան մեծ կարեւորություն չի ստանում: Նա այս մասին ասաց «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:

Նուբար Աֆեյանի խոսքով՝ ինքը սփյուռքում է ծնվել, ապրել Լիբանանում, Կանադայում, հիմա էլ ԱՄՆ-ում է ապրում. «Անցյալ 22 տարվա ընթացքում Հայաստանի զարգացման ծրագրերով զբաղվել եմ: Ամեն տարի 5-6 անգամ գալիս եմ Հայաստան: Այդ ողջ ընթացքում միշտ կարծում էի, որ սփյուռք-Հայաստան հարաբերություններն ընդհանրապես լավ են ու լավանալու են: Որոշ պատճառներով՝ վերջին 1-2 տարվա ընթացքում մտահոգություններ են ծնվել: Այդ բոլոր քայլերը, որոնք արել ենք տարիների ընթացքում, որպեսզի ավելի լավ կարողանանք համագործակցել, ընդհանրապես անհետացան: Շատ ավելի լուրջ խնդիրներ առաջացան Հայաստանի առջեւ՝ պատերազմ, համավարակ, եւ այդ պարագայում, որ համագործակցությունը շատ ավելի կարեւոր է, այն դարձել է շատ ավելի քիչ կարեւոր, քան նախկինում էր»:

Նուբար Աֆեյանի խոսքով՝ այդ մտահոգությունը կա աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի մոտ:

Նա այսօր Հայաստանի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ է տեսնում: «Ներկան պարտադրում է, որ գործիչներն անվերջ ներկայի վրա աշխատեն: Սփյուռքահայությունը կարող է ապագայի վրա աշխատել, քանի որ ներկայի վրա այդքան ազդեցություն չի կարող ունենալ: Կարող է փողով, ներդրումներով օգնել, բայց պետք է այստեղ լինես, որ ներկայի վրա աշխատես, բայց ապագայի վրա աշխատելու համար կարող ես լինել Լոս Անջելեսում կամ ուր ուզես, և կարող ես երազներդ արտահայտել և իրականություն դարձնել որոշ տարիների ընթացքում»,-ասաց պարոն Աֆեյանը:

Ըստ նրա՝ սփյուռքահայությանը երկարաժամկետ ծրագրերը պետք է ավելի հետաքրքիր լինեն. «Եթե գտնենք այն ձեւը, որ Հայաստանն ու սփյուռքը կամուրջներ ստեղծեն, սփյուռքը՝ ապագայից, ներկան՝ Հայաստանի կողմից միացնենք, իմ կարծիքով դա կլինի նոր մոդել»:

Նա առաջարկում է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր մոդել՝ Հայաստանում գործիչները պետք է աշխատեն ներկայի ուղղությամբ, իսկ սփյուռքը՝ ապագայի, այսինքն` երկարաժամկետ ծրագրերի:

Նուբար Աֆեյանի խոսքով, տարիներ շարունակ ինքը մասնակցել է սփյուռք-Հայաստան տարբեր համաժողովների, լսել է այն միտքը, որ Ադրբեջանն ունի նավթ, Հայաստանն ունի իր սփյուռքը՝ իր «նավթը»: «Կարող է սփյուռքը նավթ է, բայց, եթե չկարողանանք նավթը հողից հանել եւ օգտագործել, դա կմնա պարզապես երազանք: Պետք է կարողանանք խոսակցությամբ իրար գտնել, հասկանալ, հարգել, կարոտն արտահայտել, որ կարողանանք առաջ գնալ»,-ասաց նա:

Նուբար Աֆեյանի համոզմամբ՝ ամենակարեւոր 10 նպատակներից մեկը պետք է լինի այն, որ հազարավոր մասնագետներ, տասնյակ հազարավոր ուսանողներ գան այստեղ եւ իրենց տաղանդը, ներուժը ներդնեն Հայաստանի եւ Արցախի ապագայի կերտման հարցում:

«Սփյուռքահայությունն ընդհանրապես հուսահատվելու իրավունք չունի: Բայց շատ ավելի պահանջկոտ լինելու իրավունք ունի, որպեսզի մեր ներդրումներն ու մեր ժամանակը շատ ավելի ազդեցություն ունենան: Իբրեւ սփյուռքահայ կարող եմ ասել, որ մենք ապրում ենք շատ ավելի դյուրին, շատ ավելի լավ վիճակում, եթե մենք մեր ջանքն ենք ներդնելու Հայաստանի ապագային, նախեւառաջ պետք է ասենք, որ հուսահատվելու իրավունք չունենք»,-ասաց Նուբար Աֆեյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031