Հոգեւորության, կրոնի եւ հոգեկան առողջության 6-րդ գլոբալ համաժողովը (6th Global Summit on Spirituality, Religion, and Mental Health) միջազգային առաջատար մասնագիտական իրադարձություն է, որը 2026 թվականի մայիսի 14–15-ը անցկացվել է Բոստոնում՝ Հարվարդի բժշկական դպրոցում։
Համաժողովն այս տարի ուներ «Ուրվագծելով ապագան․ գիտական հետազոտություններից դեպի գործնական կիրառություն» խորագիրը։
Այն միավորել էր աշխարհի 22 երկրներից ժամանած հոգեբույժների, հոգեբանների, հետազոտողների, հանրային առողջության ոլորտի մասնագետների՝ քննարկելու հոգեւորության եւ հոգեկան առողջության կապը տրավմայի հաղթահարման, վերականգնման եւ մշակութային համատեքստում հոգեկան առողջության ժամանակակից մոտեցումները։
Այս հեղինակավոր կոնֆերանսը համարվում է ոլորտի ամենակարեւոր միջազգային իրադարձություններից մեկը, որտեղ ներկայացվում են նոր գիտական տվյալներ եւ կիրառական մոդելներ։
Կարդացեք նաև
Այս տարի համաժողովն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ այստեղ ասելիքն ունեին նաեւ Հայաստանի մասնագիտական համայնքի ներկայացուցիչները։
Ամերիկահայ գործարար, սոցիալական ձեռներեց Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը կոնֆերանսի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով հիմնադրամի կողմից մշակված հոգեւոր-հոգեբանական մոտեցումը։
Իր ելույթի ընթացքում Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրել է մոտեցման ձեւավորման հիմքերը, դրա մեթոդաբանական առանձնահատկությունները եւ գործնական ազդեցությունը մարդկանց ներքին վերականգնման, հոգեբանական կայունության եւ ապագայամետ մտածողության ձեւավորման գործընթացում։
Միջազգային ու հայաստանյան լավագույն մասնագետների հետ համատեղ մշակված այս յուրահատուկ մոտեցումը հիմնված է հայ ժողովրդի վերապրման եւ վերականգնման պատմական փորձառության վրա՝ համադրելով հոգեւոր արժեքներն ու ժամանակակից հոգեբանական գիտելիքը։ Այն ուղղված է մարդկանց օգնելու՝ վերագտնելու ներքին հստակությունը, հաղթահարելու ճգնաժամային փորձառությունները եւ վերականգնելու կյանքի իմաստի զգացողությունը։
Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի մասնակցությունը կարեւոր քայլ է՝ հայկական մշակութային փորձառության հիման վրա ձեւավորված հոգեւոր–հոգեբանական մոտեցումը միջազգային մասնագիտական դաշտում ներկայացնելու եւ գլոբալ քննարկումների մեջ ներգրավելու ճանապարհին։
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը գործում է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի աջակցությամբ։ Մանրամասները` revival.am կայքում։


















































