Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ավետիք Չալաբյանի գործում ամեն ինչ կա, բացի իրավունքից եւ իրավաբանությունից»

Հուլիս 08,2022 23:13

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ավետիք Չալաբյանի գործով նյութերը վերադարձվել են նախաքննության մարմին եւ նոր միջնորդություն է ներկայացվել՝ կալանավորման երկարացման համար: Միաժամանակ տեղեկացվում էր որ հուլիսի 8-ին ժամը 18:00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր՝ Աջափնյակ 1, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ հրատապ կարգով տեղի է ունենալու Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը: Ավելի ուշ հայտնի դարձավ,  որ դռնփակ դատական նիստը հետաձգվել է մինչեւ վաղը կեսօր:

Aravot.am-ը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին խնդրեց առկա իրողության ընձեռած հնարավորության սահմաններում մեկնաբանել երեւույթը: «Նախաքննական մարմինը՝ քննչական կոմիտեն, ավարտել է Ավետիք Չալաբյանի գործով նախաքննությունը եւ նյութերն ուղարկել դատախազություն՝ դատարան ուղարկելու եւ վերջնական դատաքննական փուլին անցնելու համար: Սակայն քննիչի միջնորդությունը դատախազությանը չի բավարարել, տեղեկությունները համարել է ոչ լիարժեք եւ ուղարկել է հետ՝ կրկնակի քննության, ինչը նաեւ պատճառ է հանդիսացել, որպեսզի միջնորդություն ներկայացվի Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար:

Այս դեպքում հարց է առաջանում. եթե քննիչին չի հաջողվել բավարար ապացույցներ ձեռք բերելու, իր իսկ կողմից ներկայացված մեղադրանքը հիմնավորելու համար, ապա դրանից ինչի՞ պետք է տուժի Ավետիք Չալաբյանը եւ հավելյալ մնա կալանքի տակ: Օրենքով սահմանված երկու ամիսը ողջամիտ ժամկետ է, որ քննիչը պետք  ավարտի իր բոլոր նախաքննական գործողությունները եւ փորձի հիմնավորել իր մեղադրանքը:  Հիմա, եթե դա չի արել,  նշանակում է՝ մեղադրանքը անհիմն է: Էլ չեմ ասում, որ ամենեւին պարտադիր չէր, որ նախաքննության ընթացքում Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեր կալանքը: Ավետիք Չալաբյանը կարող էր լինել ազատության մեջ, էլի իրականացվեր նախաքննություն, կիրառվեր այլ ռեժիմ: Ասենք, ստորագրություն չբացակայելու մասին, որովհետեւ նա իր վարքագծով երբեք առիթ չի տվել որեւէ իրավապահ մարմնի, այդ թվում՝ քննիչին՝ մտածելու, որ ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, ազդել նախաքննությամբ անցնող մյուս սուբյեկտների վարքի վրա եւ այլն: Այդպիսի բան չի եղել, այդպիսի ապացույց գոյություն չունի, որ նրա ազատության մեջ լինելը ռիսկային է քննության համար:

Հիմա, եթե պարզվում է, որ ըստ դատախազի, քննիչին չի հաջողվել մեղադրանքը  հիմնավորելու բավարար ապացույցներ գտնել, ապա ինչո՞վ է հիմնավորվում Չալաբյանի՝ լրացուցիչ, եւս մեկ ժամկետով անազատության մեջ պահելը: Էլ չասեմ, որ կա մեկ ուրիշ շատ տարօրինակ երեւույթ: Այս ընթացքում, երբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանք է կիրառվել որպես խափանման միջոց, փաստաբանները բողոքարկել են, որպեսզի դա վերացվի դատական կարգով, սակայն դատարանը որոշում է կայացրել այդ գործով միջնորդության քննությունը հետաձգել մինչեւ հուլիսի 21-ը այն դեպքում, որ այդ պահի դրությամբ գոյություն չունի որեւէ այլ իրավական ակտ եւ Չալաբյանը պետք է ազատ արձակվեր, որովհետեւ կալանքի ժամկետը լրանում էր հուլիսի 12-ին:

Այստեղ հարց է առաջանում. եթե կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, ապա ինչպե՞ս կարող է դատարանը այդ կալանքի վերաբերյալ որոշման քննությունը հետաձգի եւ սահմանի հուլիսի 21-ը: Այսինքն,  կարելի է ենթադրել, որ իրավապահ մարմինները, այդ թվում դատարանը, արդեն ունեն ընդհանուր հանձնարարություն եւ ընդհանուր ինֆորմացիա, որ ամեն դեպքում Ավետիք Չալաբյանը մնալու է կալանքի տակ հուլիսի 21-ի դրությամբ:

Մի շատ կարեւոր հանգամանք էլ: Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին, հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քրօր-ով ապաքրեականացվել էր: Այսինքն, ցանկացած պարագայում հուլիսի 1-ին Չալաբյանը պետք է ազատ արձակվեր: Բայց այս ընթացքում իշխանական խմբակցությունը կարճ ժամանակահատվածում, առանց հանրային քննարկումների, արագացված ռեժիմով փոփոխություն է կատարել քրեական օրենսգրքում եւ այդ հոդվածը նորից քրեականացրել է, որպեսզի մինչեւ հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելը կրկին համարվի քրեական հանցագործություն եւ Չալաբյանը շարունակի մնալ կալանքի տակ:

Այս ամենի համադրությունը ցույց է տալիս, որ այս գործի մեջ իրավունքից ու իրավաբանությունից բացի ամեն ինչ կա. եւ բռնաճնշում, եւ քաղաքական հետապնդում, եւ կազմակերպված հանցավոր գործունեություն, եւ իշխանական պաշտոնական դիքերի լիազորությունների չարաշահում: Ամեն ինչ, բացի իրավունքից, իրավաբանությունից»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031