Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցումը նորովի պետական քաղաքականություն է դառնում». Արայիկ Նավոյան

Հուլիս 13,2022 13:00

Օրերս տեղի է ունեցել նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության /ԱՀՈՒ/ կազմակերպման եւ իրականացման մեխանիզմների ձեւավորման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով վերաստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խնդիր է դրված քննարկումների արդյունքում բարելավել Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման հայեցակարգը, որը ընդունվել է 2019 թվականին, ինչպես նաեւ ներկայացնել առաջարկներ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրով նախատեսված ԱՀՈՒ գծով: Իբրեւ Եվրոպական կրթական հիմնադրամի (կենտրոնակայանը` Թուրին) ազգային փորձագետ, աշխատանքային խմբի կազմում ընդգրկված է նաեւ Արայիկ Նավոյանը, որն այս ասպարեզում լուրջ փորձառություն ունի:

Ինչպես նշված է Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգում, նա հանդիսացել է հայեցակարգի լրամշակողն ու խմբագրողը, այս թեմայով «Էրասմուս պլյուս» ծրագրի շրջանակում նախաձեռնել է նաեւ ԱՀՈՒ ներդրումը Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում: Ըստ Արայիկ Նավոյանի, աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը, որը վերաբերում է իրական աշխատանք կատարելու ընթացքում ուսումնառությանը, Հայաստանում հրատապ թեմա է եւ նորովի պետական քաղաքականություն է դառնում:

Այն ուսանողին տրամադրում է հնարավորություն՝ ձեռք բերելու պահանջվող հմտություններ եւ ներգրավվելու մասնագիտական աշխատանքի: Դրա արդյունքում պետությունը ստանում է հմուտ աշխատուժ, որն արագ արձագանքում է աշխատաշուկայի պահանջներին: Գիտենք, որ գործազրկությունը երիտասարդության շրջանում դեռ բարձր է մնում, իսկ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը աջակցություն է հատկապես երիտասարդների զբաղվածությանը: Ներկա պայմաններում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության գծով ժամանակակից քաղաքականության մշակման, իրավական շրջանակի եւ կիրառման գործիքների սահմանումը խիստ անհրաժեշտություն է: «Առավոտի» հետ զրույցում Արայիկ Նավոյանը, խոսելով նախարարությանը կից նման աշխատանքային խմբի դերից, ասաց, որ այն անչափ կարեւորում է տարբեր շահակիցների կարծիքները` ԱՀՈՒ-ի ներդրման հայեցակարգի եւ ճանապարհային քարտեզի նորացման գործում, հայեցակարգը ավելի իրատեսական եւ արդիական դարձնելու տեսակետից:

Փորձագետի խոսքով. «Ընդհանրապես ԱՀՈՒ-ի վերաբերյալ հայեցակարգի եւ ճանապարհային քարտեզի առկայությունը ՄԿՈՒ ոլորտում լավ հնարավորություն է նախարարության եւ երկրի համար ոլորտի տարբեր ծրագրերը համակարգելու առումով: Դեռեւս 2019թ.-ից Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ ձեւավորված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության աշխատանքային խումբը նպաստել է այս ոլորտում պետական քաղաքականության մշակմանը եւ շահակիցների կարծիքների համադրմանը` նախարարության նախագծերում դրանց արդյունավետ իրականացման տեսակետից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031