Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Ընդունում ենք որոշումներ, որոնցից մարդը չի կարողանում օգտվել

Հուլիս 21,2022 14:41

Այսօր, երբ կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը զեկուցեց 2016 եւ 2020 թվականների արցախյան պատերազմներին մասնակցած եւ գործազուրկ քաղաքացիների ուսման վարձի փոխհատուցման մասին նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ եւ այլ որոշումների արդյունավետությանը:

«Մենք որոշումները կայացնում ենք մարդկանց համար եւ երբ այդ որոշումները կարդում ենք, դրանք շատ լավ հնչում են, բայց շատ կարեւոր է հետո գնալ, տեսնել՝ այդ լավ տեքստը շահառուի կյանքում մի բան փոխե՞ց դեպի լավը, թե՞ մենք ընդամենը լավ տեքստ ասացինք, հետո գնացինք մի ուրիշ լավ տեքստ գրելու, իսկ մարդու վիճակը մնաց նույնը: Սա ամենամեծ խնդիրն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, ամեն քայլափոխի մարդիկ բախվում են դրան. «Նույնիսկ լինում են դեպքեր, երբ որոշումն ընդունում ենք, հետո հաշվետվությունների մեջ ասում ենք՝ այս որոշումն ընդունեցինք, հետո, պատահաբար տեսնում ենք, որ մենք այդտեղ մի կարգավորում ենք արել, որ մարդը դրանից չի կարողանում օգտվել: Ենթադրենք, ավտոբուսը «ա» կետից շարժվում է «բ» կետը, բայց դռներ չունի եւ կանգառներում էլ չի կանգնում, որ մարդիկ նստեն: Բայց երբ գալիս է հաշվետվության ժամանակը, նշվում է՝ մեծարգո պարոն վարչապետ, զեկուցում ենք, որ համաձայն էսինչ որոշման, Էրեբունի վարչական շրջանից մինչեւ ասենք՝ Նոր Նորքի վարչական շրջան ավտոբուսը երթեւեկում է, օրական կատարում է 30 երթ: Հետո հարցնում ես՝ քանի՞ ուղեւոր է տեղափոխել, ասում են՝ ոնց որ 2: Սա ֆենոմեն է եւ ամեն ամիս նման մի խնդրի բախվում ենք»:

Անդրադառնալով Նարեկ Մկրտչյանի ներկայացրած նախագծին, համաձայն որի՝ շահառուն պետք է ուսման վարձը վճարի, հետո՝ պետությունը նրան 5 օրվա ընթացքում ամսական 50 հազար դրամ փոխհատուցում է, վարչապետն ասաց՝ սա էլ այդ նույն որոշումների շարքից է:

«Իսկ եթե ինքը փող չունի, որտեղի՞ց է վճարելու: Ավելի լավ է, որ մենք ուսումնական հաստատությանն ասենք՝ ինքը մեր շահառուն է, պետությունն է, երաշխավոր, ուսման վարձը վճարելու է: Ոնց որ էլի նույն ավտոբուսին ենք գործարկում: Մենք մարդուն ասում ենք՝ դու գնա վարձը վճարի, հետո մենք քեզ կտանք: Բայց մարդը կարող է այդ գումարը չունի: Ավելի լավ է մենք ուսումնական հաստատությանն ասենք՝ ինքը մեր շահառուն է, դու իրենից վարձը մի ուզի, մենք կփոխհատուցենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նարեկ Մկրտչյանն ասաց, որ գործատուն ինքն է որոշում՝ շահառուն որտեղ սովորի, այդ պատճառով այլ ընթացակարգեր են գործում: Բայց հավելեց՝ տեխնիկական խնդիր է, մինչեւ ստորագրելը կփոփոխենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031