Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Չեննայում հաղթել է գրեթե բոլոր ուժեղագույն հավաքականներին

Օգոստոս 12,2022 15:53

Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն մարզադպրոցում հանդիպեց մամուլի ներկայացուցիչների հետ:

Տղամարդկանց առաջնությունում, որին մասնակցում էր 186 ազգային հավաքական, մեր ընտրանին տարել է ամենից շատ հաղթանակ՝ 9, 1 տուր ավարտել է ոչ ոքի եւ կրել մեկ պարտություն:

Հավաքականի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արման Փաշիկյանն ասաց, որ օլիմպիադան հավաքականի համար հենց սկզբից բարենպաստ ընթացք ստացավ: «Առաջին վեց մրցամարտում հաղթեցինք: Ճիշտ է, մեկնարկային հանդիպումները համեմատաբար թույլ հավաքականների հետ մի փոքր դժվարությամբ էինք հաղթում, սակայն հետագայում դա գնալով ավելի լավ ընթացք ստացավ: Իսկ երբ ԱՄՆ-ի հետ ոչ-ոքի արեցինք, հետո հաղթեցինք Հնդկաստանին, հասկացանք, որ օլիմպիադայում հաղթելու մեր շանսերը մեծանում են: Ցավոք, պարտվեցինք Ուզբեկստանի հավաքականին: Մրցաշարի ավարտին նրանց հետ միասին վաստակեցինք հավասար միավոր, սակայն լրացուցիչ միավորներով իրենք առաջ անցան»,- ասաց նա ու պատմեց, որ երբ պարզ դարձավ, որ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնն են, մի տեսակ էմոցիաներն այն չէին: Նույնիսկ Մանուել Պետրոսյանն արդեն հյուրանոցում «սրտնեղել է», թե նորմա՞լ է, որ այսպիսի նվաճումից հետո չենք ուրախանում:

Արման Փաշիկյան

«Մենք խաղացինք բոլոր ուժեղագույն թիմերի հետ, հաղթեցինք շատերին: Թերեւս դա էր, այսպես ասած, տխրության պատճառը, որ չհաղթեցինք: Բայց գիտակցում ենք, որ սա շատ բարձր նվաճում է: Ուզում եմ բոլոր տղաներին շնորհակալություն հայտնել նրա համար, որ մի մարդու նման պայքարում էին թիմային հաղթանակի համար, իրենց անձնական ամբիցիան մի կողմ թողնելով:

Գաբրիել Սարգսյան

Հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանը նշեց, որ թիմային հաղթանակ տոնելու համար կարեւոր դերակատարություն են ունենում բազմաթիվ նրբություններ, ինչի պակաս իրենք չեն ունեցել: «Այդպիսի իրողություններ եղել են գրեթե բոլոր մատչերում, բացի երկուսից՝ Ադրբեջանի եւ Իսպանիայի հետ հանդիպումներից, որոնք մենք շատ վստահ անցկացրինք:

Մենք ամենասկզբից եղել ենք առաջատար ու բոլոր խաղերն անցկացրել ենք ուժեղ հավաքականների հետ: Իսկ, օրինակ, նույն Ուզբեկստանը մի պահ հետ գնաց, խաղաց Պերուի հետ ու հաղթեց 4:0 հաշվով, իսկ մենք այդ ժամանակ խաղում էինք Հնդկաստանի առաջին հավաքականի հետ, որին հաղթեցինք 2,5:1,5: Պարզապես, հնարավորություն չկար, որ մենք էլ Հնդկաստանի ուժեղ թիմին 4:0 հաղթեինք: Անգամ եզրափակիչ տուրում մենք խաղում էինք անհամեմատ ուժեղ Իսպանիայի հետ, քան Ուզբեկստանի մրցակից Հոլանդիան էր: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մենք ավելի արժանի էինք առաջին տեղը գրավելուն»,-ասաց Հայաստանի այսօրվա հավաքականի առաջատարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031