Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան․ «Զինվորի մարմինը մերկ, պարկի մեջ ու 5 օր ուշացումով բերել, հանձնել էին ծնողին, դին արդեն վատ վիճակում էր»

Օգոստոս 23,2022 15:31

«Տպավորություն է, որ բանակում վերահսկողություն ընդհանրապես չկա։ Բանակում մահվան դեպքերն աճում են»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Ավելի վաղ նա թիվ էր հրապարակել, նշելով՝ այս տարվա յոթ ամիսներին բանակում 39-40 մահվան դեպք է գրանցվել։

Իրավապաշտպանն ասաց, որ իրենք գնում են զոհված զինծառայողների պատմության հետքերով, այցելում են զինվորի հարազատներին եւ դեպքի մասին մանրամասներ պարզում։ Օրինակ՝ մայիսի 28-ին զինծառայող Դավիթ Վարդանյանը հակառակորդի կրակոցից զոհվել է մի դիրքում, որտեղ չեն եղել առաջին բուժօգնության պարագաներ, պատգարակ, կահավորված դիրքեր, վրանի տակ էին զինվորները, օգնություն չի ցուցաբերվել, զինվորն արնաքամ է եղել՝ մինչեւ իջեցրել են, մահացել է․ «Սա մարդու կյանք է, եւ թվում է, թե դեպքերը, երբ հրապարակում ենք, ինչ-որ բան պետք է արվի, որպեսզի այլեւս չկրկնվի։ Դժվար է պատկերացնել, որ կարելի է այդքան անտարբեր մնալ։ Բայց մի քանի ամիս հետո նորից լսում ենք մահվան դեպքերի մասին։ Ասենք՝ զինվորն այրվել է, հինգ ժամ նրան ոչ ոք չի կարողացել օգնություն ցույց տալ, դեղատուփ չկա դիրքերում։ Սա ի՞նչ է նշանակում, բացահայտ եւ բացարձակ անտարբերության պատճառով է այս ամենը կատարվում։ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում էլ ենք եղել։ Լսել ենք, թե ինչպես են զոհվել՝ անտերության մատնված, կարող էին այդքան չզոհվել։ Բայց այդ անտարբերությունը, անվերահսկելի վիճակը․․․ պատերազմից երկու տարի անց բան չի փոխվել»։

Ալեքսանյանի խոսքով՝ օգոստոս ամսին բանակում 5 զոհ է եղել, սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որեւէ բացատրություն չի տվել․ «Միշտ նախկիններին են օրինակ բերում։ Ես էլ նախկինի օրինակ բերեմ՝ Սեյրան Օհանյանը գոնե մեկ-մեկ դուրս էր գալիս, ինչ-որ բացատրություն կամ հաշվետվություն էր ուզում տալ։ Բայց Սուրեն Պապիկյան գոյություն չունի։ Դուք ո՞նց կարող եք այդ ընտանիքների հետ այդպես վարվել»։

Ապա իրավապաշտպանը մեկ այլ զինվորի՝ Սիսիանի դիրքերում հրազենային մահացու վիրավորում ստացած Արսեն Մանուկյանի ողբերգական պատմությունը ներկայացրեց․«Այցելեցինք ընտանիքին, Վարդենիս։ Հայրը ամբողջ կյանքում սահման էր պահել, տղան 44-օրյա պատերազմի մասնակից էր, իսկ փոքր տղային սպանել էին բանակում, քննչական կոմիտեն ինքնասպանություն է որակել։ Եվ այս մարդը այնքան վիրավորված էր, դեռ վիշտը մի կողմ․․․ սոցիալական ծանր պայմաներում են ապրում։ Երեխայի մարմինը հինգ օր ուշացումով էին հանձնել ծնողին, արդեն վատ վիճակում էր դին։ Մարմինը մերկ, պարկի մեջ էին բերել։ Սա ի՞նչ վերաբերմունք է, ձեր երեխաների հետ կարո՞ղ են այդպես վարվել։ Ամենաթողություն է եւ որեւէ մեկը չի մտածում կարգ ու կանոն, վերահսկողություն սահմանելու մասին։ Մենք այսքան պատմություններ ենք հրապարակում, բայց մեր ձայնը ոչ ոք չի լսում, զանգում ենք իրենց, ոչինչ չի փոխվում։ Ի՞նչ կարեւոր հարցերով է զբաղված նախարարը, եթե մարդու կյանքն իր համար զրո է, որ մեկ ամսում մեկ տասնյակ զինվոր կարող է մահանա, բայց իրենց բացարձակ հետաքրքիր չլինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031