Aravot.am-ի խնդրանքով ճանաչված արվեստագետ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանը ներկայացրեց, թե ինչ խորհուրդ ուներ օրերս Աղավնոյում իրականացրած իր «Ռեւանշ լինելուա» ծիսակարգ-պերֆորմանսը:

Մինչեւ մի հինգ տարի առաջ՝ ամեն տարի օգոստոսի 11-ին էի պերֆորմանսներ անում, հետո սկսեցի դեկտեմբերի 24-ին անել՝ արեւադարձի օրը: Արեւադարձի օրվա մեջ խորհուրդ կա՝ արեւը վերադառնում է, նոր կյանք է սկսվում: Տարին մահանում է եւ նոր տարի է սկսվում: Դա մեռնող ու հարություն անող աստծուն՝ Արայի հետ է կապվում:
Մի խոսքով, հասկացա, որ դա պերֆորմանսի նյութ է եւ որոշեցի դեկտեմբերի 24-ին իրականացնել: «Ռեւանշ լինելուա»-ն կապվում էր նոր ծննդի հետ, այդ գաղափարն է խորքում դրված: Հետո մի անգամ էլ եմ արել պերֆորմանս Զաբուղում՝ Աղավնոյում, որտեղ մենք էինք մտել Հայաստանի կողմից առաջինը»,-ասաց արվեստագետը:
Կարդացեք նաև

«Խնդիրն այսպես է դրված՝ եթե այս արեւի տակ ապրում ես, ուրեմն գոյատեւման տարածք պետք է ունենաս, իսկ գոյատեւման տարածք ունենալու համար մարդկության պատմության սկզբից սկսած՝ պայքար է գնացել: Հիմա այս չորս տարվա մեջ ժողովրդին հասցրին այս վիճակին, բայց մի բան պարզ է՝ ապրելու համար պետք է կռիվ տալ… Իմ կարծիքով պետք է մտնել դպրոց ու մանկապարտեզ եւ քարոզել, որ եթե ուզում ես ապրել այս արեւի տակ, ուրեմն պետք է պայքարես: Իսկ այդ պայքարն իր արդյունքները կտա հինգ, տասը տարի հետո, թե տասնհինգ, միեւնույն է՝ մի օր ռեւանշ պիտի լինի, եթե ուզում է էս ազգը: Գաղափարը սա է»,-ընդգծեց արվեստագետը:
Աշոտ Ավագյանը հավատում է, որ մի օր նորից վերադառնալու ենք այն վայրերը, որտեղից ջուր ենք վերցրել, ու ռեւանշ լինում է միայն հարատեւ պայքարի ժամանակ, որն էլ թույլ է տալիս ապրել:
Գոհար ՀԱԿՈԲՅՍՆ


















































