Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Bellum omnium contra omnes

Սեպտեմբեր 07,2022 10:00

Անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբբսը կարծում էր, որ եթե մարդկանց հնարավորություն տրվի դրսեւորվել իրենց բնական վիճակով, ապա կհաստատվի կատարյալ քաոս, եւ բոլորը կսկսեն պայքարել բոլորի դեմ: Եվ իսկապես՝ հենց որ բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորումները պետությունների ներսում եւ պետությունների մեջ հարաբերություններում սկսում են չգործել, առաջին պլան է գալիս ուժեղի իրավունքը, եւ այդ դեպքում ավելի ուժեղները սկսում են ավելի թույլերից նրանց ունեցածը խլել, բայց ուժեղներից է՛լ ավելի ուժեղները կան, եւ, այսպիսով` պետությունը կամ ամբողջ աշխարհը սուզվում է քաոսի մեջ:

Բարեբախտաբար, ի հեճուկս այն հանգամանքի, որ այժմ Եվրոպայի արեւմտյան մասում պատերազմ է գնում, գերտերությունները դեռեւս չեն անցել այն սահմանը, որից անդին գալիս է միջուկային ապոկալիպսիսը: Օրինակ, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք կատարեց Թայվանում, չինական օդուժն այդ ինքնաթիռը չխոցեց՝ չնայած այդպիսի սպառնալիքներ չինական կողմից հնչում էին: Այսինքն՝ բոլորը հասկանում էին, որ նման խնդրի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելը խելամիտ չէր: Բայց, համաձայնեք, վիճակը բավականին փխրուն է, եւ դեռ պարզ չէ, թե աշխարհի որ հատվածում ում նյարդերն են տեղի տալու:

Որպեսզի մարդիկ չմտնեն իրենց «բնական վիճակի» մեջ, պետք է պետություն, որն արտացոլում է նրանց պայմանավորվածությունը խաղի որոշակի կանոնների մասին: Ճիշտ նույն ձեւով էլ պետություններն են դուրս գալիս քաոս ծնող «ուժեղի իրավունքի» վիճակից՝ իրար հետ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր կնքելով:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում հասարակական մակարդակում: Այդտեղ նույնպես բոլորը սկսում են իրար միս ուտել, եթե չկա ընդհանուր նպատակի շուրջ պայմանավորվածություն: Ինչի վկան ենք մենք այսօրվա Հայաստանում:

Վերջին օրերին նկատելի է, որ ոչ միայն իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն են իրար բզկտում եւ իրար երեսի ծանր մեղադրանքներ շպրտում, այլեւ նույնը կատարվում է ընդդիմության ճամբարում: Եվ այստեղ պայմանավորվածությունը պետք է լինի ոչ թե իրար նկատմամբ ավելի մեղմ եւ կոռեկտ լինելու թեմայով՝ դա ինքնին կլինի որպես «կողմնակի արդյունք»: Այլ պարզապես քաղաքական վերնախավում պետք է համաձայնություն լինի ռազմավարական նպատակների վերաբերյալ: Կարծում եմ, նման նպատակներից մեկը պետք է լինի Արցախի՝ մեր վերահսկողության տակ մնացած մասը որպես հայկական տարածք պահելը:

Վստահ եմ, որ ոչ մի հայ, ոչ մի ներկա կամ նախկին իշխանավոր, ոչ մի իշխանամետ կամ ընդդիմադիր կուսակցության անդամ չի ցանկանա, որ մենք ունենանք եւս 120 հազար գաղթական: Բայց մի բան է՝ ցանկությունը, մեկ այլ բան՝ առաջնահերթությունը: Արդյոք դա մեծամասնության համար առաջնահերթությո՞ւն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930