Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է Տեղի համայնքապետի կողմից գումարներ գանձելու մասին ահազանգողը (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2022 22:02

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանն ահազանգել էր Սյունիքի մարզպետարան, որ համայնքում՝  յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով։ Ավելին, նա նշել էր, որ այն բնակիչը, որը անհրաժեշտ գումարը չի տվել՝ նրա տան հատվածը չի խճապատվել։ Թեմային  անդրադարձ էր եղել նաեւ մամուլում։

«Համայնքն ունի 500 տնտեսություն, եթե յուրաքանչյուր ընտանիքի հաշվով 5 հազար դրամով հաշվարկում ենք, 2.5 միլիոն դրամ է կազմում, այսինքն՝ մոտ 5 տոննա վառելիքի գումար են հավաքում»,- ահազանգել էր ավագանու անդամը։

Ահազանգի հետքերով, սեպտեմբերի 7-ին՝սահմանամերձ  Տեղ էր այցելել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նա նախ հանդիպեց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ապա համայնքի բնակիչների հետ, ինչպես նաեւ ծանոթացավ  փողոցների բարեկարգման և խճապատման աշխատանքներին։

Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Aravot.аm-ի հետ զրույցում ասաց, որ դիմելու է  իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ո՞ւմ էր ձեռնտու նման լուրեր տարածելը։ «Այդ աշխատանքների համար ոչ մեկից գումար չի գանձվել, ավելին,  չկա այնպիսի մի փողոց, որ  խճապատված լինի ու որեւէ շենք անտեսված լինի»,-ասում է Դավիթ Ղուլունցը։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը համայնքում չէր։ Մեզ տեղեկացրին, որ նա  մի քանի ամիս է, ինչ Ռուսաստանում է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ, աշխարհագրության ուսուցչուհի  Նազիկ Բաղդասարյանի կարծիքով՝ չպետք է մարդկանց աշխատանքը ջուրը գցել։ «Միայն մեր փողոցում 22 տուն կա։ Այդ տնից 46 երեխա մանկապարտեզ ու դպրոց է հաճախում։ Վերջապես նրանք կարող են բարեկարգ փողոցով քայլել՝ նախկինի պես չցեխոտվել»,-ասում է տիկին Բաղդասարյանը։

Սյունիքի  մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ զրույցում՝ բնակիչները հերքեցին, որ համայնքապետարանին կամ համայնքապետին գումար են տվել։  «Համայնքապետարանը վառելիք տվեց ու իր ենթակայության տակ գտնվող մեկ ավտոմեքենա։ Մենք մեր ուժերով մենք մեր ուժերով 4 «Կամազ» ներգրավեցինք, ժամանակի խնդիր ունեինք»,-ասացին բնակիչները Սյունիքի մարզպետին։

Ռոբերտ Ղուկասյանը եղավ նաեւ Տեղ համայնքի թիվ 2 դպրոցում, ինչպես նաեւ այցելեց Արցախի Բերձորի շրջանից տեղահանված ու համայնքում բնակություն հաստատած ընտանիքներին։ Հիշեցնենք, օգոստոսի 25-ից հետո  Աղավնոյից ու Բերձորից տեղահանված 21 ընտանիք բնակություն է հաստատել Սյունիքի տարբեր բնակավայրերում։ Նշենք, որ մարզպետին ուղեկցում էր նրա խորհրդական Կարեն Բալյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930