Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորից տեղահանվածները համոզված են՝ մի օր վերադառնալու են իրենց տները (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2022 10:19

Սյունիքի մարզի Տեղ համայնքում ենք․ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատանքային խումբն այցելում է Բերձորից ու Աղվանոյից տեղահանված ու Սյունիքում բնակություն հաստատած  ընտանիքներին՝ քարտեզագրում կարիքները։

Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանների բնակավայրերում 21 ընտանիք է տեղավորվել․ ոմանք վարձակալած տներում, մի մասն էլ դեռ բարեկամների տանն են։

Մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հերթական հեռախոսահամարով է զանգահարում։ Տանտիրուհին տանը չէ՝ Ստեփանակերտ է գնացել։ Դուստրը՝ Նարեն հրավիրում է․ «Մաման ասել է, եկեք, ես հարցերին կպատասխանեմ»։ 6 երեխա են՝ 3 աղջիկ, 3 տղա, որից մեծը բանակում է ծառայում։ Մահճակալների կարիք ունեն, աշխատանք է պետք։ Չեն ընկճվում, կդիմանան։

«Հույս ենք ունեցել, որ պիտի մնանք, բացարձակապես չենք մտածել էդքան տարիների ընթացքում այնտեղից դուրս գանք։ Ղեկավարությունը միշտ այնպես է խոսել,  որ մենք պիտի մնանք։ Երեք տուն ենք ունեցել՝ երկու տղաներիս, իմ  ու ամուսնուս՝ առանձին։ Խանութը, տարածքները, ինչ ստեղծել ենք, թողել ենք այնտեղ»,-ասում է Բերձորի բնակիչ, 63-ամյա Աիդա Բալիկյանը։

Բալիկյաններն  օրեր առաջ են տեղափոխվել Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ։ Կահ-կարասին դեռ չի դասավորել՝  վարձակալած տան բակում է։ Ասում է՝ ինչ բերել են, սիրտը չի տալիս, որ դասավորեն։ 1991թ.-ին են տեղափոխվել Բերձոր։

Երեւանում էին ապրում։ Ասում է՝ ամուսինը պետավտոտեսուչ էր, մեծ որդին հարկային տեսչությունում էր աշխատում։ «Այսքանն ասում եմ, որ պատկերացնեք՝ վատ չէինք ապրում, ամուսինս հայրենասեր էր, մի օր որոշեց, որ պիտի տեղափոխվենք ու շենացնենք Բերձորը»,-պատմում է տիկին Աիդան։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք գաղթական են։ «1915 թվականի գաղթականներից չենք տարբերվում։ Ի՞նչ տարբերություն 1915թ.-ի ու 2022թ.-ի միջեւ»,-հռետորական հարց է տալիս Աիդա Բալիկյանը։

28-ամյա Սամսոն  Բալասանյանն ու նրա կինը զարմանում են անկոչ հյուրերի մտնելուց։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը պարզաբանում է՝ մարզպետի հանձնարականով են եկել, փորձում են խնդիրներին ծանոթանալ։ «Շնորհակալ ենք Սյունիքի մարզպետին, որ այս նեղ պահին մեզ հետ է, թեկուզ միայն ձեր ներկայությամբ՝ մի քիչ հանում ենք  մեզ այս վիճակից»,-ասում է տանտերը։

Սամսոնը կնոջ  ու երկու երեխաների հետ նախ Թաղավարդից Շուշի է տեղափոխվել, Շուշիից՝ Բերձոր, Բերձորից էլ` Կոռնիձոր։ Չնայած պիտի օգոստոսի 25-ին տեղափոխվեին, բայց ամսի 21-ին եկան՝ ասացին, որ պիտի շուտ գնան։ «Ամեն ինչ թողեցինք այնտեղ։ Ես տնեցիներին ճամփու էի դրել, մտածում էի՝ ոնց տեղափոխեմ իրերս։ ԿԳԲ-ն վերջին պահին եկավ, ասաց՝ դուրս եկեք, տառականի նման լցվել են այստեղ։ Հավեր եմ ունեցել, կով, խոզեր՝ հղի վիճակում մնացին ծմակում»,-պատմում է Սամսոն Բալասանյանը։  

 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է Քարահունջում անակնկալ միանում աշխատանքային խմբին, այցելում Աղասի Հակոբյանի ընտանիքին, հետաքրքրվում խնդիրներով, հանձնարարում Գորիսի բժշկական կենտրոնին, կրթօջախներին՝ հոգալ անհրաժեշտ կարիքները։

Հակոբյանների ավագ դուստրը՝ Անին  սեպտեմբերի 1-ին դպրոց գնաց՝ համալրելով Քարահունջի դպրոցի առաջին դասարանցիների թիվը։

Մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի խոսքով, իրենց հիմնականում դիմում են կենցաղային տեխնիկայի, մահճակալներ ու փափուկ կահույք ձեռք բերելու հարցերով։ Մարզպետարանի աշխատանքային մի այլ  խումբ էլ գնումներով է զբաղված․ սառնարան, գազօջախ, մահճակալ եւ այլ անհրաժեշտ պարագաներ են  հատկացնում այդ ընտանիքներին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք այս օրերին մեր կողքին են։ Մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին ու «Աժդանակ» ընկերությանը»,-ասում է Նարե Ղազարյանը։

Հրաժեշտ ենք տալիս Բալասանյաններին։ Սամսոնը համոզված է՝ այս անգամ էլ կհաղթահարի դժվարությունները եւ որոշ ժամանակ անց կվերադառնա Բերձորի իր տունը։

«Սա էլ է մեր հողը, այն էլ։ Կապ չունի, որ կյանքի բերումով այսպես ստացվեց․ մեզ անակնկալի բերեցին, բայց իրենք իրենց արածի համար փոշմանելու են։ Ու իրենց փոշմանեցնելու ենք։ Եթե ես չանեմ, իմ երեխան չանի, թոռս կանի, ծոռս կանի, այդ  օրը գալու է»,-ասում է Սամսոն Բալասանյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930