Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք «խաղաղության հաստատումը» պատկերացնում են Ադրբեջանի բոլոր պայմանների իրականացման միջոցով»

Սեպտեմբեր 12,2022 13:30

«Եկեք Հարավային Կովկասը համագործակցության եւ խաղաղության տարածաշրջան դարձնենք: Թող բոլորը շահեն, ամենաշատն էլ Հայաստանը թող շահի»,-վերջերս հերթական հարցազրույցում Հայաստանին նման կոչով էր դիմել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Հարցազրույցի մանրամասների շուրջ «Առավոտը» զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

– Պարոն Հովհաննիսյան, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե «Ադրբեջանի հաղթանակից հետո մենք նպատակ դրեցինք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն հաստատել եւ այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում»: Ձեր վերլուծությամբ, Թուրքիայի տեսանկյունից ի՞նչ է նշանակում «խաղաղություն» հաստատել Հարավային Կովկասում եւ այս առումով Թուրքիան իրականում քայլեր կատարե՞լ է այս ընթացքում։

– Քանիցս շեշտել եմ, որ այս հարցում Թուրքիայի համար շարժիչ ուժն Ադրբեջանի հետ հարաբերություններն են։ Դա վերաբերում է թե ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, թե առհասարակ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը։ Այդ մասին առնվազն վերջին երկու ամսում շատ պարզ արտահայտվել են Թուրքիայի ղեկավարը, ԱԳ նախարարը եւ տարբեր այլ պաշտոնյաներ։ Հետեւաբար, պատերազմից հետո իրենց հիմնական խնդիրն ազդեցությունը մեծացնելն է, ընդ որում, սա ոչ միայն Հարավային Կովկասին է վերաբերում, այլեւ մեծ Մերձավոր Արեւելքին։ Թուրքիայի այդ քաղաքականությունը տեսնում ենք Սիրիայում, Իրաքում։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա նաեւ Լիբիայում։ Հունաստանի հետ հակասությունները եւս ակնհայտ են, նաեւ այն, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը Թուրքիան խառնվում է որպես միջնորդ, որպես ռազմական առումով Ուկրաինային օժանդակող կողմ։ Ընդհանուր առմամբ, Էրդողանի իշխանությունն ունի շատ հավակնոտ, ինչ-որ առումով՝ ագրեսիվ հավակնող քաղաքականություն։ Հարավային Կովկասում եւս մեծացրել են իրենց ազդեցությունը պատերազմի ընթացքում եւ դրանից հետո։ Դրա առաջին դրսեւորումներից է հրադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնի հիմնումն Ադրբեջանի տարածքում՝ ռուսների հետ համատեղ։ Հիմա Թուրքիայի համար Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու հենման կետն Ադրբեջանն է, որի հետ ունի ռազմաքաղաքական, տնտեսական սերտ հարաբերություններ։ Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներն անցնում են Թուրքիայով, որտեղ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել եւ սնում է նրա ագրեսիվ հավակնությունները։ Հետեւաբար, երբ իրենք խոսում են Հարավային Կովկասում խաղաղության մասին, պատկերացնում են Ադրբեջանի դոմինանտություն, որը կբերի Թուրքիայի ազդեցության էլ ավելի մեծացմանն արդեն ողջ Հարավային Կովկասում։ Վրաստանում եւս Թուրքիան ազդեցություններ ունի, մնում է ՀՀ-ն, եւ իրենք դա պատկերացնում են Ադրբեջանի բոլոր պայմանների իրականացման միջոցով։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի շահերի սպասարկման հետ են կապում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այս պահին Թուրքիայի նման քաղաքականությունը ենթադրում է բացառապես Ադրբեջանի պահանջների միակողմանի սատարում, նրա պայմանների կատարմանն աջակցություն։ Այստեղ որեւէ կառուցողական բաղադրիչ չկա։

– Չավուշօղլուն նորից ակնարկել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, հիշեցրել, թե դա իբրեւ ՀՀ-ի պարտավորությունն է ըստ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության։ Նաեւ հարցադրում է հղել ՀՀ-ին՝ «դու այն ասա, իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզու՞մ ես, թե՝ ոչ»: Ապագայի տեսանկյունից ինչի՞ մասին են նման ակնարկները։

– Այնպես չէ, որ Թուրքիայում չեն հասկանում, որ նման արտահայտությունները բավականին անշնորհք մանիպուլյացիաներ են։ Եթե եռակողմ հայտարարությունում կա կոմունիկացիաների բացում, դա չի նշանակում «Զանգեզուրի միջանցք»։ Դիվանագետները դա շատ լավ հասկանում են, որ գրված չէ «Զանգեզուրի միջանցք»։ Այս պահի դրությամբ չկա նման պայմանավորվածություն։ Այստեղ խնդիրը նրանում է, որ Թուրքիան, Ադրբեջանին զուգահեռ, փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս ստիպված լինի գնալ զիջումների։ Ինչո՞ւ, որովհետեւ դա Թուրքիայի համար ուղիղ ճանապարհ է՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու, կենտրոնական Ասիայի թուրքական երկրների հետ ավելի ամուր կապ հաստատելու համար։ Հետեւաբար, իրենք շարունակում են Ադրբեջանի կուրսը։ Եթե Ադրբեջանն ուզում է «Զանգեզուրի միջանցք», իրենք էլ են ուզում։ Իրենք էլ են ուզում ՀՀ-ի տարածքով մի ճանապարհ, բայց որը հնարավորինս իրենց կախվածության մեջ չի պահի ՀՀ-ից։ Այստեղ Ադրբեջանի հետ Թուրքիայի շահերը լիարժեք համընկնում են։ Ուստի չեմ սպասում, որ Թուրքիայի իշխանությունն այս ուղղությամբ կառուցողական քայլ կանի։ Թուրքիան կսատարի Ադրբեջանի ագրեսիվ պահանջներն առնվազն մինչեւ 2023թ.-ին Թուրքիայում ընտրությունների անցկացումը։ Մինչեւ այդ Թուրքիայի ճնշող քաղաքականությունում որեւէ փոփոխություն ակնկալել պետք չէ։

– Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ ասել է, որ Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել. «Էլ ի՞նչ կարող է անել: Հայաստանն էլ ինչ-որ բաների հետեւում թող չթաքնվի»։ Թուրքիայի պաշտոնյան շեշտել է, որ իրականում հայկական սփյուռքի փոքրամասնությունն է ընդդիմանում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

– Նախ, որեւէ մեկը սոցիոլոգիական հարցում չի արել՝ իմանալու համար, թե ՀՀ-ի, Արցախի բնակչության եւ սփյուռքի քանի՞ տոկոսն է այս կամ այն բանին դեմ։ Մենք դատողություններ կարող ենք անել ընդհանուր պատկերացումների եւ հրապարակային հայտարարությունների հիման վրա։ ՀՀ-ի եւ Թուրքիայի հասարակությունների դեպքում այնպես չէ, որ շփումը կամ շփման ներուժը նույնքան բարդ է, որքան ՀՀ-ի եւ Ադրբեջանի հասարակությունների դեպքում։ Շփում կա եւ եղել է այս տարիներին՝ փորձելով շրջանցել Թուրքիայի ազգայնական քաղաքներն ու թաղամասերը, որոնք ակնհայտ հակահայկական տրամադրություններ ունեն։ Կան շատ բնակավայրեր եւ մարդիկ, որոնք մինչեւ օրս առեւտրային, բիզնես հարաբերություններ ունեն։ Չմոռանանք, որ մինչեւ պատերազմը տարեկան միջինում 250 միլիոն դոլարի ներկրում է եղել Թուրքիայից։ Այս առումով խնդիրն այնքան էլ հասարակությունների մեջ չէ, որքան պետությունների եւ առաջնահերթ՝ Թուրքիայի։ Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, ապա Հայաստանը երբեք, ոչ նախկինում, ոչ էլ հիմա, նախապայման չի առաջ քաշել, որ հարաբերությունները կկարգավորվեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման պայմանով։ Հակառակը։ ՀՀ-ն միշտ հետաքրքրվածություն է դրսեւորել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմամբ։ Այդ Թուրքիան է, որ նախապայման է առաջ քաշում՝ հրաժարվել ցեղասպանության ճանաչման միջազգային պայքարից։ Ինչ վերաբերում է այս գործընթացին, ապա նորից Թուրքիան է հետաձգողը, որովհետեւ ՀՀ-ն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ քաղաքական իմաստով անցակետ բացել։ Չեմ կարծում, որ ՀՀ բնակչության մեծ մասի մոտ կամ սփյուռքում դա կընկալվի որպես խիստ բացասական երեւույթ, եթե, իհարկե, չլինեն Թուրքիայի պահանջները, եթե Թուրքիան դա չկապի ցեղասպանությունից հրաժարման եւ Արցախի հարցում Ադրբեջանի ապօրինի պահանջները կատարելու հետ։ Ուստի խնդիրը Թուրքիայի պահանջներն են, ագրեսիվ քաղաքականությունն ու Ադրբեջանին միակողմանի սատարելը։

Կարգավորման վերաբերյալ կամ սահմանի բացման վերաբերյալ գրեթե միշտ Հայաստանն է առաջարկներ արել, իսկ Թուրքիան հրաժարվել է։ Դառնալով սփյուռքի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեմ, որ նման մանիպուլյացիան կամ կեղծ ներկայացումը հատուկ է թե Թուրքիային, թե Ադրբեջանին։ Փորձում են ներկայացնել, թե իբրեւ սփյուռքն է խանգարող գործոնը, կամ հայկական եկեղեցին։ Սա հստակ, թիրախային նպատակ ունի անընդհատ սեպ խրել կամ խորացնել հակասությունները ՀՀ-ի հասարակության այս կամ այն մասերի, սփյուռքի հայության միջեւ, եկեղեցու-հասարակության-իշխանության միջեւ՝ որեւէ կողմին անվանելով խանգարող եւ հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող։ Սա նաեւ խնդիրն իր վրայից գցելու նպատակ ունի Թուրքիայի համար՝ ցույց տալու, թե ինքը չէ չուզողը, եւ խնդիրը ոչ թե իր բերած նախապայմաններն են, այլ սփյուռքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930