Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի մարմինը չեն թույլատրել հուղարկավորել Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքում

Սեպտեմբեր 17,2022 18:24

Aravot.am-ին ահազանգել են Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչները։ Վերջիններս տեղեկացրեցին, որ ՀՀ սահմաններին ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում օրերս զոհվել է պայմանագրային զինծառայող, 1978թ.-ին ծնված Արաքս գյուղի բնակիչ  Արման Մխիթարյանը։ Համագյուղացիների խոսքով՝  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանն իրենց արգելել է զոհվածի մարմինը հուղարկավորել Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքում, որտեղ գտնվում են Արցախյան գոյամարտում և 44-օրյա պատերազմում անմահացածների շիրիմները։

Փահլևանյանը բնակիչների հետ զրույցում նշել է,  որ այդ խնդրով դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որն էլ մերժել է թույլտվությունը։ Պարզաբանում ստանալու համար Aravot.am-ը կապ հաստատեց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի հետ։

Լուսանկարը՝ Կարեն Փահլևանյանի ֆեյսբուքյան էջից

«Թույլատրել-չթույլատրելը իմ ձեռքում չէ, ընդհանրապես օրենքով արգելվում է հուշարձանների տարածքում հուղարկավորություն, որևէ հողային աշխատանքների իրականացում։ Մնացած շիրիմների հետ կապված ես չգիտեմ ով է թույլատրել և ինչպես»,-տեղեկացրեց Փահլևանյանը։

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես են արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմները հայտնվում այդ տարածքում, զրուցակիցը պատասխանեց․

«Նախ վերջին զոհվածները՝ զույգ եղբայրները ընտանիքի վերջին ճրագն էին և իրենցից հետո հետնորդներ չունեն, այսինքն` ընտանեկան գերեզմանի խնդիր չկար։ Նրանք մասունքներ էին պարզապես, տարածքի հնարավորությունն էլ սահմանափակ է և 2-ին մի կերպ էր հնարավոր տեղավորել։ Այնուամենայնիվ այս խնդրով ևս թույլտվություն չի եղել ոչ մեկին։ Ես դիմել եմ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, ՀՀ ոստիկանապետին և Արմավիրի մարզպետին՝ կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու համար։ Ասեմ, որ Արաքս գյուղի բնակչի հուղարկավորության դեպքի հետ կապված խնդրի մասին ևս տեղեկացրել եմ նախարարին, տեղի ոստիկանապատին և Արմավիրի մարզպետին։ Ինչ դիմումի մասին է խոսքը, եթե օրենքն արգելում է։ Ամեն դեպքում կրկնում եմ, եթե օրենքն արգելում է, պետք է պատրաստ լինել նաև, որ դրան հնարավոր է հաջորդեն նաև մի շարք գործողություններ՝ այդ թվում արտաշիրիմում»,- հավելեց Կարեն Փահլևանյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930