Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Վարժական հավաքների հետ կապված նոր նախաձեռնությունը չմտածված, թերի ու չհիմնավորված է, մյուս կողմից՝ չափազանց վտանգավոր. «Փաստ»

Հոկտեմբեր 20,2022 10:09

Օրենքում նշված չէ, որ վարժական հավաքների մասնակիցները ներգրավվելու են մարտական հերթապահության։ Բայց հավաքների անցկացման գլխավոր նպատակներից մեկը, որի մասին պարբերաբար հայտարարում են ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, մարտական հերթապահության համալրումն է։ Բազմաթիվ հարցեր են առաջանում նաև վարժական հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելու գաղափարի հետ կապված, քանի որ ռազմական տեսանկյունից առաջին հերթին պետք է հենվել մոբիլիզացիոն ռեսուրսի վրա, որի միջոցով հնարավոր է կոնկրետ խնդիր լուծել։ Իսկ այս ամենը հաշվի չառնել ու միանգամից բոլորին անխտիր ներառել հավաքներում՝ նշանակում է շեղվել առաջնահերթություններից։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառավարության նիստում Փաշինյանը հավաքների էությունը ընդամենը ներկայացնում էր զենքին տիրապետելու և ծանոթ լինելու համատեքստում։

Եթե խնդիր է դրված ուղղակի մարդկանց զենքերի օգտագործմանը ծանոթացնել, ապա դա կարելի է անել այլ նախաձեռնությունների, օրինակ՝ կրթական հաստատություններում համապատասխան դասընթացների ավելացման միջոցով։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այս իշխանությունները վարժական հավաքները դարձնում են քաղաքական մահակ։ Ու ընդհանրապես, զորակոչը նրանք համարում են պատժի միջոց: Օրինակ՝ ամիսներ առաջ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի քպական նախագահ Անդրանիկ Քոչարյանը «սպառնում» էր ընդդիմության ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիներին ուղարկել սահման, որից հետո «Դիմադրության» շարժման բազմաթիվ անդամների եռամսյա հավաքների մասնակցության ծանուցագրեր ուղարկվեցին: Պատահականության շնորհիվ պատգամավոր դարձած մի ուրիշ պատգամավոր էլ հայտարարում էր, թե «մի քանի ժամից զինկոմիսարիատները կգնան միտինգավոր տղամարդկանց հետևից և նրանց կտանեն առաջնագիծ»։ Լուրջ խնդիրներ կան նաև վարժական հավաքների ընթացակարգի հետ կապված։ Շատ դեպքերում դրանք անցկացվում են խախտումներով։ Բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ծանուցագիրը ստանալուն պես հենց նույն օրն էլ զորակոչում են՝ առանց բժշկական պատշաճ հետազոտության, այնինչ ծանուցումից մինչև հավաքի մեկնելը 20 օր ժամանակ պետք է տրվի։ Կան օրինակներ, որ հավաքների ժամանակ մարդիկ ունեցել են առողջական լուրջ խնդիրներ, ընդհուպ՝ սրտի կաթված, եղել են նաև մահվան դեպքեր:

Պահեստազորում ընդգրկված քաղաքացիներին վարժական հավաքներին ներգրավելու համար նախ պետք է պատշաճ կերպով համապատասխան բուժհետազոտություն կազմակերպվի, բայց հաճախ բուժզննությունը անհրաժեշտ մակարդակով չի կազմակերպվում և հաշվի չեն առնվում քաղաքացիների առողջական խնդիրները, առավել ևս, եթե իշխանություններին շատ պետք է, որ տվ յալ անձը անպայման «պատժվի»։ Մի խոսքով, վարժական հավաքների հետ կապված նոր նախաձեռնությունը, ինչպես այս իշխանության նախաձեռնությունների մեծ մասը, մի կողմից՝ չմտածված, թերի ու չհիմնավորված է, մյուս կողմից՝ չափազանց վտանգավոր, որը կարող է անվտանգային առումով ավելի խոցելի դարձնել մեր երկիրը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31