Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է փոխենք մեր կեցվածքը, դուրս գանք 2020-ի պատերազմի՝ պարտված լինելու դրությունից»․ Ավետ Ադոնց

Նոյեմբեր 07,2022 16:51

«Այո, սա իրականություն է։ Տպավորություն չէ Ադրբեջանի նախագահի՝ ավելի ինքնավստահ լինելը»,- հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ վերջին շրջանում Իլհամ Ալիևն ավելի կոշտ է դարձել, անզիջում, բանաձևերից իր ուզած ձևակերպումներն է հանում, «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպես պատասխանեց ԱԳ նախարարի նախկին տեղակալ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:

Նա հիշեցրեց Ադրբեջանի պահանջների զարգացումը տարիների ընթացքում․ «Տարիներ առաջ Ալիևն ուզում էր, որ մենք իրեն գոնե երկու տարածք վերադարձնեինք։ Հետո ախորժակն էլ ավելի բացվեց․ ուզեց վեցը, հետո հինգը՝ նկատի ունեմ բացի Քելբաջարից ու Լաչինից։ Հիմա ասում է՝ Արցախը Ադրբեջան է և ավելին․ ներխուժել է ՀՀ տարածք՝ արհամարհելով միջազգային կարծիքները, գնահատականները։ Այսինքն՝ անտեսում է ամեն ինչ։ Պետք է փոխենք մեր կեցվածքը: Նկատի ունեմ՝ 2020-ի պատերազմի՝ պարտված լինելու դրությունից դուրս գալը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մենք, իշխանությունները՝ ժողովրդի աջակցությամբ շատ հավակնոտ գաղափարներով և ծրագրերով առաջ գնանք»։

Ըստ Ավետ Ադոնցի՝ անհրաժեշտ է ռեսուրսների մոբիլիզիցիա։ Պետք է վերագտնել ու վերականգնել ՀՀ տեղը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, որը մենք ունեինք։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ արված հայտարարությունները, Ավետ Ադոնցը պատասխանեց․ «Վալդայում ՌԴ նախագահի հնչեցրած մտքերն ու թեզերը սպասելի էին այն ֆոնին, թե ինչ էր կատարվում վերջին շրջանում ՀՀ-ում՝ հակառուսական տրամադրությունների ակտիվություն, ՀԱՊԿ-ի օրակարգի հետ կապված բուն քննարկումներ և, իհարկե՝ հաշվի առնելով ՌԴ տեղն ու դերը մեր տարածաշրջանում»։

Ըստ Ավետ Ադոնց՝ Սոչիի եռակողմ հանդիպումը նաև «Վալդայի» տրամաբանական շարունակությունն էր։ Այս առիթով ասաց․ «Սոչիում ընդգծվեց, ՌԴ ռազմական ներկայությունը ողջունվեց տարածաշրջանում։ ՌԴ-ն, այնուամենայնիվ, կատարեց իր պատգամը թե′ տարածաշրջանի երկրների, թե′ միջազգային հանրության առաջ, որ լինելով բավականին ներգրավված այլ ակտիվ օրակարգում՝ Ուկրաինայում, դա չի նշանակում, որ զուգահեռաբար ՌԴ-ն հնարավորություն, ռեսուրս չունի զբաղվել այլ տարածաշրջանային հարցերով»։

Հարցին՝ այս պահին հնարավորություն կա՞ դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել մեզ համար նպաստավոր տարբերակով, Ավետ Ադոնցը պատասխանեց․ «Դիվանագիտությունը միայն՝ որպես գործիք բավարար չէ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, որովհետև եթե չունենանք այն կոնցեպտն ու գործողությունների ծրագիրը և դրա իրականացումը երկրի անվտանգության որակը բարձրացնելու համար, ապա ցանկացած արտաքին քաղաքականության դոկտրինի պարագայում դիվանագիտության ձեռքերը կապված են լինելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930