Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ իր հնարավոր ձերբակալության եւ կնոջ գրառման մասին

Նոյեմբեր 15,2022 13:10

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, երեկ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ամուսնու հնարավոր ձերբակալության լուրերի մասին: «Սեյրան Օհանյանին ձերբակալելու փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի եւ բեմադրող ռեժիսորի գլխին»,-գրել էր նա:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով իր հնարավոր ձերբակալության մասին հրապարակված լուրերին՝ կնոջ գրառման համատեքստում, Սեյրան Օհանյանն ասաց, որ դա անձնական գրառում է եւ հավելեց. «Ես վախեցող անձնավորություն չեմ, իմ ընտանիքն էլ, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Դրա համար ես գրել եմ՝ «боевая готовность N1»:

Ապա իր հնարավոր ձերբակալության մասին հարցերը նա հորդորեց տալ դատաիրավական մարմիններին, որոնք այդ արտահոսքը միգուցե տվել են եւ որը վերաբերվում է նաեւ խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին, Արմեն Չարչյանին: Ըստ մամուլի հրապարակումների, հնարավոր է, որ առաջիկայում, ՀՀ գլխավոր դատախազն այդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտնի խորհրդարան:

«Ես տեղեկություն չունեմ, որ իմ նկատմամբ կարող են ինչ-որ վարույթ սկսել: Վերջին ժամանակներս որեւէ գործով չեմ հարցաքննվել, որտեղ ինձ կզգուշացնեին, որ այդպիսի վտանգ կա, խնդիր կա: Ես տարբեր գործընթացներում, որպես վկա, գնում ներկայացնում եմ՝ ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ: Երբեւէ չի եղել, որ հրավիրել են որեւէ գործընթացի, եւ ես չեմ ներկայացել: Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ես երբեւիցե անձեռնմխելիության քողի տակ չեմ թաքնվել: Այդ առումով ես մտահոգություն չունեմ: Այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատալի է, որ կարող են թատրոններ լինել: Ի՞նչ է, վերջին ժամանակներում մենք չե՞նք տեսնում քաղաքական հետապնդումներ»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930