Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես չլվացված ամանների շնորհիվ հեղափոխություն կատարվեց բժշկության մեջ․ առաջին հակաբիոտիկի՝ պենիցիլինի հայտնագործման պատմությունը

Նոյեմբեր 30,2022 22:00

Առաջին հակաբիոտիկի՝ պենիցիլինի հայտնագործումը կապվում է բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգի անվան հետ։ Սակայն  մինչ այդ պրպտուն մտքով գիտնականը, փորձելով գտնել հարբուխի հարուցիչները, մեկ այլ կարևոր բացահայտում էր կատարել՝ 1922 թ․-ին հայտնաբերելով օրգանիզմի բնական դիմադրողականության գործոններից մեկը՝ լիզոցիմը՝ քթի խոռոչի լորձում, արցունքի կազմում առկա ֆերմենտը, որը բակտերիասպան հատկություններ էր դրսևորում՝ չվնասելով առողջ հյուսվածքներին։ 

Ալեքսանդր Ֆլեմինգ

Հետազոտության նյութը նա ստանում էր իր, գործընկերների և ուսանողների աչքերին կիտրոնի հյութ կաթեցնելով։ Սակայն հետագայում պարզվում է, որ լիզոցիմը ցանկալի ազդեցություն չի գործում ախտածին մանրէների վրա, և Ֆլեմինգը շարունակում է իր ուսումնասիրություններն այդ ոլորտում։ 

Առաջին հակաբիոտիկի հայտնագործումը երջանիկ պատահականություն կարելի է համարել․ հենց այսպիսի դեպքերում էլ մտածում ես, որ կարգուկանոնը ծնվում է քաոսից։ Բանն այն է, որ հանգստի մեկնելուց առաջ Ֆլեմինգը լաբորատորիայի իր սեղանին էր թողել Պետրիի չլվացված թասիկները, որոնցում ուսումնասիրվում էին ախտածին մանրէները։  1928 թ․-ի սեպտեմբերին հանգստից վերադառնալով՝ Ֆլեմինգը նկատում է, որ այդ թասիկներից մեկը պատվել է բորբոսով, ինչի արդյունքում ճնշվել է ախտածին մանրէների աճը։ Այդ բորբոսը Penicillium-ի հազվադեպ տեսակ էր, որը հավանաբար բերվել էր մեկ հարկ ներքև տեղակայված լաբորատորիայից, որտեղ ուսումնասիրվում էին բրոնխիալ ասթմա ունեցող հիվանդների տներից բերված բորբոսի նմուշները։

Ուսումնասիրելով պենիցիլինը՝ Ֆլեմինգը փորձում է իր կողմից բացահայտված  «հակաբակտերիալ արդյունավետ սուբստանցիան», օգտագործել արտաքին օգտագործման համար, սակայն չի կարողանում բավարար քանակությամբ հակաբիոտիկ ստանալ՝ փորձերը շարունակելու համար, իսկ իր կողմից ստացված լուծույթը դժվարությամբ էր մաքրվում և անկայուն էր։ Ֆլեմինգն այս գործում ներգրավվում է իր գործընկերներին, իսկ իր բացահայտման վերաբերյալ հոդված հրապարակում British Journal of Experimental Pathology ամսագրում։ 

Հենց այդ հոդվածն էլ գրավում է Օքսֆորդի պրոֆեսոր Հովարդ Ֆլորիի ուշադրությունը, որն էլ ներգրավվում է  կենսաքիմիկ Էռնեստ Բորիս Չեյնին։ 1939-1940 թթ․ Ֆլորին, Չեյնն ու նրանց գործընկերները մշակում են Penicillium բորբոսի աճեցման մեթոդիկան, իսկ 1940 մայիսին նրանց հաջողվում է կուտակել պենիցիլինի բավարար քանակություն՝ վարակված մկների վրա փորձեր կատարելու համար։ Ընդ որում, դրա համար նրանք ստիպված էին շաբաթական մշակել մոտ 500 լ բորբոսի ֆիլտրատ` օգտագործելով ամենատարբեր անոթներ՝ թիթեղյա տարաներից մինչև կաթի բիդոններ՝ ըստ էության օքսֆորդյան լավորատորիան վերածելով պենիցիլինի արտադրամասի։ Ֆլորին ապշած էր ստացված արդյունքից. «Դա պարզապես հրաշքի է նման»։

Հովարդ Ֆլորի

1941 թ․-ի սկզբին կլինիկական առաջին փորձարկումները հաստատեցին կենդանիների վրա փորձարկումների արդյունքները։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես և սպասելի էր, պենիցիլինի  անհրաժեշտությունը շատ մեծ էր, բայց Անգլիայում դեղամիջոցի արտադրությունն անհնար էր թվում, քանի որ Լոնդոնը ռմբակոծվում էր, Մեծ Բրիտանիայի վրա կախված էր հակառակորդի ներխուժման վտանգը։ Անգամ որոշում կար ոչնչացնելու պենիցիլինի ստացման համար անհրաժեշտ սարքավորումներն ու փաստաթղթերը, եթե զավթիչները հասնեին Օքսֆորդին, իսկ պենիցիլինի շտամը պահպանելու համար մի քանի հետազոտողներ բորբոսի սպորներն իրենց հագուստի վրա էին տեղափոխել, որպեսզի փրկվելու դեպքում գոնե նրանցից մեկը կարողանար շարունակել սկսված աշխատանքը։  

Էռնեստ Բորիս Չեյն

1942 թ․-ին կլինիկական հաջող փորձարկումներից հետո «Merck» ընկերությունը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում սկսում է պենիցիլինի մասսայական արտադրությունը, իսկ արդեն 1944 թ․-ին ամերիկյան լաբորատորիաներն այնքան պենիցիլին էին արտադրում, որքան անհրաժեշտ էր բանակի կարիքների համար։

1944 թ․-ին Ֆլեմինգին ու Ֆլորիին ասպետի կոչում է շնորհվում, իսկ 1945-ին Ալեքսանդր Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին ու Էռնեստ Չեյնը Նոբելյան մրցանակի են արժանանում «Պենիցիլինի հայտնագործման և տարբեր հիվանդությունների վրա դրա բուժիչ ազդեցության համար»։ Ինչպես նշվում է մրցանակի հանձնման ժամանակ․ «Ֆլեմինգը ֆաշիզմի դեմ հաղթանակի համար ավելին է արել, քան 25 դիվիզիաները»։

Իր հայտնագործության մասին դոկտոր Ֆլեմինգն ավելի ուշ գրելու էր․ «Երբ ես արթնացա 1928 թ․-ի սեպտեմբերի 28-ին, ես, իհարկե, չէի պլանավորում հեղափոխություն անել բժշկության մեջ՝ բացահայտելով առաջին հակաբիոտիկը, բայց կարժեմ եմ, ես հենց դա էլ արեցի»։

Առաջին հակաբիոտիկի հայտնագործումն իսկապես որ հեղափոխություն էր ժամանակակից բժշկության ոլորտում, որով սկզբնավորվեց հակաբիոտիկների դարաշրջանը, բայց և այս հայտնագործությունը այսօր մարտահրավեր է բոլորիս համար, քանի որ մեզնից յուրաքանչյուրի պարտքն է հակաբիոտիկների օգտագործման բարձր պատասխանատվությունը պահպանելը՝ դեղը թույնի չվերածելու համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930