Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամներին

Դեկտեմբեր 02,2022 19:50

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամներին՝ գլխավորությամբ մասնաճյուղի ղեկավար Քորանթեն Քլերկինի։

Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ ընդգծելով, որ կազմակերպության աջակցությամբ արդիականացվում են Մայր Աթոռի տպարանի սարքավորումները։

Իր հերթին պարոն Քորանթեն Քլերկինն անդրադարձավ «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեությանը Միջին և Մերձավոր Արևելքում՝ ի մասնավորի Հայոց Հովվապետին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերը։

Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին  հետպատերազմյա մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց արցախյան 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամաբ սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինվորականների, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած հայորդիների ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031