ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ԱԺ-ում ստեղծվող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու կամ չմասնակցելու որոշում կա՞, ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանն ասաց. «Տիգրան Աբրահամյանը նշվածի վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն արտահայտել է, որը «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարի դիրքորոշումն է, հետեւաբար, նաեւ հենց խմբակցությանն էլ վերաբերում է՝ չմասնակցելու տեսանկյունից։
Ախր, երբ տեսնում ենք, որ մենք խոսում ենք պառլամենտարիզմի, խորհրդարանական կառավարման համակարգի մասին, բայց տեսնում ենք, որ պարզապես գործադիր իշխանության ղեկավարի առաջ քաշած մի թեզը վերածվում է ԱԺ կողմից նախաձեռնված մի իբրեւ քննիչ հանձնաժողովի՝ արհեստական հիմնավորումներով, նույնիսկ կարող եմ ասել՝ հիմնավորումների իսպառ բացակայությամբ, դա իրենից ներկայացնում է խորհրդարանական կառավարման համակարգի պետությանը ոչ բնորոշ, ոչ հարիր մի իրավիճակ, որը նաեւ աբսուրդ է։
Իրավական առումով՝ սա հակասահմանադրական է։ Սա շատ հստակ եմ ուզում ասել, որովհետեւ այնպես չէ, որ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել Մայր Աթոռի գործունեությանը, իսկ օրենսդիր իշխանությունը կարող է։ Օրենսդիր իշխանությունն էլ չի կարող։
Այստեղ տրամաբանությունը շատ հստակ է։ Հիմա կարո՞ղ ենք մենք ստեղծել մի քննիչ հանձնաժողով, որը կվերաբերի կոնկրետ մի քանի դատավորների կայացրած դատական ակտերին։ Վստահ եմ՝ այդ ժամանակ հակադարձումը լինելու է, որ քննիչ հանձնաժողովը իրենից չի կարող ենթադրել միջամտություն դատական իշխանությանը։ Ես այդ հակափաստարկը արդեն գիտեմ։ Բայց այս դեպքում էլ նույն հակափաստարկը պետք է գործեր եւ պետք է գործեր ողջամտության սահմաններում։ Այսինքն, դրա ներկայացման կարիքը չկա, դա պետք է ինքնըստինքյան գործի։ Ինչ-որ կարմիր գծեր պետք է լինեն։ «Կարմիր գծեր» ասելով ես ոչ թե քաղաքական գնահատական եմ տալիս, այլ սահմանադրա-իրավական, որը հստակ առանձնացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում, որ պետությունը եւ եկեղեցին անջատ են։
Կարդացեք նաև
Այն որոշումը, որ ընդունվեց ԱԺ կողմից կառավարության ծրագրին հավանություն տալու մասով, նշվածը վիճարկվել է Սահմանադրական Դատարանում»,-ասաց ԱԺ սահմանադրագետ փոխնախագահը։
Արամ Վարդեւանյանը նույնիսկ վիրավորական համարեց այն հարցադրումը, թե ԱԺ-ում նախատեսում են օրենսդրական նոր կարգավորումներ ընդունել, որով հնարավոր կլինի Վեհափառին գահընկեց անել, ինչը իրենց վերջնական նպատակն է։
«Այդ հարցադրումը նույնիսկ վիրավորական է հոգեւոր տեսանկյունից։ Վիրավորական է նաեւ սահմանադրա-իրավական տեսանկյունից։ Ես նորից եմ ընդգծում, որ կարմիր գծերը պետք է լինեն բավականին հստակ։ Սահմանադրությունը, ի վերջո, սահման է գծում։ Դրա համար էլ հենց Սահմանադրություն է կոչվում։ Այդ իմաստով, սահմանը շատ հստակ գծված է։ Դա պարզապես պետք է հարգել։ Բայց երբ Սահմանադրության նկատմամբ է նման անարգանք իրացվում, ապա դրանից բխող մետաստազները կարող են լինել շատ տարբեր։ Եվ այստեղ եմ նաեւ ես շատ մեծ վտանգներ տեսնում։ Մենք կարծես հայտնվում ենք մի իրավիճակում, որ ամեն ինչ թույլատրելի լինի այս իշխանությանը։ Մինչդեռ, Սահմանադրությունը իշխանությանը սահմանափակելու մասին է»։
Խոսելով Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը ԱԺ բերելու եւ այդ հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին «Ուժեղ Հայաստանի» չմասնակցելու եւ դրան ընդդիմության կողմից հակադարձելու մեխանիզմների մասին՝ Արամ Վարդեւանյանը նախ ասաց, որ նման օրակարգ չի կարող բերվել ԱԺ։ Որոշ հարցերի վերաբերյալ կլինեն քաղաքական արձագանքներ եւ գործողություններ, որոշ հարցեր, եթե դրանց վերաբերյալ իրավական հեռանկարներ կլինեն, դրանք կիրականացվեն։
Նաեւ նկատեց, որ ԵՄ երկրների կողմից էլ են ներկայացվում հստակ գնահատականներ այս ամենի անընդունելի բնույթի վերաբերյալ։ Իսկ դա արդյո՞ք կաշկանդեց օրվա իշխանությանը, պարոն Վարդեւանյանն ասաց. «Եկեք ընդգծենք, որ առնվազն այս իշխանությունները խոսում էին այն մասին, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ չկան։ Հիմա պարզվեց, որ ԵԽԽՎ-ն տեսել է, այսպես ասած, սելեկտիվ հետապնդումները։ Իսկ սելեկտիվ հետապնդումները քաղաքական հետապնդման դրսեւորումներ են։
Այնպես չի, որ իրենց ամեն մի ասածը անցնում է։ Դրա վերաբերյալ արդեն որոշակի հակազդեցություն նկատվում է։ Հակված եմ կարծել, որ դա ավելի է մեծանալու։ Իսկ խորհրդարանը այս հարցում անելիք չունի եւ չի էլ կարող ունենալ, ուզում է՝ երեք քննիչ հանձնաժողով ստեղծեն»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































