Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Խաղաղության պայմանագրի մասին, ասել էր, որ «Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա՝ մեկն առաջարկել է ՌԴ-ն, իսկ մյուսն այն տեքստն է, որի վրա մենք աշխատում ենք։ Խաղաղության պայմանագրի տեքստն այս պահին հրապարակված չէ»:
Այսօր ԱԺ-ում այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց Գրիգորյանին. «Դուք նկարագրել եք Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքը ու ասել եք, որ Ադրբեջանը հայկական կողմին է տվել տեքստը, հայկական կողմը աշխատել է վրան: Հիմա ՀՀ-ն իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում, 2-3 տարբերակ սրբագրվել, խմբագրվել, փոխանցվել է: Մինչեւ Ադրբեջանին փոխանցելը կարո՞ղ եք տեղեկացնել հայ ժողովրդին՝ ինչ է քննարկվում, ասել եք կա 3-րդ տարբերակ, ո՞րն է այդ երրորդ տարբերակը»:
Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտ չի լինի այն անվանել 3 տարբերակ, խմբագրված տարբերակներ են, նույն տեքստի վրա աշխատել ենք, բանակցային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի են խնդիրները՝ ԼՂ հիմնախնդիրն է, սահմանազատման, սահմանագծման աշխատանքները եւ կան ապաշրջափակման հարցեր»:
Խամոյանը հետաքրքրվեց կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն ձեռք բերվել Ադրբեջանի հետ, ո՞ր հարցի ու ո՞ր կետի շուրջ Ադրբեջանը տվել համաձայնությունը՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա: Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է, մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ