ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ «դեռեւս չկա վերջնական որոշում` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հարցը լուծվելու կամ լուծելու փորձ կատարվելու, թե մենք առանձին միջազգային մեխանիզմ ենք ստեղծելու»։ Իսկ հարցադրումը հետեւյալն էր՝ Արցախի հիմնախնդիրը որքանո՞վ է շաղկապվում ՀՀ-Ադրբեջան նախապատրաստվող «խաղաղության պայմանագրին»։ Ախ քարտուղարը մանրամասնել էր. «Մինչեւ այս պահը նշյալ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Եվ չկա հստակություն՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե պայմանագրից դուրս։ Հետեւաբար, հիմա հստակ պատասխան չունեմ։ Երեւանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը եւ որպեսզի ստեղծվի մեխանիզմ, տեղի ունենա քննարկում ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ։ Դա կարող է ամրագրվել խաղաղության պայմանագրով եւ կամ միջազգային այլ մեխանիզմով»։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը համոզված է, որ իշխանությունն այս հարցով լղոզված պատասխան է տալիս։ «Առավոտի» հետ զրույցում նա ասում է. «Հստակ է, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, որովհետեւ նման հայտարարություններ արդեն հնչում են նաեւ Ալիեւի կողմից։ Սերգեյ Լավրովը եւս այդ մասին խոսեց, եւ ՀՀ իշխանության կողմից որեւէ հերքում չկա։ Այդ հաստատումը մենք ստացանք նաեւ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ մեր հայտարարության նախագծի քննարկման ժամանակ բացահայտ երեւաց, որ իշխանության վարած քաղաքականությամբ Արցախը պետք է ճանաչել Ադրբեջանի մաս եւ ուղղակի նպաստել, որ արցախցիները եւ Բաքուն, այսպես ասած, շփումների մեջ մտնեն իրար հետ։ Այդ մասին Ալիեւն էլ է ասում, բայց շեշտում է՝ իր ներքին օրենսդրության շրջանակում, որովհետեւ Արցախի բնակիչներին իր քաղաքացիներն է համարում։ Սա մեր համար, բնականաբար, անընդունելի է»։
Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ վերոնշյալից բխում է, որ իշխանությունն իրականում ոչ թե «խաղաղության դարաշրջան» է բերում, այլ պատերազմ. «Այդ շրջանակում էլ ընթանում են այն բանակցությունները, որոնց ականատես ենք։ Չեմ կարծում, որ կոնկրետ այս տարի շրջանակային կամ այլ տիպի կոնկրետ համաձայնագիր կստորագրվի, բայց վտանգներն արդեն իսկ ակնհայտ են»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդդիմության հայտարարության նախագծի քննարկման ժամանակ իշխող ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդել է, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.12.2022


















































