Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաբալարյանը Հայաստանի առաջնության մասնակիցների մրցելույթների որակը, ընդհանուր առմամբ, գնահատում է միջին

Դեկտեմբեր 19,2022 16:31

«Դինամո» մարզահամալիրում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Երեւանի ու հանրապետության տարբեր քաղաքների եւ մարզերի շուրջ 80 ըմբիշներ: Այսօր ընթանում են նախնական գոտեմարտերը:

Արմեն Բաբալարյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունն ավանդաբար անցկացնում ենք դեկտեմբերին, որպեսզի կազմավորենք ընտրանին եւ հաջորդ տարվա հենց առաջին օրերից մեր ծրագրով նախապատրաստվենք մրցաշրջանի կարեւորագույն մրցումներին:

Առաջնությանը իմ թույլտվությամբ չեն մասնակցում Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը: Կարապետ Չալյանը ներկայումս հետվիրահատական վերականգնողական փուլում է, այդ պատճառով նրա բացակայությունը համարում ենք հարգելի: Սակայն նրան, այնուամենայնիվ, կընդգրկենք ուսումնամարզական հավաքներում, որպեսզի տեսնենք, թե հետագայում հավաքականի ըմբիշների հետ կապված ինչ որոշումներ ենք ընդունելու:

Մրցաշրջան 2023-ը սկսելու ենք հունվարի 8-ից 22-ը՝ ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով, որին կհաջորդեն երկու միջազգային մրցաշարեր, եւս մի ուսումնամարզական հավաք: Դրանից հետո տղաները կմեկնեն Եվրոպայի առաջնություն. մարտին՝ մինչեւ 23 տարեկանների, ապրիլին՝ մեծահասակների: Ինչ վերաբերում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, այն մեկնարկել է այս տարվա աշխարհի առաջնությունով, իսկ եկող տարի կա երկու մրցաշար, մեկը եվրոպական, մյուսը՝ համաշխարհային»:

Արմեն Բաբալարյանը Հայաստանի առաջնության մասնակիցների մրցելույթների որակը, ընդհանուր առմամբ, գնահատում է միջին: «Աշխատելու տեղ միշտ էլ կա ու դա վերջ չունի: Տեղերում մարզիչների աշխատանքը բավարար է: Ես էլ փորձում եմ ավելի շատ նրանց հետ լինել հավաքների արանքում, ինչը, կարծում եմ, օգտակար է բոլորիս»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031