«Հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը համարում եմ ոչ թե բավարար, այլ լավ։ Բայց կարելի էր էլի մեդալներ վաստակել, ինչը, ցավոք սրտի, չստացվեց։ Գոհ կլինեմ ու գերազանց կհամարեմ այն ժամանակ, երբ կգրավենք թիմային առաջին տեղը եւ բոլոր քաշային կարգերում մեդալ կնվաճենք»,- ամփոփելով մասնակցությունն Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը՝ Արմենպրես լրատվական գործակալությունում հրավիրված ասուլիսում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
Մասնագետը նշեց, որ հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է բոլոր քաշային կարգերում եւ առանձին-առանձին անդրադարձավ իր սաների անցկացրած գոտեմարտերին, թեեւ յուրաքանչյուրի պարագայում մանրամասն վերլուծությունները դեռ առաջիկայում պետք է արվեն։ Նա նշեց, թե որ ըմբիշն ինչի է ընդունակ եւ ումից հետագայում ինչ սպասելիքներ ունի։
Արմեն Բաբալարյանը չցանկացավ խոսել հաճախ պարզորոշ զգացվող կողմնակալ մրցավարության մասին՝ ասելով, որ ինքը բոլոր խնդիրները վերցնում է իր վրա, որ մարզումների ընթացքում պետք է յուրաքանչյուր ըմբիշ հասնի այն աստիճանի, որ ոչ մի մրցակից եւ ոչ մի մրցավար նույնիսկ մեծ ցանկության դեպքում չկարողանա ազդել գոտեմարտի ելքի վրա։
Կարդացեք նաև
Ասուլիսին մասնակցող Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ասաց, որ առաջնությանը մասնակցում էր թոքաբորբից դեռեւս լիովին չապաքինված վիճակում եւ բավարարվածություն հայտնեց, որ այդ վիճակում էլ կարողացավ նվաճել ոսկե մեդալը։ Ապա նաեւ նշեց, որ եթե անգամ առաջնությունում հաղթանակ տոնելը չստացվեր, հիվանդությունը չէր բերելու որպես պատճառ։
Արծաթե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը գոհ չէ իր եզրափակիչ գոտեմարտից, որովհետեւ չկարողացավ գործադրել իր բոլոր հնարավորությունները։ «Ինչ-որ պահի էլ տակտիկական սխալ թույլ տվեցի եւ չկարողացա կորսվածը հետ բերել։ Բայց այս պարտությունն ինձ համար ավելի մեծ մոտիվացիա է եւ ինձ մղում է, որ աշխարհի առաջնությանն ավելի լավ նախապատրաստվեմ»,-ասաց նա։
Տակավին երիտասարդ Գասպար Տերտերյանի խոսքերով, որը դարձել է բրոնզե մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցելն իր համար ավելի շատ փորձ էր, ինչը կօգնի հետագայում մեծահասակների պայքարում ավելի լավ հանդես գալ։
Նույնպես բրոնզե մեդալի արժանացած Սլավիկ Գալստյանը նշեց, որ Եվրոպայի առաջնություն մեկնել էր ոսկե մեդալի համար, սակայն չհաջողվեց։ Սակայն ուրախ է այնքանով, որ այնուամենայնիվ ձեռնունայն չի վերադարձել եւ մեդալի համար գոտեմարտում հաղթելով՝ ուրախացրել է իր երկրպագուներին եւ հայ ժողովրդին։
Մեր հավաքականի երրորդ բրոնզե մեդալակիրը՝ Կարեն Ասլանյանը նույնպես ինքնաքննադատաբար է մոտենում տանուլ տված գոտեմարտերին։ Նա նշեց, որ չստացված գոտեմարտը ի հայտ բերեց բոլոր այն սխալները, որոնք ինքը թույլ է տվել պայքարի ժամանակ։ «Դրանք վերցնելու վրա պիտի աշխատեմ, որպեսզի աշխարհի առաջնության ժամանակ դրանք չկրկնեմ»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

























































