Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի ծնող Արա Ռոստոմյան. «Իմացեք, Արցախը մեր համար կարմիր գիծ է. մեր տղաները զոհվել են Արցախի հողի համար»

Դեկտեմբեր 23,2022 23:50

44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը, որը նաեւ «Որդիների կանչ» ՀԿ նախագահն է, «Հայելի» ակումբում նշեց, որ  իրենք` որդեկորույս ծնողները, այդ ՀԿ-ն ստեղծել են այս տարվա ապրիլի 13-ին ԱԺ-ում արված այն հայտարարությունից հետո, թե այս ամենը կարող էր լինել, բայց առանց զոհերի:

«Դրանից հետո մենք ծնողներով ոտքի կանգնեցինք եւ սկսեցինք պայքարը: Անցանք տարբեր ճանապարհներ, որոնց գագաթնակետը սեպտեմբերի 21-ն էր, երբ Եռաբլուրում անցան սահմանները: Հետո հարուցվեց քրեական գործ ոստիկանների նկատմամբ, բայց հանկարծ ոստիկանությունն իր մոտ դադարեցրեց ծառայողական քննությունը այն ժամանակ, երբ քննչական կոմիտեում գործն ընթացքի մեջ էր: Ու միաժամանակ մեզ` ծնողներիս, վարչական դատարան տվեցին: Այնպես որ, մենք սրբապղծությունից արդեն չենք զարմանում. գիտենք` դիմացներս ովքեր են կանգնած:

Վերջերս էլ Արցախի շրջափակման ժամանակ, ԱԺ իշխանական պատգամավորներից մեկն ասաց, որ Արցախի անվտանգությունը չեն կարողանում ապահովել… Էհ, չեք կարող, թողեք ռադներդ քաշեք, գնացեք: Այնքան են լկտիացել, որ ինչ ուզում, ասում են, որովհետեւ մարսում են: Կամ նույն կերպ սկսել են փնովել գեներալներին: Այնտեղ, ԱԺ-ում մի գեներալ կա: Ինքը գեներալի ուսադիրներ ե՞րբ եւ ինչի՞ համար է ստացել: Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար: 90-ականներին, հիմա շատերը, գուցե, չհիշեն, փողոցներից երիտասարդներին բռնում-տանում էին: Իսկ այդ երիտասարդներից շատերը զենք չէին էլ տեսել: Այսինքն, դու այն տարիներին տղաներին տարել կոտորել ես ու հիմա ասում ես Արցախը մերը չի՞: Բա որ մերը չէր, ինչի՞ էիր տանում: Ուրեմն ուսադիրներդ հանիր, պոկիր, որովհետեւ դրանք ստացել ես Արցախի պատերազմի ժամանակ: Համ  ներկայանում ես որպես գեներալ, համ էլ ասում ես` Արցախը մերը չի: Եթե Արցախը մերը չէր, մեր երեխաներին ինչի՞ տարար կոտորեցիր:

Մենք բազմիցս ասել ենք, որ բոլորը` իշխանություն, ընդդիմություն, հաշվետու են մեր առաջ, որովհետեւ մինչեւ հիմա մեզ 30 տարի ասել են, որ Արցախը մերն է, մեր տղաներն էլ այդ սկզբունքով գնացել ու զոհվել են:  Այն ամենը, ինչ տեղի է ունեցել 30 տարի եւ հատկապես վերջին չորս տարում, մենք ինքներս գիտակցում ենք, որ լավ էր, թե վատ, ունեինք բանակ, ունեինք անվտանգության գոտի: Նորերը եկե՞լ էին, թող եղածը բարեփոխեին, դարձնեին ավելի լավը, այլ ոչ թե ամեն ինչ կործանեին:

Մենք ծնողներով ստեղծել ենք այդ հասարակական կազմակերպությունը, որովհետեւ մինչեւ հիմա բոլորին թվում էր, թե հավաքվել են 30-40 ծնող, խնդիրը կմարի կգնա, կձգձգեն, գործեր կհարուցեն: Եռաբլուրն էլ դրա վերջին ակորդը եղավ: Բայց մենք ցույց ենք տալիս, որ մենք կոտրվող չենք: Եվ դա իրենք տեսան: Տեսան, որ որեւէ ձեւով չկարողացան մեզ գնել, որեւէ ձեւով, ինչպես հայտնի տիկինը, մի քանի տուն  է մտնում, նվերներ բաժանում, երեխաներին գրկում է ու ծնողներն էլ ձեռքերը բարձրացրած հետները պարում են, մեր համար կարմիր գիծ է:

Իմացեք, մեր համար կարմիր գիծ է նաեւ Արցախը: Մեր տղաները զոհվել են Արցախի հողի համար, Արցախի հողը իմ համար ավելի սուրբ է, քան իմ բակի հողը, որովհետեւ իմ տղայի արյունն է այնտեղ: Ես սա ասում եմ նաեւ մեր ՀԿ-ի ծնողների անունից, որովհետեւ մենք այդ գաղափարի շուրջ ենք հավաքված:

Իսկ ինչ վերաբերում է արդեն 12 օր Արցախի շրջափակմանը, ես կարծում եմ, որ էլի ամեն ինչ պայմանավորված է ներսից, որովհետեւ տեսնում են` ինչ անում են, Արցախը պայքարում է: Լաչինը, Աղավնոն հանձնելու խնդիր չկար, բայց հանձնեցին: Ինչ պայմաններ դրեցին, արցախցիներն ապրեցին: Հետեւաբար, հիմա էլ ճանապարհն են փակել: Ճանապարհը չի բացվի մինչեւ երկրի իշխանությունները ատամ ցույց չտան: Ես մտածում եմ, որ սա պայմանավորվածություն է, որովհետեւ փոխանակ ճանապարհը բացեն, ասում են խաղաղության պայմանագրի հինգ կետ ենք փոխանցել, եթե համաձայնեն, մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրը կստորագրենք,,,-ասաց նա:

Արա Ռոստոմյանը նաեւ սահմանամերձ շրջանների` Վարդենիսի, Սիսիանի եւ մյուսների բնակիչների վրա է զարմանում: ,, Հանդիպում ենք ծնողների հետ, ասում են. խաղաղություն լինի, լավ կապրենք: Եթե զոհվածների ծնողներն այդպես մտածեն, մյուսներից ի՞նչ ակնկալես: Ախր, եղբայր, թուրքը որ մտնի, ձեր մոտից է մտնելու: Մինչեւ Երեւան հասնի, մենք մեր գլխի ճարը կտեսնենք, ինչ-որ բան կկարողանանք անել: Առաջինը ձեր տուն է գալու, եթե դուք չեք կանգնում ոտքի,,:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031