Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհունակությամբ ենք արձանագրում Հայաստանի մեջ տեղի ունեցող դրական տեղաշարժերը․ ՍԴՀԿ

Դեկտեմբեր 31,2022 13:54
sdhk

2023 տարին դիմավորում ենք բազում մարտահրավերների ընդառաջ: Տոնական այս օրերին, փոխան ջերմ և ուրախ տրամադրությունների, Արցախը արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ՝ ամեն անցնող օր ավելի մեծացնելով մարդասիրական աղետի հավանականությունը:

Բնապահպանական մտահոգության կեղծ պատրվակի տակ քողարկված՝ Ադրբեջանի իշխանությունների այս անմարդկային քայլը միտված է ընկճել և բարոյալքել արցախահայությունը, որ շարունակում է վճռակամ ու անկոտրում կամքով կառչած մնալ իր հողին ու հայրենիքին: Այս առիթով մեր ամբողջական նեցուկն ենք հայտնում արցախահայ մեր քույրերին ու եղբայրներին:

Դժբախտաբար նույնն է պարագան նաև հայաստանյան ճակատի վրա, երբ միայն խոսքերով խաղաղության ձգտող Ադրբեջանը չի դադարեցնում իր ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և շարունակում է բանտարկված պահել հայ ռազմագերիները՝ փորձելով առավելագույն զիջումներ պարտադրել Հայաստանի Հանրապետության:

Հետպատերազմյան անցնող երկու տարիների ընթացքին Ադրբեջանի տակավ շարունակվող սադրիչ գործողությունները և նրանց նկատմամբ միջազգային ընտանիքի և մեր ռազմավարական դաշնակցի հակազդեցությունը եկան մի անգամ ևս հաստատելու այն փաստը, որ մենք ենք մեր միակ ապավենը  ու հայրենիքին սպառնացող վտանգները հաղթահարելու միակ գրավականը մեր միասնականությունն է:

Մյուս կողմից, գոհունակությամբ ենք արձանագրում Հայաստանի մեջ տեղի ունեցող դրական տեղաշարժերը։ Տնտեսության բնագավառում նկատելի աճը առիթ է տալիս կառավարության բարձրացնելու թոշակներն ու աշխատավարձերը` բարելավելով կարիքավոր խավերի ընկերային պայմանները։ Հետևողական աշխատանք է տարվում Հայոց Բանակը արհեստավարժ դարձնելու և նոր ու արդիական զինատեսակներով օժտելու ուղղությամբ։ Փտածությունը (կոռուպցիան) դադարել է համակարգային բնույթ կրելուց, իսկ ժողովրդավարությունը ավելի ու ավելի խոր արմատներ է նետում երկրում։

Գալով Միջին Արևելքի հայկական գաղութներին՝ ցավով պիտի արձանագրենք, որ Սիրիայի և Լիբանանի երբեմնի կենսունակ համայնքները շարունակում են նոսրանալ` իրենց ապրած երկիրներում տիրող քաղաքական ու տնտեսական ծանր պայմանների բերումով, սակայն ի գին ամեն զոհողության՝ տակավին շարունակվում է ազգային կյանքն ու նոր սերնդի հայեցի դաստիարակության սրբազան գործը:

Նոր Տարվա և Ս. Ծննդյան տոների առիթով մեր հայրենիքին և Արցախին մաղթում ենք խաղաղություն և բարեբերություն, իսկ մեր հայրենակիցներին՝ առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ:

ՍԴՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031