«Երեկ Եռաբլուրում էի, այցելել եմ տասնյակ զոհված տղաների շիրիմների։
Մեր ծանոթներն ու մտերիմները, որոնք հարազատներ ունեն Եռաբլուրում, խնդրել էին՝ եթե ճանապարհը չբացվի՝ նրանց շիրիմներին էլ այցելեմ։
Բոլորին այցելել եմ», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում Մատաղիսի մատույցներում զոհված 29-ամյա սպա Սերգեյ Մուրադյանի կինը՝ Աննա Մուրադյանը։
Արցախցի կինը դեկտեմբերի 9-ին էր եկել Հայաստան, Եռաբլուր՝ ամուսնու շիրիմին այցի, սակայն Արցախի շրջափակման պատճառով չի կարողանում վերադառնալ Արցախ։ Այնտեղ նրան են սպասում իր 3 և 6 տարեկան որդիները։
Կարդացեք նաև
Նա պատմեց․ «Երեխաներս, ծնողներս, բարեկամներս, սկեսուրս, ընտանիքս, բոլորն այնտեղ են։ Երեխաներն արդեն գիտեն, որ ճանապարհը փակ է։ Գիտեն՝ ով է փակել, մտածում են, մտահոգվում են։ Իրենք էլ են ելք փնտրում ճանապարհ բացելու։ Պատրաստվում են բարձրանալ Շուշի, ճանապարհ բացել, ասում են՝ ուժեղ զինվորներ լինեն, իրենց հետ գնանք, այդ ճանապարհը բացենք։ Տասն օր հետո հասկացան, որ այդ տարբերակը չի գործում, զանգեց, ասաց՝ մամա, ճանապարհը փակ է մեքենայի համար, ինքնաթիռով չե՞ս կարող գալ։ Երեխաները հասկացան, որ մեր օդային տարածքն էլ է փակ, օդն էլ է փակ։ Մի կերպ համակերպվել են, լիարժեք հասկանում են, որ ճանապարհը փակ է, ու ես անզոր եմ այդ ճանապարհը բացել»։
Հետաքրքրվեցինք՝ այս իրավիճակից ելքը ինչպե՞ս եք պատկերացնում, նա պատասխանեց. «Չգիտեմ, երևի միակ տարբերակը մեզ համար նոր ճանապարհ բացելն է։ Ես միայն դա եմ լուծում տեսնում։ Եթե 20-21 օրվա ընթացքում ելք չգտան՝ ո′չ դիվանագիտական, ո′չ ճնշումներ, ո′չ հայտարարություններ, ուժի կիրառում չեղավ՝ խուսափում ենք պատերազմից: Ես պատերազմ չեմ ուզում, ուստի մտածում եմ, որ մեզ համար նոր ճանապարհ բացելը կլինի լուծում, որ ո′չ առնչվենք, ո′չ շփվենք, ո′չ տեսնենք ու շրջանցենք։ 21 օր ամեն օր սպասում ենք, որ ճանապարհը բացվի, կբացվի՞, արդեն էդ բացելու տարբերակի հույսը մարել է։ Գոնե ճանապարհը արագ սարքեն։ Փառք Աստծո, եղանակը դեռ նորմալ է, ձյուն չէ, անձրև չէ։ Թեկուզ, որ մի կածան էլ բացեն, ոչինչ, մի տարբերակ կգտնենք գնալու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































