Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղաների հուղարկավորման վայրը գիտեն բոլորը, պահանջում ենք, որ աճյունները բերեն, գոնե Եռաբլուրում իմ երեխու տեղն ունենամ»․ անհայտ կորածի մայր

Նոյեմբեր 20,2026 18:00 Share
Աջակցեք aravot.am-ին

1992 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանն ամեն օր սպասում է որդու վերադարձին։

«Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Սամարա Գրիգորյանն ասաց․ «Մյուս տարի արդեն 35 տարին կլրանա, մենք բոլոր դռները ծեծել ենք, ամեն ինչ արել ենք»։

Նա նշեց, որ նախորդ տարիներին, երբ պետությունը քայլեր չէր ձեռնարկում անհայտ կորածների հարցով, ծնողներն իրենք էին աշխատանք իրականացնում։ «Մենք ինքներս մեր ոսկին ներդրել ենք, թուրք ենք բռնել, ուղարկել ենք, որ իմանանք՝ մեր տղան այնտեղ գերության մեջ է, թե չէ։ Վրաստանից էլ ենք մարդ ուղարկել, անգամ իմ հարազատները Կալինինգրադից ադրբեջանցի էին ուղարկել, որ իմանային։ Եվ նրանք պատասխանել էին մեզ, որ եթե դուք եկել եք այդ օրվա մասին տեղեկություն իմանաք, հիմա ձեր վիզն էլ կկտրենք, նրանցն էլ, որոնք այստեղ են, սուս արեք ու գնացեք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Գիտե՞ք՝ հոգեկան ինչ վիճակում հայտնվեցինք այդ տարիներին՝ ամուսինս ինսուլտ տարավ, մեր ծնողներից մեկը մահացավ, մյուսը՝ խելագարվեց։ Դուք չեք պատկերացնում, թե դա ինչ գործընթաց էր, որ մենք ինքներս էինք աշխատանքն անում։ Մենք հիմա սպասում ենք, մեր տղաների հուղարկավորման տեղը գիտեն բոլորը, հրամանատարը կենդանի է։ Եթե աճյունները պիտի տեղափոխեն, առաջին հերթին մերոնց տեղը գիտենք, այն ժամանակ չեզոք գոտի էր, կարող էին բերել, հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Մենք պահանջում ենք, որ աճյունները բերեն, գոնե ես իմ ձեռքով հուղարկավորեմ, Եռաբլուրում իմ երեխու տեղն ունենամ։ Եվ բոլորի անունը գրվի, որ այս տղաները հերոսական մարտ են վարել օդուժի ու զինուժի դեմ »,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել