Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի նվեր-փաթեթներ ազատազրկված անձանց․ «Գորիս» ՔԿՀ-ում նաեւ վկայականներ հանձնվեցին (ֆոտոշարք)

Հունվար 02,2023 15:49

Անազատության մեջ գտնվողների համար Ամանորի առաջին մաղթանքը՝ խաղաղությունից հետո ազատությունն է։ Ազատություն, իրենց ընտանիքներին հնարավորինս շուտ հասնելու ցանկություն՝ սա էր «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանի բարեմաղթանքը մի խումբ ազատազրկված անձանց

Չնայած ճաղավանդակների առկայությանը՝ օրվա տրամադրությունը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տոնական էր․ մի խումբ դատապարտյալներ ստացան վկայականներ։

Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացրեց «Հավասարը՝ հավասարին» ծրագիրը։ Ծրագիրը հնարավորություն տվեց 10 անձի վերամասնագիտանալ․ նրանք բնական հումքից սովորեցին օճառ պատրաստել։

«Ուրախ եմ, որ ցանկություն հայտնեցիք վերամասնագիտանալ, ձեր օրը լցնել։ Համոզված եմ, որ ազատվելուց հետո էլ կկարողանանք օճառ պատրաստել ու եկամուտ ունենալ»,-դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասաց «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը՝ շնորհավորելով նաեւ բոլորի նոր տարին։

Բացի վկայականներից, դասընթացի մասնակիցները ստացան նաեւ տոնական փաթեթներ՝ «Հանուն Ազատության» ՀԿ-ի կողմից։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը, նվերների փաթեթները հնարավորություն դարձավ պատրաստել մասնավոր սեկտորի հետ համագործակցության արդյունքում։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Ոսմար» եւ «Աժդանակ» ընկերություններին, որոնք միշտ մեր կողքին են»,-նշեց Իրինա Մանուկյանը։

Ամանորի նվեր-փաթեթներ են տրվել նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված գրիչների ասեղնագործության ու ծաղկագործության դասընթացների մասնակից դատապարտյալներին եւ «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող այն անձանց, որոնք մասնակցել էին «COVID-19»-ի կանխարգելման դասընթացներին։

Լուսանկարները հրապարակվել են ազատազրկված անձանց համաձայնությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031