Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը ստանձնեց Կապանի եկեղեցու խաչքավորի առաքելությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 06,2023 16:06

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցված Սուրբ ծննդյան պատարագից հետո, ըստ գործող կարգի, տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն։ Պատարագիչը՝ Տեր Խաչատուր քահանան, հրապարակեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը։

Ջրօրհնեքից հետո Տեր Խաչատուրը հայտարարեց, որ այս տարի՝ 2023թ.-ին, եկեղեցու խաչի քավորի պարտականություները համաձայնել է ստանձնել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հոգեւոր հովիվը շնորհակալություն հայտնեց նախորդ տարվա խաչքավորին՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին, որը մասնակցում էր պատարագին։ «Մեր աղոթքը պիտի լինի եկեղեցու բոլոր քավորների ընտանիքների համար, որոնք հանձն են առնում Տիրոջ խաչը վերցնելու իրենց ուսերին եւ անտրտունջ, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը բարձրացավ Գողգոթա, այնպես էլ քավորները տիրոջ օրինակին հետեւելով՝ ողջ տարվա ընթացքում խաչը իրենց ուսերին՝ հոգ կտանեն այս սուրբ տաճարի համար», – ասաց Տեր Խաչատուրը։ Վերջինս երախտապարտ է, որ Ռոբերտ Ղուկասյանը սիրով հանձն առավ Տիրոջ խաչը վերցնելու համար։ «Աստված զորացնի, պահի, պահպանի ձեզ, որ միասին ընթանանք առաջ ու լուծենք ծառացած խնդիրները», – մաղթեց հոգեւոր հայրը։

Սուրբ Եկեղեցու կանոնների համաձայն` Ջրօրհնեքի ժամանակ ընտրված քավորը խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, որը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Խաչն իջեցվում է ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ Մկրտության։ Ապա ջուրն օրհնվում է Ս. Խաչով եւ Մյուռոնով, այնուհետեւ տարվա խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է տուն: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել մյուսներին: Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի եւ մարդկանց նկատմամբ:

Բարդ ժամանակաշրջան ու բազմաթիվ հոգսեր ունեցող Սյունիքում Ռոբերտ Ղուկասյանի կողմից եկեղեցու խաչքավորությունը ստանձնելը, իր իսկ խոսքով՝ «եւս մեկ պատասխանատվություն է ու անչափ պարտավորեցնող»։ «Ասել եմ ու մեկ անգամ էլ կասեմ՝ Սյունիքի ամրության ու հաղթանակների գրավականը միասնությունն ու համախմբվածությունն է։ Այդ միասնության հիմքերից առաջնայինը նաեւ հավատքն է ու Հայ առաքելական եկեղեցին։ Նաեւ այս առումով սիրով համաձայնեցի այս տարի ստանձնել այս պարտավորությունը», – Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Ղուկասյանը։



Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը երեկ մասնակցեց նաեւ Ճրագալույցի պատարագին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031