Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը կարող է փրկել Մոսկվային

Հունվար 24,2023 11:00

Ռուսաստանին եւ Ադրբեջանին պետք է վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պաշտոնական Բաքուն պատկերացնում է բացառապես եռակողմ` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով: Այս ձեւաչափում Ալիեւն իրեն հարմարավետ է զգում, քան` մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Բաքուն ու Անկարան ամեն ինչ արեցին, որպեսզի հեղինակազրկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, այն ներկայացնելով որպես անարդյունավետ:

44-օրյա պատերազմից հետո ստորագրվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն առաջին իսկ օրվանից սկսեց խախտել հենց Ադրբեջանը, սակայն Ալիեւը շարունակում է նախընտրել մնալ այս ձեւաչափի «հովանու» ներքո: Ալիեւ-Պուտին հարաբերությունների մակարդակը, վստահաբար, այստեղ որոշիչ դեր է խաղում, ինչը չի կարելի ասել Փաշինյան-Պուտին փոխհարաբերությունների պարագայում:

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման հարցում գոյություն ունի բավական լուրջ խնդիր` Ռուսաստան-Արեւմուտքի կոշտ հակադրությունը, սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանը պետք է ձգտի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ աշխատանքով, հասնելու նրան, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնվի: Դա, անշուշտ, հեշտ աշխատանք չի լինելու, բայց պետք է փորձել: Ադրբեջանին, որը բոլոր ճակատներում ընդդեմ Հայաստանի կռիվ է տալիս` չպետք է թողնել իր հարմարավետ դաշտում:

Մոսկվան այս վիճակում կարող է ընդդիմանալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ շփումների վերականգնման գաղափարին, սակայն, խոշոր հաշվով, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Ռուսաստանը չի կարող քարկոծել` հանդիսանալով դրա մասնակից պետություն:

Օրերս ուշագրավ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի եւ այնտեղ գտնվող կոմիտեի հետ հումանիտար փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ Բացի Լեռնային Ղարաբաղի թեմայից, նրանք քննարկել էին նաեւ ուկրաինական ճգնաժամի հումանիտար ասպեկտների, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում եւ Մյանմայում կոմիտեի աշխատանքների վերաբերյալ:

Թե՛ շրջափակման մեջ գտնվող Արցախի, թե՛ Լաչինի միջանցքում իրավիճակը, թե՛ ընդհանրապես, Հայաստան-Ադրբեջան բազմաթիվ խնդրահարույց հարցերի քննարկումները պետք է կրկին բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտ:

Դրա համար պաշտոնական Երեւանն ունի բավարար պատճառներ, ու դրանց մասին պարտադիր չէ բարձրաձայնել ու անընդհատ դժգոհել, որովհետեւ բոլոր դժգոհություններին ի պատասխան՝ Մոսկվան ավելի ու ավելի «լոյալություն» է դրսեւորում մեզ համար վճռորոշ հարցերում:

Անցյալ շաբաթ, օրինակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: «Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով տեղաշարժը շուտափույթ կերպով լիարժեք բացելու անհրաժեշտությունը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությամբ: Շեշտադրվել է նաեւ, որ անհրաժեշտ է հասնել փոխադարձաբար ընդունելի լուծումների՝ ուղեկցող բոլոր հարցերի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել համալիր աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցերի շուրջ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Մոսկվան «ընդգծում» է, այլ ոչ թե` Ադրբեջանից պահանջում բացել Լաչինի միջանցքը: Նույն օրը ԵԱՀԿ մշտական խորհրդում հրավիրված հատուկ նիստում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն էլ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արեց «փոխադարձաբար ընդունելի լուծում» գտնել Լաչինի ճգնաժամին: «Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի ու Երեւանի միջեւ քաղաքական տարաձայնությունների պատանդը: Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուս խաղաղապահ զորամիավորման վերահսկողության տակ եւ օգտագործվի այն նպատակներով, որոնք սահմանված են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Կոչ ենք անում մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին բարի կամք դրսեւորել եւ համատեղ գտնել փոխզիջումային տարբերակ՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի շուտափույթ կարգավորման, հանքավայրերի շահագործման պայմանների համաձայնեցման եւ էլեկտրամատակարարման խնդիրների կարգավորման համար»,-նշել էր Լուկաշեւիչը՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է այդ գործում աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով՝ ռուսական կողմը «ինչպես քաղաքական մակարդակով», այնպես էլ «գետնի վրա»՝ շահագրգիռ կողմերի հետ շփումներով ձեռնարկում է «բոլոր հնարավոր քայլերը լարվածությունը թուլացնելու» եւ իրավիճակը կարգավորելու համար: Ըստ Լուկաշեւիչի՝ «կայուն եւ երկարատեւ» լուծումը հնարավոր է միայն «Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածության բոլոր դրույթների անշեղորեն կատարման» պարագայում: «Ցանկացած սադրիչ գործողություններ եւ հրապարակային հարձակում Ռուս խաղաղապահ առաքելության նկատմամբ անընդունելի ենք համարում եւ կարծում ենք, որ այն վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին: Ռուս խաղաղապահներն առանցքային դեր ունեն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հանդիպմանը»,- ասել է Լուկաշեւիչը:

Ինչպես նկատում ենք, Մոսկվայի մտահոգությունները վերաբերում են հակամարտությունում Ռուսաստանի` որպես հիմնական խաղացողի դերի պահպանությանը, ռուս խաղաղապահների տեղակայման հարցին: Նշանակում է, գոնե այս հարցերում ընդդեմ Մոսկվայի քայլերն էլ ավելի են բարդացնելու պաշտոնական Երեւանի վիճակը:

Իսկ Մոսկվան սկսել է ավելի բաց ներկայացնել իր դժգոհությունները, սա արդեն իսկ ակնհայտ է: Ղարաբաղի ներկայացուցիչները օրերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ա. Վոլկովի մասնակցությամբ, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Հիշեցնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանցի գործընկերոջ հետ, Լավրովը պնդեց, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Սակայն նա հստակություն չմտցրեց, թե որն էր լավատեսության պատճառը: Այնուհետեւ, նա ներկայացրեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը. «Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները։ Մենք շատ պարզ բան ենք առաջարկել. խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան»։

Հաջորդ թեման ՀԱՊԿ-ին էր վերաբերում: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դաշինքի անդամ երկրները ժամանակ առ ժամանակ միմյանցից տարբերվող տեսակետներ հայտնում միջազգային զարգացումների վերաբերյալ, Լավրովն ասաց, թե ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, միանման քվեարկելու պահանջ չկա, այս համատեքստում հիշատակեց դիրքորոշումները Ադրբեջանի վերաբերյալ։ «Մեր հայ գործընկերները առաջ էին տանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունություն ապահովելու համար։ Եվ մենք երեւանյան գագաթնաժողովում համաձայնեցրել էինք այդ փաստաթուղթը, առաքելության չափորոշիչները, բայց այն ընդունել չհաջողվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման մասին է, հռետորաբանության, դիրքորոշումների արտահայտման, ապա ամեն ոք իրավասու է անել, ինչ ուզում է։ Իսկ եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, դա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-ինչ հայտարարություններով, հատկապես՝ կոշտ», – նկատեց Լավրովը։

Այստեղ եւս տեսնում ենք, որ Մոսկվան բացահայտորեն չի ցանկանում հակառակվել պաշտոնական Բաքվի քաղաքականությանը: Չհստակեցնելով՝ դաշինքի անդամներից որ երկրներն են խուսափել կոշտ արտահայտվել Ադրբեջանի հասցեին, Լավրովը միաժամանակ պնդեց, թե «ՀԱՊԿ-ը դեռեւս մնում է պատրաստակամ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման»։

Հետաքրքրական էր, որ Լավրովին հարց չէին ուղղել, սակայն նա հարկ համարեց անդրադառնալ նաեւ Եվրամիության դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման մասին։ «Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, եւ ՀԱՊԿ այդ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատեւ կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, եւ երեւի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, եւ վստահությունը ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել», – զգուշացրեց Լավրովը։

Ահա, Երեւանի ուղղությամբ նետված եւս մեկ հստակ հրահանգ Մոսկվայի կողմից` ընդ որում՝ ինքնիշխան պետության նախաձեռնության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԵՄ-ն մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով: Եվ, ի դեպ, նույն տոնայնությամբ մի հայտարարություն էլ արել էր Ալիեւը օրեր առաջ իր հարցազրույցում, կարծիք հայտնելով, թե Ադրբեջանը համաձայնել էր միայն եվրոպացիների նախորդ՝ երկամսյա դիտորդությանը, եւ սպառնացել, թե նրանց նոր, երկարաժամկետ առաքելությունը «տարածաշրջանի անվտանգությանը չի նպաստի»։

Պաշտոնական Մոսկվայի գնահատականները դառնում են զգալի կոշտ։ Հայկական կողմի համար սա ամենեւին էլ դրական իրավիճակ չէ: Մոսկվան ընդդիմանում է Արեւմուտքի հետ կապված նոր նախաձեռնությունների հայկական գաղափարներին, սակայն չի կարող քարկոծել ԵԱՀԿ ՄԽ-ին, որին տարիներ շարունակ ոչ միայն անդամակցել է, այլեւ այդ ձեւաչափում էլ եղել է հիմնական համանախագահող պետությունը, որի հովանու ներքո կազմակերպվել են բազմաթիվ բանակցություններ, ՌԴ-ի կողմից մշակվել են կարգավորման տարբերակներ:

Մոսկվայի վերջին շրջանի հրապարակային դժգոհությունների պատճառը նաեւ այն է, որ միջազգային հանրությունը սկսել է Ադրբեջանի հետ միասին քննադատել Ռուսաստանի պահվածքն Արցախում: Չպետք է մոռանալ, որ ռուս խաղաղապահների որոշակի հեղինակազրկումը` նախեւառաջ Բաքվի նպատակն է` անկախ Ալիեւ-Պուտին ջերմ հարաբերություններից եւ նրանց վերջնականապես Արցախից հեռացնելը:

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին վերադառնալն այս պահին, ինչ-որ առումով նույնիսկ Մոսկվայի համար կարող է փրկօղակ դառնալ` Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում փոքր-ինչ փրկելու առումով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031