Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու նախկին փոխքաղաքապետը չի վերադարձնում պարտքը՝ 64.000 դրամ. քաղաքացին ահազանգել է թեժ գիծ

Հունվար 24,2023 16:59

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ժ.01: 45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդվել է, որ 911 է զանգահարել Սանահին վարչական շրջանի բնակիչ Վահե Ավետյանը և հայտնել, որ Ալավերդու նախկին փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանն իրենից գանձել է մոտ 500.000 դրամ՝ նշված հասցեին կից ավտոտնակը իր վրայի շինությամբ օրինականացնելու համար, սակայն այդպես էլ չի օրինականացրել և այդ շինությունը պետք է քանդվի: Քաղաքացին հայտնել է, որ գումարի մի մասը նախկին փոխքաղաքապետը վերադարձրել է:

Ստացված ահազանգի կապակցությամբ կատարվող ստուգումների ընթացքում նույն օրը Վ.Ավետյանը հաղորդում է տվել, որ իրենց պատկանող, կնոջ անվամբ հաշվառված՝ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող մոտ 42 քմ մակերեսով քարե ավտոտնակի 2-րդ հարկում նույն չափով շինություն կատարելու թույլտվության, մնացած օրինական փաստաթղթերի ձեռքբերման և հետագայում հիշյալ շինության սեփականացման ու օրինականացման նպատակով 2022թ. նոյեմբեր ամսվա վերջերին նախկին փոխքաղաքապետ Ա.Վարոսյանին, վերջինիս պահանջով նրա աշխատասենյակում երկու անգամով ժ.12.00-ի սահմաններում և դրանից շուրջ մեկ ժամ հետո տվել է համապատասխանաբար 267.000 և 180.000 դրամ գումարներ՝ ընդհանուր 447.000 դրամ գումար, հայտնելով, որ այդ պահից կարող է առանց թույլտվության ապօրինի շինարարությունը շարունակել, մեկ շաբաթվա ընթացքում ինքը ապօրինի շինարարության օրինականացման հարցերը կկարգավորի: Սակայն մինչ օրս որևէ հարց չի կարգավորել, հասկացել է, որ իրեն խաբել է և իր տված վերոհիշյալ գումարի որոշ մասը, հետագայում՝ դեկտեմբեր ամսվա վերջերին Ա.Վարոսյանը երկու անգամով իր պահանջով իրեն է վերադարձրել համապատասխանաբար 280.000 և 103.000 ՀՀ դրամ գումարները՝ ընդհանուր 383.000 ՀՀ դրամ գումարը և դեռևս չի վերադարձրել ու խուսափում է վերադարձնել մնացած 64.000 դրամ գումարը:

Վահե Ավետյանը Aravot.am-ին պատմեց, որ ինքը Ոստիկանությունում հաղորդում չի ներկայացրել. «Ուղղակի թեժ գիծ էի զանգել՝ հարցնեմ, սենց սենց, հա: Իրենք միացրին ոստիկանության հետ, ոստիկանությունից ինձ կանչեցին, գնացի, ասացի՝ պարտք ու պահանջ չունեմ, ուղղակի հարց էր, տվել եմ»:

Մեր ճշտող հարցին, թե զանգել էր թեժ գիծ, ինչ հարցներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հարցնեի, որ խոսքի, իրավիճակը ինչ է: Մենք հաշտ էինք, ես բողոք չեմ ունեցել, ուղղակի իմ ապահովության համար ուզում էի իմանալ ինչ կա անելու, մենք արդեն խնդիր էլ չունենք»:

Ալավերդու նախկին փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 64.000 դրամ մինչեւ հիմա էլ պարտք է Ավետյանին, բայց դա ավտոտնակի հարցով չի եղել. «Վահե Ավետյանին ես 64.000 դրամ հիմա էլ եմ պարտք, բայց այդ գումարը լրիվ ուրիշ պատմություն է, ավտոտնակի հետ կապ չունի, պայմանավորվել ենք, որ իրեն պիտի տրվի, ինքն էլ դրան դեմ չէ, առարկություն չունի: Չեմ հասկանում, ինչու է այս ամենը ձեզ հասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արթուր Վարոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031